ՆԱԶԱՐԲԵԿ (Նազարբեկյան) Ավետիս Վարդանի (1866 թ., Թիֆլիս – 1939 թ., Մոսկվա), հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս: Հնչակյան կուսակցության հիմնադիրներից: Թիֆլիսում ավարտել է գիմնազիան, սովորել Պետերբուրգի և Փարիզի (Սորբոնի) համալսարաններում: 1886-87 թթ. աշխատակցել է Մ. Փորթուգալյանի «Արմենիա» հանդեսին, սակայն, չհամակերպվելով նրա լիբերալ-բուրժուական ուղղության հետ, հեռացել է, այնուհետև Ժնևում կազմակերպել սոցիալիստական գաղափարախոսությունն ուսումնասիրող ուսանողական խմբակ: Ժնևում մասնակցել է Գ. Պլեխանովի «Աշխատանքի ազատագրություն» խմբի հավաքներին: 1887 թ., կովկասահայ մի խումբ ուսանողների հետ հիմնադրել է «Հնչակ» թերթը և հնչակյան կուսակ ցությունը, մասնակցել կուսակցության ծրագրի (հրատարակվել է 1888 թ.) մշակմանը, որում առաջնահերթ խնդիրն էր ճանաչվում Արևմտյան Հայաստանի ազատագրումը թուրքական լծից, Հայաստանի միավորումը մեկ միասնական անկախ հանրապետության մեջ:

Նազարբեկը մեծապես նպաստել է հայ իրականության մեջ մարքսիզմի գաղափարների տարածմանը: Հիմնադրել է «Սոցիալիստական գրադարան» մատենաշարը, հայերեն թարգմանել Կ. Մարքսի, Ֆ. Էնգելսի, Գ. Պլեխանովի, Ֆ. Լասսալի, Պ. Լաֆարգի երկերը: Հայկական պարբերական մամուլի (այդ թվում՝ իր խմբագրած «Գաղափար», Աթենք, «Ապտակ», Աթենք, ապա՝ Լոնդոն ևն) էջերում հրատարակել է հոդվածներ՝ պաշտպանելով սոցիալիստական գաղափարախոսությունը: Անձամբ ճանաչել է Ֆ. Էնգելսին, Ժ. Ժորեսին, Պ. Լաֆարգին, Կ. Կաուցկուն, Վ. Լենինին, Ս. Շահումյանին: Հեղինակ է գեղարվեստական ստեղծագործությունների (Լեռենց գրական անունով), որոնցում նկարագրել է հայ ժողովրդի ծանր վիճակը, կոչ արել ազատագրական պայքարի: 1923 թ. Փարիզից անցել է ԱՄՆ, ընդունվել կոմկուսի շարքերը, նպաստել ձախ հնչակյանների միավորմանը այդ կուսակցության հետ (կազմել է հայկական մասնաճյուղ): Մասնակցել է ՀՕԿ-ի աշխատանքներին: 1934 թ. տեղափոխվել է ԽՍՀՄ:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am