Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Ռամկավար ազատական կուսակցություն (ՌԱԿ)

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՌԱԿ), հայ ազգային կուսակցություն: Հիմնադրվել է 1921 թ. հոկտեմբերի 1-ին Կ. Պոլսում, սահմանադրական ռամկավար կուսակցության, վերակազմյալ հնչակյանների (ազատական կուսակցություն), հայ ժողովրդական կուսակցության սփյուռքում գտնվող անդամների և հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: ՌԱԿ-ի ծրագրում (ընդունվել է 1921 թ.) շարադրված է նրա նպատակք՝ հասնել անկախ հայկական պետականության ստեղծման՝ հիմնված ազատ տնտեսության, մասնավոր սեփականության, անձնական ձեռներեցության, աշխատանքի, դրամագլխի և տաղանդի համագործակցության, քաղաքացիական իրավունքների ազատության և օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության վրա: Հայոց պահանջատիրության մասին ծրագրում ասված է. «...ապահովել և պահպանել միացյալ Հայաստանի անկախությունը, պաշտպանել հայ ազգային քաղաքական, տնտեսական, քաղաքակրթական-մշակութային շահերը ու աշխատել անոնց բարգավաճման... հետապնդել Թուրքիոյ բռնագրավման տակ գտնվող հայոց պատմական հողերուն ազատագրումը և կցումը մայր հայրենիք՝ Սովետ Հայաստանին»: ՌԱԿ-ը գտնում է, որ Հայ դատը պետք է լուծվի բացառապես քաղաքական ու դիվանագիտական միջոցներով: Հետագա տարիներին ՌԱԿ-ի այս տեսակետը փոփոխության չի ենթարկվել:

ՌԱԿ-ի գլխավոր խնդիրն է նաև սփյուռքում ազգապահպանումը, պայքարը ուծացման դեմ, սփյուռքահայ համայնքների և Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդումը, մայր հայրենիքում ազգային համախմբմանը աջակցելը, գաղութահայությանը հյուրընկալ երկրների նկատմամբ հավատարիմ պահելը ևն: ՌԱԿ-ի VII համագումարում (1947 թ.) ընդունած հայտարարության մեջ նշված է, որ կուսակցությունը հավատարիմ է մնում բուրժուական տեսաբանությանը և իդեալներին, որը «սակայն պատճառ մը չէ, որ Ռամկավար ազատականը կորսնցնե իր իրատեսությունը և պայքարի ելլե բոլոր անոնց դեմ, որոնք կը դավանին ընկերային, տնտեսական և քաղաքական տարբեր վարդապետություններ»: Ելնելով դրանից՝ ՌԱԿ-ը քարոզում է խաղաղ գոյակցության գաղափարը, պաշտպանում գաղութացված ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարը: Միաժամանակ գտնում է, որ սփյուռքահայությունը և նրա քաղաքական կազմակերպությունները չպետք է մասնակցեն հյուրընկալող երկրի քաղաքական և ազգային պայքարին, չպետք է խառնվեն նրանց ներքին քաղաքական կյանքին:

1990 թ. օգոստոսի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը: ՌԱԿ-ի Կենտրոնական վարչությունն այդ կապակցությամբ հանդես եկավ հայտարարությամբ, որով ողջունեց «Հայաստանի Գերագույն խորհրդին Հայաստանի Հանրապետության անկախացումի գործընթացի մասին առած պատմական որոշումը», նշելով միաժամանակ, որ այդ Հռչակագրով «հիմը դրած կը տեսնե իր ռամկավարական և ազատական սկզբունքներուն կիրարկման, մասնավորապես ազատ նախաձեռնության վրա հիմնված տնտեսությունը»: Հայկական հարցում հավատարիմ մնալով իր ավանդական դիրքորոշմանը՝ ՌԱԿ-ը հույս է հայտնում, որ Հայաստանի նոր հանրապետությունը «պետք է հիմնական կռվանը հանդիսանա տարագիր հայ ժողովրդի բեկորներուն վերամիավորման ու մեր ազգային բոլոր արդար պահանջներուն ու իղձերուն իրագործման, հայկական ցեղասպանության միջազգային ճանաչումով և պատմական մեր հայրենիքի հողային ամբողջականության վերականգնումով»: ՌԱԿ-ի նախաձեռնությամբ սփյուռքում ստեղծվել և գործում են մեծ թվով մշակութային, բարեգործական, մարզական, կրթական հաստատություններ: ՌԱԿ-ը իր կազմակերպություններն ունի ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում, Եգիպտոսում և այլ երկրներում: Մամուլի կենտրոնական մարմիններն են «Զարթոնք» (Բեյրութ), «Նոր օր» (Ֆրեզնո), «Պայքար» (Բոստոն) թերթերը:

1990 թ. Երևանում հիմնադրվեց Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը (գրանցվել է 1991 թ. հուլիսի 4-ին), հրատարակում է «Ազգ» օրաթերթը:

Լ. Խուրշուդյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am