ՌՈՍՏՈՄ (Զորյան Ստեփան) Աբրահամյան [1867 թ., գյուղ Ցղնա (Երևանի նահանգի Նախիջևանի գավառում) – 1919 թ., Թիֆլիս], հասարակական, քաղաքական գործիչ, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հիմնադիրներից: Սովորել է Թիֆլիսի պետական ռեալական դպրոցում, 1886 թ. ընդունվել Նովոալեքսանդրյան երկրագործական, 1889 թ.՝ Պետրովսկ-Ռազումովսկայա գյուղատնտեսական ակադեմիաները (երկուսից էլ հեռացվել է հեղափոխական գործունեության համար և աքսորվել): Վերադառնալով՝ կարևոր դեր է խաղացել ՀՀԴ կուսակցության 1-ին ընդհանուր ժողովի (1892 թ.) կազմակերպման (գրել է ՀՀԴ կուսակցության առաջին ծրագրի տեսական մասը) և կուսակցության կենտրոնական օրգանի՝ «Դրոշակի» հրատարակության աշխատանքներում: Հեղափոխական գործունեության համար բազմիցս ենթարկվել է ոստիկանության հետապնդումներին: 1898 թ., Թիֆլիսում տեղի ունեցած ՀՀԴ կուսակցության 2-րդ ընդհանուր ժողովում Ռոստոմը պաշտպանել է Օսմանյան կայսրության մեջ բնակվող բախտակից ժողովուրդների հետ համագործակցելու անհրաժեշտությունը: Դեմ է եղել սուլթանի դեմ մահափորձի կազմակերպմանը: Մեծ աշխատանք է կատարել Բուլղարիայում ՀՀԴ կուսակցության ռազմական դպրոցի ստեղծման համար: 1907 թ. հանդես է եկել որպես կուսակցության միասնության պաշտպան: Նրա պահանջով 4-րդ ընդհանուր ժողովում որոշվել է մասնակցել Իրանում սկսված հեղափոխությանը, և այդ նպատակով 1908 թ. անցել է Թավրիզ: 1910-14 թթ. Կարինում եղել է դպրոցների ընդհանուր տեսուչ: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին անցել է Եվրոպա, Ռուսաստան: Ռոստոմը քննադատաբար է վերաբերվել հայկական կամավորական շարժմանը, սակայն, երբ այն արդեն սկսվել է, իրեն հատուկ եռանդով նվիրվել է այդ գործին: 1917 թ. Հոկտեմեբերյան հեղափոխությունից հետո, երբ ռուսական բանակը հեռացել է Արևմտյան Հայաստանից, և թուրքական զավթիչները շարժվել են դեպի Արևելյան Հայաստան, համագործակցել է Ս. Շահումյանի հետ, մասնակցել Բաքվի պաշտպանության կազմակերպմանը: Գործել է Մուրադ Սեբաստացու, Սեպուհի հետ: Հայ-վրացական միջադեպի ավարտին, 1919 թ. հունվարին Թիֆլիսում բանակցել է Վրաստանի կառավարության ղեկավարների հետ՝ ձգտելով հարթել միջադեպը: Մահացել է բծավոր տիֆից:

Գ. Խուդինյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am