ՌՈՒԲԵՆ (Տեր-Մինասյան Մինաս) (1882 թ., Ախալքալաք – 1951 թ., Ֆրանսիա),ազգային-ազատագրական շարժման գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Էջմիածնի Գևորգյան, Մոսկվայի Լազարյան ճեմարաններում, Ժնևի համալսարանում: 1903 թ. գործել է Կարսի շրջանում, 1904 թ. Ռազինում (Վարագա լեռան մոտ) Նիկոլ Դումանի խմբում կռվել քրդերի դեմ: 1906-08 թթ. Տարոնում եղել է Գևորգ Չավուշի խմբում, մասնակցել է Սուլուխի կռվին: 1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո հեռացել է Տարոնից: Մասնակցել է ՀՀԴ V (1909 թ., Վառնա) և VII (1913 թ., Կարին) ընդհանուր ժողովներին: 1915 թ.՝ Սասունի ինքնապաշտպանության ղեկավարներից, այնուհետև մի խումբ ֆիդայիների հետ անցել է Կովկաս: 1917-18 թթ.՝ Հայոց ազգային խորհրդի անդամ, զբաղվել է արևմտահայ գաղթականների տեղավորմամբ, ապա՝ Հայաստանի Հանրապետության զինվորական նախարար: Խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո անցել է Զանգեզուր, 1921 թ.՝ Պարսկաստան, այնտեղից Ֆրանսիա (մինչև 1933 թ.): 1933-42 թթ. ապրել է Կահիրեում, 1942-1944 թթ.՝ Պաղեստինում, 1944-47 թթ.՝ Բեյրութում, ապա՝ Ֆրանսիայում: Հեղինակ է մի շարք աշխատությունների: Մասնավորապես իր վավերականությամբ արժեքավոր է «Հայ հեղափոխականի մը հիշատակները» բազմահատոր գիրքը (հ. 1-7, 1952 թ.):

Ա. Ներսիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am