ՔԱՋԱԶՆՈՒՆԻ (Իգիթխանյան) Հովհաննես Ռուբենի (1868թ., Գանձա-1938թ., Երևան), հասարակական, քաղաքական գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է ՄՊՀ (Մոսկվայի պետական համալսարան) ճարտարագիտության բաժինը: Մասնագիտությամբ քիչ է աշխատել (նրա նախագծով է կառուցվել Բաքվի հայկական Մայր եկեղեցին, այժմ վերացված է):

1904թ-ից ապրել է Բաքվում: 1905-1906թթ-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ, մասնակցել է «Խաղաղարար հանձնաժողովի» (կազմվել էր արյունահեղությունը դադարեցնելու նպատակով) աշխատանքներին: 1911թ-ին ստիպված մեկնել է Թուրքիա, որպեսզի խուսափի դատակոչվելուց, այսպես կոչված՝ «Դաշնակցության գործով»: Եղել է Կ. Պոլսում, ապա անցել Վասպուրական, որտեղ քարոզել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարները: 1914թ-ին վերադարձել է Անդրկովկաս: Դեմ էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասում սկսված հայկական կամավորական շարժմանը: 1917թ-ի վերջին-1918թ-ի սկզբին, ընտրվել է Հայոց ազգային խորհրդի անդամ, ՀՀԴ կուսակցության ներկայացուցիչը Անդրկովկասյան սեյմում: Մասնակցել է Տրապիզոնի և Բաթումի բանակցություններին, ջանացել պաշտպանել հայ ժողովրդի տարածքային շահերը: 1918թ-ի հունիսի 4-ին, ստորագրել է (Ա. Խատիսյանի հետ ) Բաթումի պայմանագիրը: Հայոց ազգային խորհուրդը Քաջազնունուն նշանակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ (1918թ-ի հուլիս-1919թ-ի սկիզբ), որը և կազմել է աոաջին կառավարությունը: 1918թ-ի հուլիսին, կառավարությունը Թիֆլիսից տեղափոխվել է Երևան, 1919թ-ի սկզբին, Քաջազնունու կառավարությունը հրաժարական է տվել: 1919թ-ի փետրվարի 4-ին, Քաջազնունին մեկնել է Եվրոպա և ԱՄՆ՝ Հայաստանի համար օգնություն խնդրելու դաշնակից պետություններից և ԱՄՆ-ից: Այս առաքելությունը շոշափելի արդյունքներ չի տվել: 1919թ-ին մասնակցել է Փարիզի հաշտության կոնֆերանսին: 1920թ-ի սեպտեմբերին վերադարձել է Երևան և նշանակվել Հայաստանի Հանրապետության փոխնախագահ: Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո ձերբակալվել է, ազատվել 1921թ-ի Փետրվարյան ապստամբության ժամանակ: Մասնակցել է Հայրենիքի փրկության կոմիտեի աշխատանքներին, ապա՝ վտարանդի էր: 1921թ-ից հաստատվել է Բուխարեստում: 1923թ-ին հրատարակել է «Հ.Յ.Դաշնակցությունն անելիք չունի այլևս» գրքույկը, որը, սակայն, մերժվել է և՛ գաղափարակիցների, և՛ բոլշևիկների կողմից: 1923թ-ի օգոստոսին դուրս է եկել ՀՀԴ կուսակցությունից: 1924թ-ին դիմել է Խորհրդային Հայաստանի կառավարությանը՝ հայրենիք վերադառնալու խնդրանքով: 1925թ-ից ապրել է Երևանում, աշխատել տարբեր հիմնարկներում, դասավանդել համալսարանում և շինարարական ինստիտուտում, ստացել պրոֆեսորի կոչում, զբաղվել գիտական գործունեությամբ: Նրա գրչին են պատկանում գիտական հոդվածներ, հուշագրություններ, պատմվածքներ: 1937թ-ին անհիմն բռնադատվել է, մահացել է բանտում:


Ե. Գասպարյան


Գրականության ցանկ


«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

Պետրոսյան Գ., Հայաստանի հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920թթ.), Երևան, 2011: 

Հակոբյան Ա., Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները (1918-1920թթ.), Երևան, 2005: 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am