ՌՈՐԲԱԽ Պաուլ, գերմանական քաղաքական և հասարակական գործիչ: Գերմանա-հայկական ընկերության նախագահի տեղակալներից: Գրել է մի շարք աշխատություններ՝ նվիրված Մերձավոր Արևելքում Գերմանիայի քաղաքականությանը, որոնցում գնահատել է Արևմտյան Հայաստանի նշանակությունը Գերմանիայի տնտեսական և քաղաքական շահերի տեսանկյունից: «Բաղդադի երկաթուղի» (1902 թ.) աշխատության մեջ հիմնավորել է այդ շինության նշանակությունը Մերձավոր և Միջին Արևելքում Գերմանիայի նվաճողական քաղաքականության դիրքերից, նշել Արևմտյան Հայաստանով այն անցկացնելու նպատակահարմարությունը, որը կնպաստեր այդ տարածաշրջանում Գերմանիայի ազդեցության ամրապնդմանը: Ռորբախը գրել է. «Նա ով տիրում է Հայաստանին, անմիջականորեն տիրում է ինչպես Փոքր Ասիայի արևելյան մասին, այնպես և Միջագետքին» ("Война и германская политика", 1915, с. 63): Ընդգծելով այն կարևոր նշանակությունը, որ ուներ Հայաստանը Օսմանյան կայսրության համար, Ռորբախը շեշտել է. որ «Թուրքիան թե՛ քաղաքական և թե՛ ռազմական առումով կկորցնի իր կենսունակությունը հենց որ կորցնի Հայաստանը, հատկապես եթե այն կորցնի հօգուտ Ռուսաստանի» (նույն տեղում, էջ 62): Ելնելով դրանից՝ Ռորբախը դեմ էր Արևմտյան Հայաստանի անկախությանը, պաշտպանել է այնտեղից հայերի տեղահանության մասին Թուրքիայի իշխող շրջանների ծրագրերը: Նշել է, որ «Արևմտյան Հայաստանից պետք է դուրս անել բնիկ հայերին», իսկ նրանց տեղում բնակեցնել Թրակիայից և Ռուսաստանից բերված մահմեդականների: Եթե այդպես վարվեին, ապա Հայաստանը մեկ հարվածով կպոկվեր Ռուսաստանի ձեռքից»: Ռորբախը առաջարկել է արևմտահայերին գաղթեցնել Միջագետք, ինչը, նրա կարծիքով, կնպաստեր «ճանապարհի տնտեսական զարգացմանը»:

Ս. Ստեփանյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am