ՌՈԶԲԵՐԻ (Rosebery) Արչիբալդ Ֆիլիպ Փրիմռոզ (1847-1929 թթ.), անգլիական քաղաքական և պետական գործիչ: 1869 թվականից՝ Լորդերի պալատի անդամ, 1886 թ., 1892-94 թթ.՝ արտաքին գործերի նախարար, 1894-95 թթ. պրեմիեր մինիստր: 1894-96 թթ. լիբերալ կուսակցության պարագլուխ: Հայկական հարցում պաշտպանել է եվրոպական տերությունների համատեղ գործողությունների քաղաքականությունը: 1895 թ. ապրիլին Ռոզբերիի կառավարությունը մշակել է Արևմտյան Հայաստանում բարենորոգումների նախագիծ (տե՛ս «Մայիսյան բարենորոգումներ» 1895 թ.), որը մայիսի 11-ին Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը ներկայացրել են Բարձր դռանը: Սուլթանական կառավարությունը փաստորեն մերժեց նախագիծը, և Ռոզբերիի կառավարությունը քննարկեց Օսմանյան կայսրության դեմ բրիտանական նավատորմն օգտագործելու հնարավորությունը, սակայն որոշակի եզրակացության չհանգեց: Հայկական հարցում Ռոզբերիի անվճռական քաղաքականությունը խստորեն քննադատել է Մեծ Բրիտանիայի հասարակայնությունը, և նա ստիպված, հանրային կարծիքի ճնշման տակ, հրաժարական է տվել: Իսկ արդեն որպես լիբերալ կուսակցության ղեկավար պաշտպանել է Հայկական հարցի «անկուսակցականության» գաղափարը, այսինքն՝ հանդես է եկել այն միջկուսակցական պայքարի միջոց դարձնելու դեմ: Ռոզբերին գտնում էր, որ «հայ ժողովրդի կործանումը Մեծ Բրիտանիայի հոգսերի հազարերորդական մասն է... դատարկ բան»: Նրա այդպիսի դիրքորոշումը քննադատեցին լիբերալ կուսակցության անդամները, մասնավորապես՝ Ու. Գլադստոնը, ինչը հանգեցրեց նրա հրաժարականին նաև կուսակցության ղեկավարությունից (1896 թ.): Իսկ 1905 թ. Ռոզբերին վերջնականապես խզեց կապերը լիբերալների հետ և հեռացավ քաղաքական ակտիվ գործունեությունից:

Ս. Կիրակոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am