Նուբար Փաշա. Նուբարյան (1825, Զմյուռնիա-1899), պետական-քաղաքական գործիչ (Եգիպտոս): Նուբարյաններ հայ գերդաստանից: Ծննդավայրում ավարտելով հայկական դպրոց՝ տեղափոխվել է Եգիպտոս: Ուսումը շարունակել է Փարիզում: Վերադառնալով Եգիպտոս՝ 1850-ից անցել Է պետական ծառայության, վարել բարձր պաշտոններ (1878-79, 1884-89, 1894-1895-ին վարչապետ): Կազմավորվող ազգային բուրժուազիայի շահերից ելնելով՝ իրականացրել է մի շարք առաջադիմական բարեփոխումներ:

Նուբար Փաշան զբաղվել է ինչպես Եգիպտոսի հայ գաղութի, այնպես էլ ամբողջ հայ ժողովրդի քաղաքական ճակատագրի, մշակույթի ու լուսավորության հարցերով: Գլխավորել է գաղութահայ ազգային-թեմական իշխանությունը, սատարել Թուրքիայից Եգիպտոս անցած հայ տարագիրների օգնության գործին, նպաստել ու դրամական միջոցներ տրամադրել պարբերականների հրատարակմանն ու դպրոցների հիմնադրմանը, կազմակերպել հայ մատենագիրների ֆրանսերեն թարգմանությունն ու հրատարակությունը և այլն: 1878-ին կազմել և Բեռլինի կոնգրեսին է հղել թուրքական տիրապետության տակ գտնվող հայերի վիճակի բարելավման իր ծրագիրը, որը, սակայն, չի ներկայացվել կոնգրեսին: Նուբար Փաշայի ծրագիրը ելնում էր այն հիմնական դրույթից, որ հայերը քաղաքական անկախության չեն հավակնում, բայց պահանջում են քաղաքացիական ազատություններ ու իրավունքներ, որոնք կապահովեին նրանց անվտանգությունը, գույքի անձեռնմխելիությունը: Նուբար Փաշան գտնում էր, որ թուրքական կառավարության նախաձեռնած նախորդ բարեփոխումները տարբեր պատճառներով անցել են ապարդյուն: Բարենորոգումների հաջողությունն ապահովելու համար ծրագրի հեղինակը գտնում էր, որ անհրաժեշտ է ունենալ մի ընդհանուր կառավարիչ, որը լիներ հայ, հաստատվեր սուլթանի կողմից և ստանար եվրոպական պետությունների հովանավորությունը: Ընդհանուր կառավարչի ղեկավարությամբ պետք է իրականացվեր 3 կարևորագույն բարեփոխում, կառավարչին կից պետք է ստեղծվեր պահակազոր, թալանի ու ասպատակությունների դեմն առնելու համար, դատական բարեփոխում, որը ստեղծեր անձի ու գույքի ապահովություն, հարկահավաքման համակարգի փոփոխություն, երբ հայերը պետք է իրավունք ստանային գանձել իրենց տուրքերը նահանգի դպրոցական ու հոգևոր հաստատությունների ծախսերը հոգալու համար: Նուբար Փաշայի ծրագիրը շատ ավելի չափավոր Էր, քան Ներսես Վարժապետյանի Բեռլինի կոնգրեսին ներկայացված ծրագիրը: Սակայն թուրքական վարչակարգի պայմաններում անհնար էր նույնիսկ նման չափավոր ծրագրի իրականացումը:

Գ. Խուդինյան
Գրականությնա ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.: 

Նուբար Փաշա, «Մեկ քանի նոթեր Հայաստանի վարչության մեջ մտցվելիք բարենորոգմանց մասին», «Անահիտ», 1899, N 4:

Բերտրան է., Նուբար Փաշա (1825- 1899), ԿՊ, 1910:
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am