ՆԱԹԱՆՅԱՆՆԵՐ, քաղաքական և մշակութային գործիչների ընտանիք: Առավել հայտնի են.

Կարապետ Նաթանյան (1834 - 1930 թթ.), եղել է Վանի քաղաքագլուխ, բարելավել է կրթական գործը, փորձել է ստեղծել հայ-քրդական համերաշխություն: 1915 թ. Կարապետը Պոլսում ձերբակալվել է հայ մյուս մտավորականների հետ, աքսորվել, սակայն կենդանի է մնացել, վերադարձել է, 1918 թ. հաստատվել Կ. Պոլսում:

Պողոս Նաթանյան (մոտ 1856 թ. - մոտ 1886 թ.), հոգևորական, գրող: Իր գրքերում կարևոր տեղեկություններ է տալիս Թուրքիայի հայաբնակ վայրերի և Արևմտյան Հայաստանի բնակավայրերի, բնակչության կենցաղի, հայերի նկատմամբ թուրք-քրդական հալածանքների մասին, ինչի համար թուրքական իշխանությունները նրան նետել են բանտ, որտեղ և մահացել է:

Գաբրիել Նաթանյան (1862-1905 թթ.), քաղաքական գործիչ, Արմենական կազմակերպության հիմնադիրներից:

Մարկոս Նաթանյան (1862 թ. -1927 թ. կամ 1928 թ.), հրապարակախոս, ուսուցիչ, արմենական կուսակցության գործիչ: 1915 թ. ձերբակալվել է հայ մյուս մտավորականների հետ, սակայն կենդանի է մնացել: Հեղինակ է պատմական, բանասիրական, ճանապարհորդական և մանկավարժական հոդվածների:

Միքայել Նաթանյան (1867-1954 թթ.), հրապարակախոս, գրող, արմենական կուսակցության անդամ: Նախնական կրթությունը ստացել է Արարատյան միացյալ, ապա՝ Վասպուրականի Կեդրոնական վարժարաններում (1879-85 թթ.): 1887-91 թթ. աքսորական (Կոնիա), 1891-96 թթ. վերադարձել է Վան, 1896 թ. անցել Կովկաս, 1897 թ. բանտարկվել է Մետեխում (Թիֆլիս), 1899-1904 թթ.՝ սովորել Նանսիի (Ֆրանսիա) երկրագործական բարձրագույն դպրոցում, 1904 թ. հաստատվել է Եգիպտոսում: Եղել է վարժարանների տեսուչ: 1919 թ. նշանակվել է փետրվարի 28-ին Հալեպում տեղի ունեցած հայկական կոտորածների գործը քննող հանձնաժողովի անդամ, որի տրամադրած նյութերով անգլիական զինվորական իշխանությունները մահվան են դատապարտել ոճրագործներին: Կիլիկիայի հայաթափությունից (1920-ական թթ. սկզբին) հետո հաստատվել է Կահիրեում: 1921 թվականից վարել է կուսակցական պաշտոններ՝ որպես ՌԱԿ-ի անդամ: Գրի է առել Արմենակ Եկարյանի հուշերը (հրատ. 1947 թ.), հավաքել և մամուլում հրատարակել է Միհրան Տամատյանի նամակներն ու վավերագրերը:

Հ. Պողոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am