ՆԱԽԻԶԵՎԱՆ, Նախճավան, քաղաք, գավառ, երկրամաս, վարչատարածքային միավոր (այժմ՝ Նախիջևանի Հանրապետություն՝ Ադրբեջանի կազմում): Հնագույն ժամանակներից Նախիջևանը եղել է Հայաստանի անբաժան մասը, տարածքը համապատասխանում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախճավան և Գողթն գավառների, մասամբ՝ Այրարատի և Սյունիքի մի շարք գավառների տարածքին: Նախիջևանի բնիկ հայ բնակչությունը զբաղվել է երկրագործությամբ, առևտրով, արհեստներով, ունեցել է իր հոգևոր կենտրոններն ու դպրոցները, ստեղծել հարուստ մշակույթ: Մահմեդական տարրը Նախիջևանում հայտնվել է երկրամասը արաբների ապա սելջուկյան թուրքերի կողմից նվաճելուց հետո (VII-XI դդ.):

XVI-XVIII դդ. Նախիջևանը Սեֆյան Իրանի տիրապետության տակ էր: XVIII դ. կեսին կազմվել է Նախիջևանի խանությունը, որը գոյատևել է մինչև 1828 թ., երբ 1826-28 թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո կնքված Թուրքմենչայի պայմանագրով միացվել է Ռուսաստանին ու Երևանի խանության և Օրդուբադի օկրուգի հետ կազմել նորաստեղծ Հայկական մարզը: Հետագա վարչական բարեփոխումների հետևանքով Նախիջևանը մտցվել է Երևանի նահանգի կազմի մեջ:

1917 թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո Նախիջևանում հաստատվեցին Ռուսաստանի ժամանակավոր կառավարության մարմինները: 1918 թ. հունիսին՝ Հայաստանի Հանրապետության դեմ հարձակման ընթացքում (տե՛ս Թուրքական արշավանք Անդրկովկաս 1918 թ.) թուրքական զորքերը ներխուժել են երկրամաս, սակայն Ապրակունիսի մոտ պարտություն կրել Անդրանիկի զորաջոկատի կողմից: Ստանալով համալրում և նաև տեղի ադրբեջանցի բնակիչների ու մուսավաթականների աջակցությամբ թուրքերը 1918 թ. հուլիսի վերջին գրավեցին Նախիջևանը: Բայց առաջին աշխարհամարտում պարտություն կրելուց հետո Թուրքիան ստիպված էր դուրս բերել իր զորքերը Անդրկովկասի գրավված շրջաններից, այդ թվում և Նախիջևանից (1918 թ. դեկտեմբեր): Թուրքական զորքերի հեռանալուց հետո մուսավաթականները Նախիջևանում ստեղծեցին, այսպես կոչված, «Արաքսի հանրապետությունը»՝ Ադրբեջանի հանրապետությանը ենթակա պետական մի կազմավորում: Հայաստանի Հանրապետությունը, չհաշտվելով Նախիջևանի կորստի հետ, 1919 թ. մայիսին ռազմական գործողություններ ծավալեց Նախիջևանում գտնվող ադրբական զորքերի դեմ և վերագրավեց երկրամասը. «Արաքսի հանրապետությունը» վերացվեց:

1920 թ. հուլիսին Նախիջևան մտան Խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի զորամասերը և երկրամասում հաստատվեց խորհրդային իշխանություն: 1921 թ. մարտին Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված պայմանագրի (տե՛ս Մոսկվայի պայմանագիր 1921 թ.) համաձայն, Նախիջևանի մարզը Թուրքիայի պահանջով միացվեց Խորհրդային Ադրբեջանին: Հայ ժողովրդի թիկունքում ստորագրված այդ պայմանագրի 3-րդ հոդվածում ասված է. «Երկու պայմանավորվող կողմերը համաձայն են, որ Նախիջևանի մարզը... կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի երրորդ պետության» («Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում», 1972 թ., էջ 501): «Երրորդ պետություն» պայմանավորվող կողմերը նկատի ունեին Հայաստանը: Այսպիսով, օգտվելով Խորհրդային Ռուսաստանի հակահայկական դիրքորոշումից, քեմալական Թուրքիան Հայաստանից զավթեց ոչ միայն Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, այլև հասավ այն բանին, որ Նախիջևանի մարզն էլ տրվեց Ադրբեջանին: 1923 թ. փետրվարին ստեղծվեց Նախիջևանի ինքնավար երկրամասը, որը 1924 թ. փետրվարին վերակազմվեց Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության՝ Ադրբեջանի ԽՍՀ կազմում: Խորհրդային իշխանության գոյության տարիներին Ադրբեջանի իշխանությունները լիովին հայաթափեցին Նախիջևանը: Եթե 1917 թ. Նախիջևանում բնակվում էր 53,9 հզ. հայ (ամբողջ բնակչության մոտ 40 %-ը), ապա արդեն 1926 թ. հայերի թիվը կազմեց 11,2 հզ.: Հետագա տարիներին ևս շարունակեց նվազել հայերի թիվը Նախիջևանում: Մնացած հայերը Նախիջևանը լքեցին 1988 թ. վերջին, երբ վերստին բարձրացվեց Լեռնային Ղարաբաղը մայր հայրենիքին՝ Հայաստանին վերամիավորելու խնդիրը, և հալածանքներից խուսափելու համար Նախիջևանի հայերը գաղթեցին Հայաստան և այլուր:

Կ. Խուդավերդյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am