«ՆԵՄԵՍԻՍ», գործողություն, որի նպատակն էր ահաբեկման միջոցով պատժել 1915 թ. հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրքական պարագլուխներին [կոչվել է վրեժխնդրության հին հուն աստվածուհի Նեմեսիսի (Նեմեզիս, Նեմեսես) անունով]: Առաջին համաշարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից (1918 թ.) հետո երիտթուրքական կառավարության ու կուսակցության պարագլուխները գերմանական սուզանավով դուրս են բերվել Կ. Պոլսից և տարվել Գերմանիա: Օսմանյան կայսրության 1918 թ. դեկտեմբերի 16-ի դեկրետով «Միություն և առաջադիմություն» կուսակցության և թուրք, կառավարության պարագլուխներ Թալեաթը, Էնվերը, Նազիմը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ մեղադրվել են Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու, հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու մեջ և հեռակա դատապարտվել մահվան (տե՛ս Երիտթուրքերի դատավարություն 1919-20 թթ.): 1919 թ. Երևանում ՀՀԴ կուսակցության IX ընդհանուր ժողովը որոշում է ընդունել ի կատար ածել երիտթուրքական պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները: «Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են Պատասխանատու մարմին (ղեկավար՝ Արմեն Գարո) և Հատուկ ֆոնդ (ղեկավար՝ Շահան Սաթճակլյան): Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործելու էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը: Հանցագործներին հայտնաբերելու գործը ղեկավարելու էր Հրաչ Փափազյանը, որը որպես թուրք ուսանող կարողացել էր թափանցել երիտթուրքական վտարանդիական բարձր շրջաններ: «Նեմեսիս» գործողությունը նախապատրաստվել է մանրամասն: Գործողության կազմակերպչական կենտրոններն էին «Ճակատամարտ» (Կ. Պոլիս) և «Դրոշակ» (Բոստոն) թերթերի խմբագրատները: Վրիժառուների խմբերը (յուրաքանչյուրում՝ 3-5 մարդ) հետապնդում էին կոնկրետ հանցագործին և հարմար պահին դատավճիռն ի կատար ածում: «Նեմեսիս»-ի ընթացքում կատարվել են վրեժխնդրական հետևյալ գործողությունները.

1921 թ. մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում սպանել է Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին: 1921 թ. հունիսին Բեռլինում կայացել է Ս. Թեհլիրյանի դատավարությունը, և դատարանը արդարացրել է նրան:

1921 թ. դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է երիտթուրքական կառավարության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին:

1922 թ. ապրիլի 17-ին Ա. Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին և «Թեշքիլաթ-ը մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին (սպանվել է նաև նրա թիկնապահներից մեկը):

1922 թ. հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին. այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը:

Հայ վրիժառուները հետապնդել են նաև Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերին, որին հաջողվել էր Գերմանիայից Բաքվով անցնել Միջին Ասիա: Այստեղ նա ղեկավարել է հակախորհրդային բասմաչական շարժումը, սպանվել է կարմիր բանակի զորամասերից մեկի հետ (որի հրամանատարներից էր Հակոբ Մելքումովը) զինված ընդհարման ժամանակ:

Հայ վրիժառուներին չի հաջողվել գտնել երիտթուրքական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Նազիմին: Սակայն տարիներ անց նա Գերմանիայից վերադարձել է Թուրքիա, անհաջող մահափորձ կատարել Մ. Քեմալի դեմ, ինչի համար և մյուս դավադիրների հետ մահապատժի է ենթարկվել:

Բացի երիտթուրքերի պարագլուխներից հայ ահաբեկիչները վերացրել են Ադրբեջանի մուսավաթական կառավարության մի քանի գործիչների, որոնք մեղադրվում էին 1918 թ. սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային կոտորած կազմակերպելու մեջ: 1920 թ. հունիսի 19-ին Ա. Երկանյանը Թիֆլիսում սպանել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկուն, իսկ 1921 թ. հուլիսի 19-ին Միսաք Թոռլաքյանը Կ. Պոլսում գնդակահարել է Շուշիի հայերի ջարդերի կազմակերպիչ, Ադրբեջանի ներքին գործերի նախկիննախարար Բեհբուդ խան Ջվանշիրին: «Նեմեսիս» գործողության իրականացման ընթացքում չի տուժել ոչ մի պատահական մարդ:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am