-Կուզէի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, յաղթութեան թեւերի վրայ,զօրքերիս գոռ աղաղակների մէջ: Սակայն ուր էլ եւ ինչպէս էլ մեռնեմ, թող սիւնեաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լերան սրտի մէջ ամփոփեն իմ մի բուռ աճիւնը:

... Ուր եւ երբ էլ մեռնեմ, հաւատա, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնութեան պիտի փութայ իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակները առաջնորդ է:

Զինուոր զաւակդ` Նժդեհ, 1937թ., Սոֆիա

ՆԺԴԵՀ (Տեր-Հարությունյան Գարեգին) [01.01.1886 թ., գ. Կզնուտ (Նախիջևանի գավառում) – 21.12.1955 թ., ք. Վլադիմիր), ռազմական, քաղաքական և պետական գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Նախիջևանի քաղաքային դպրոցում, Թիֆլիսում ավարտել միջնակարգ դպրոց (1902 թ.), ապա ընդունվել Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1904 թ. դուրս է եկել), 1907 թ. ավարտել է Սոֆիայի սպայական դպրոցը: 1909 թ. Կովկասում ցարական ոստիկանությունը ձերբակալել է Նժդեհին: 1911 թ. անցել է Բուլղարիա: 1912 թ. Անդրանիկի հետ կազմակերպել է հայկական կամավորական գունդ, որը բուլղարական բանակի շարքերում 1913 թ. մարտնչել է Թուրքիայի դեմ: Բարձր գնահատելով հայերի ծառայությունը Բալկանյան պատերազմում՝ բուլղարական կառավարությունը Նժդեհին արժանացրել է սպայական խաչի: 1914 թ. տեղափոխվել է Թիֆլիս, զինվորագրվել հայկական կամավորական շարժմանը, նշանակվել կամավորական 2-րդ գնդի հրամանատարի տեղակալ: 1916 թ. անցել է (կամավորական գնդերը ցրելուց հետո) Ալեքսանդրապոլ: 1918 թ. մայիսին մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին. Հայաստանի Հանրապետության ստեղծման առաջին իսկ օրվանից զբաղվել է ազգային բանակի կազմակերպման և ուսուցման գործով: 1919 թ. օգոստոսից՝ Զանգեզուրում զինված ուժերի հրամանատար: Զորավարական տաղանդը դրսևորել է հատկապես 1919 թ. նոյեմբերին Զանգեզուրի վրա հարձակման ժամանակ թուրք-թաթարական զորքերին կազմակերպված դիմադրություն ցույց տալիս (այստեղ ստացել է գնդապետի կոչում): Նժդեհը չի ընդունել Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև 1920 թ. օգոստոսի 10-ին կնքված համաձայնագիրը (որով կարմիր բանակը գրավելու էր Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը) և շարունակել է պայքարը, իսկ հոկտեմբերի 10-ին սկսվել է համազանգեզուրյան ապստամբությունը Նժդեհի գլխավորությամբՆոյեմբերի 21-ին կարմիր բանակը պարտված հեռացել է Գորիսից: 1920 թ. դեկտեմբերի 25-ին ընտրվել է «Ինքնավար Սյունիքի» (Լեռնահայաստանի Հանրապետություն) սպարապետ՝ դիկտատորի լիազորություններով: 1921 թ. Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո, հուլիսին Նժդեհը անցել է Պարսկաստան, ապա՝ Բուլղարիա, բնակվել Սոֆիայում, 1933-34 թթ.՝ ԱՄՆ-ում, որտեղ հիմնել է «ցեղակրոն» շարժումը: 1944 թ., երբ խորհրդային բանակը մտել է Բուլղարիա, Նժդեհին ձերբակալել են, տեղափոխել ԽՍՀՄ, դատապարտել 25 տարվա բանտարկության: 1948 թ. Երևանից տեղափոխել են Վլադիմիր քաղաքի (ՌԽՖՍՀ) բանտը, որտեղ և մահացել է: 1983 թ. աճյունը (գաղտնի) տեղափոխվել է Հայաստան և Նժդեհի կտակի համաձայն, մի մասը ամփոփվել Խուստուփ լեռան (Կապան) լանջին,մյուսը՝ Սպիտակավոր եկեղեցու մոտ (ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտ):

Տաթևի վանքի, որը եղել է Լեռնահայաստանի Հանրապետության ղեկավարի նստավայրը, բակում կանգնեցվել է (2003 թ.) Նժդեհի հուշարձանը: Նժդեհի անունով Երևանում կոչվել են հրապարակ, փողոց, մետրոպոլիտենի կայարան:

Կ. Սարդարյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

Տե՛ս ավելին

Ավո, Նժդեհ. Կեանքն ու գորձունէութիւնը, Բեյրութ, 1968:

Առաքելյան Վ., Նժդեհ, Երևան, 1989:

Գեվորգյան Վ., Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921 թթ.), Երևան, 1991:

Լալայան Մ., Գարեգին Նժդեհ (Կյանքը և գործունեությունը), Երևան, 1995:

Ղազախեցյան Վ., Նժդեհը Զանգեզուրում. 1920 թ. վերջ – 1921 թ. հուլիս, Երևան, 2001: Գարեգին Նժդեհ, կենսագրական յաւելումներ, անտիպ գրութիւններ ու խորհրդածութիւննեի, Երևան, 2005:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am