ՆԱԻՄ (Naim) բեյ, թուրք պաշտոնյա: 1915-17 թթ. Հալեպում եղել է հայերին տեղահանող տեսչության գլխավոր քարտուղար: Տեսչությանը հանձնարարված էր Դեյր Էզ Զորի անապատ արտաքսել Արևմտյան Հայաստանից և Օսմանյան կայսրության տարբեր վայրերից Հալեպ աքսորված հայերին: Նաիմը դարձել է հայերի նկատմամբ կատարվող հանցագործությունների և ցեղասպանության ականատեսը, խուսափելով կատարել հայերին աքսորելու հրամանները՝ փրկել է շատ հայերի և պաշտոնանկ արվել: Պաշտոնի բերումով Նաիմի ձեռքով անցել են հայերի ոչնչացման վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր, այդ թվում Թալեաթի ծածկագիր հեռագրերը: Երբ 1918 թ. անգլիական զորքերը մտել են Հալեպ, հայերին ոչնչացնելու մեջ մեղք ունեցող բոլոր թուրք պաշտոնյաները փախել են Հալեպից: Նաիմը մնացել է Հալեպում, որտեղ նրան հանդիպել է եղեռնից փրկված Արամ Անտոնյանը: Նաիմը Անտոնյանին է հանձնել գաղտնի փաստաթղթեր և իր հիշողությունները, որոնք 1920 թ. հրատարակվել են անգլերեն (The Memoirs of Naim Bey. Turkish Official Documents Relating to the Deportations and Massacres of Armenians. Compiled by Aram Andonian, 1920) և ֆրանսերեն (Փարիզում): Գրելով հայերի ոչնչացման մասին՝ Նաիմը նշում է. «Հայոց եղերական տարագրության և սպանության խնդիրը, որ թուրք անունը մարդկութեան յաւիտենական անէծքին արժանի կը դարձնէ, անանկ կը կարծեմ թէ համաշխարհային պատմութեան մինչեւ այսօր արձանագրած զարհուրելի դեպքերէն ոչ մէկուն կը նմանի» (Նաիմ բեյի հիշողությունները Ա. Անտոնյանի «Մեծ ոճիրը» գրքում, 1990 թ., էջ 19):

Ռ. Սահակյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am