ՌԱՅՆԻՍ Յան (Պլիեկշանս Յանիս) (1865-1929 թթ.), լատիշ բանաստեղծ, դրամատուրգ, հասարակական գործիչ: Մեծ է եղել Ռայնիսի հետաքրքրությունը հայ ժողովրդի պատմության ու մշակույթի նկատմամբ: Նա թարգմանել է հայ գրողների ստեղծագործությունները, հրապարակախոսական ելույթներ ունեցել հայ գրականության մասին, ինչը հնարավորություն է տվել լատիշ հասարակայնությանը ծանոթանալ Հայաստանի, նրա բազմադարյան գրականության հետ: Հայ ժողովրդի տառապանքը, նրա գրականությունն ու մշակույթը առավել հանգամանորեն են ներկայացված Ռայնիսի «Ամենադժբախտ երկիրը և ամենադժբախտ ժողովուրդը» ակնարկում (1927 թ.), որտեղ տեղեկություններ կան հայ ժողովրդի պատմության մասին՝ հնագույն ժամանակներից մինչև 1915 թ. ցեղասպանությունը: Խաղաղ հայ բնակչության բնաջնջումը Ռայնիսը համարել է թուրքական կառավարող շրջանների ծրագրված քաղաքականություն, որն իրագործվել է Գերմանիայի հովանավորությամբ: Ըստ Ռայնիսի, Հայկական հարցը «չի կարող հեշտությամբ լուծվել», քանի որ Արևմտյան Հայաստանը «պետք է Եվրոպային՝ ստատուս քվոն պահպանելու համար», իսկ թուրքական իշխանությունները կօգտագործեն այդ իրավիճակը իրենց շահերի համար: Ինչպես նշել է Ռայնիսը, անգամ այն բանից հետո, «երբ ընդունվել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, երբ փոքր, մինչև այժմ ճնշված ժողովուրդները հասել են գոնե տեսական ազատության..., ժամանակակից հայերը և Հայաստանը ոչ միայն առավել ապերջանիկ են, քան առաջ, այլև կարող են համարվել աշխարհի ամենադժբախտ ազգը»: Դրա հետ մեկտեղ Ռայնիսը հայ ժողովրդին բնորոշել է որպես կենսունակ ու քաջարի, որ պահպանել է ազգային կերպը, ոգին և արժանապատվությունը:

Ս. Զաքարյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am