ՕՏՅԱՆ Երվանդ Խաչիկի (1869թ., Կ. Պոլիս – 1926թ., Կահիրե), գրող-երգիծաբան, հրապարակախոս: Սովորել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում: Մամուլում՝ որպես խմբագիր կամ աշխատակից, անողոքաբար ձաղկել է տիրող բարքերը: Օտյանի անունը եղել է թուրքական իշխանությունների համար «անբարեհույս» անձանց ցուցակում: 1896թ-ի օգոստոսին, Կ. Պոլսի հայկական ջարդերի ժամանակ, նա գաղտնի հեռացել է քաղաքից: Եղել է Աթենքում, Կահիրեում, Փարիզում, Վիեննայում, Լոնդոնում, Բոմբեյում: 1908թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո, վերադարձել է Կ. Պոլիս: 1915թ-ի Մեծ եղեռնի ժամանակ, աքսորվել է Դեյր Էզ Զոր: Հրաշքով փրկվելով՝ 1918թ-ին վերադարձել է Կ. Պոլիս, 1922թ-ին տեղափոխվել Բուխարեստ, 1924թ-ին՝ Տրիպոլի (Լիբանան), 1925թ-ին՝ Կահիրե:
Օտյանը հրատարակել է մի շարք երգիծական պարբերականներ («Ազատ խոսք», «Ազատ բեմ», «Կրակ», «Կառափնատ», «Սև կատու», «Մանանա», «Ւգնատ աղա», «Երգիծական տարեցույց»), հարստացրել է հայ արձակի գանձարանը նոր ու ծանրակշիռ ներդրումով. ֆելիետոններ, պամֆլետներ, երգիծավեպեր (անզուգական է «Ընկեր Բ. Փանջունի» եռամաս գործը): Ուրույն տեղ ունեն Օտյանի «Ապտյուլ Համիդ և Շերլոք Հոլմս» (1911թ.) և «Սալիհա հանմ կամ բանակը բռնավորին դեմ» (1921թ.) պատմաարկածային-դետեկտիվ վեպերը, որոնք պատկերում են համիդյան արյունոտ բռնապետության դեմ մղվող պայքարը և հագեցված են ազատության, հայրենասիրության, ազգերի հավասարության ու համերաշխության, մարդասիրության գաղափարներով:
Ճանաչողական և գեղարվեստական արժանիքներ ունեն նրա «Նոր հարուստներ» (1919-1920թթ.), «Թիվ 17 խաֆիեն» (հ. 1-4, 1919-1921թթ.), «Կավե հերոսներ կամ մեր ազգայինճիները» (1921թ.), «Հայ Տիասբորան» (1924-1925թթ.) և այլ «թերթոնային» վեպերն ու վեպ-ժամանակագրությունները: Ականատես և դեպքերի մասնակից գրողն անդրադարձել է առաջին աշխարհամարտի և հայերի ցեղասպանության տարիների իրադարձություններին, հայ ժողովրդի ողբերգական ճակատագրին, իսկ հայ սփյուռքին նվիրված «Հայ Տիասբորան» առաջին լայնահուն վեպում գեղարվեստորեն համոզում է, որ հայապահպանության երաշխիքը հայրենադարձությունն է:
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am