Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Ֆընտըճագի ինքնապաշտպանություն 1915թ.

ՖԸՆՏԸՃԱԳԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1915, Լեռնային Կիլիկիայի Ֆընտըճագ, Դերեքյոյ և Քեշիֆլի գյուղերի հայ բնակիչների գոյամարտը՝ ընդդեմ թուրք ջարդարարների։

1915 թվականի գարնանը թուրքական բռնապետության դեմ ապստամբած զեյթունցի մարտիկների մի խումբ ապաստանել է Ֆընտըճագում, որի բնակիչնեը հայտնի էին դեռևս 1909 թվականի դեպքերից (Ադանայի ջարդի օրերին նրանք հերոսական դիմադրությամբ փրկվել էին կոտորածից): Հուլիսի կեսերին հայ բնակիչները ջախջախել են Ֆընտըճագ ուղարկած թուրք ոստիկանների ջոկատը և խլել նրա զենքերը։ Այնուհետև իրենց միացած Դերեքյոյ ու Քեշիֆլի գյուղերի հայ բնակիչների, ինչպես նաև զեյթունցի մարտիկների հետ (մոտ 3800 մարդ) ֆընտըճագցիները նախապատրաստվել են ինքնապաշտպանության։ Հայերի կռվող ուժի (500 մարդ, ղեկավարներ՝ Վարդևառ Քեհյան, Մինաս Գոլանճյան, Հովսեփ Զեյթունցյան, Նազարեթ Կոջոյան և ուրիշներ) դեմ թուրքական կառավարությունը դուրս է բերել 8000-անոց կանոնավոր բանակ, որին աջակցել են շրջակայքի թուրք բազմահազար բաշիբոզուկները։ Հունիսի 31-ին, հրետակոծելով հայերի դիրքերը, թուրքական բանակը հարավ-արևելքից հարձակվել է գյուղի վրա և կրել զգալի կորուստներ։ Այնուամենայնիվ, շարունակելով հարձակումը, օգոստոսի 1-ին թուրքական գերակշիռ ուժերը ներխուժել են գյուղ, որի անձնազոհ պաշտպանները մարտնչել են մինչև վերջին շունչը։ Հրետակոծումից բռնկած հրդեհը գրեթե ամբողջովին ոչնչացրել է գյուղը: Ողջ մնացածներն աքսորվել են Միջագետքի անապատները։ Հայերը տվել են 2100 զոհ, իսկ թուրքական բանակից սպանվել է մոտ 2000 զինվոր և մի քանի հազար բաշիբոզուկ։ 

Ֆընտըճագցիները 1920 թ. ևս քաջարի դիմադրություն են ցույց տվել քեմալական հրոսակներին։

  

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

Մոնտեվիդեո, Ֆընտըճագ, 1949:

Նորաշխարհյան Լ., Զեյթունը 1914-1921թթ., Ե., 1984:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am