ՄՈՒՇ քաղաք և գավառակ Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մշո գավառում: Գրավում էր Տարոնի (Մշո) դաշտի մեծագույն մասը: Արևմտյան Հայաստանի խիտ բնակեցված շրջաններից էր: XVI դարի 1-ին կեսին օսմանյան նվաճումը խիստ ծանր անդրադարձավ Մուշի էթնոազգագրական վիճակի վրա: Քրդական քոչվոր ցեղերի մուտքը, մշտական ընդհարումները նրանց միջև, ազգային և կրոնական հալածանքը, բռնությունները ստիպել են հայ բնակչության մի ստվար հատվածի հեռանալ այստեղից: Աղետալի էր նաև մինչև XIX դ. 1-ին կեսը գործող «ղշլաղային» համակարգը` հայկական գյուղերում բնակչության հաշվին քոչվորների ձմեռելը: Ի հետևանք այդ բարբարոսական սովորության, արդեն XVIII դվերջին – XIX դ. սկզբին Մուշի շատ գյուղեր լիովին լքվել են հայերից, ամայացել: Զգալի թվով հայեր էլ գաղթել են 1928-29-ի ռուս - թուրքական պատերազմից հետո (հիմնականում` Արևելյան Հայաստան): 1830-ական թվականներից թուրքական կառավարությունը, ելնելով տնտեսական և քաղաքական շահերից, Մուշի լքյալ գյուղերում բնակեցրել է քրդերի՝ էապես փոխելով բնակչության ազգային կազմը: Նման բնակավայրերի մի զգալի մասը XX դարի սկզբին դեռ պահպանել էր պատմական անվանումները (երբեմն՝ աղավաղված). Աղդատ, Անդակ, Անծառ, Աջմանուկ (Հաճմանուկ), Առնջիկ, Գլեսոր (Գլաձոր), Գոտ, Դեղձմեր, Զանգոք (Ծաղկունք), Զորավա (Զորավար), Զորավիգ, Խնկրվան (Հանգրվանք), Խշլագո, Մղագոմ (Մեղագոմ), Նորքաղաք, Նորք կամ Նոք, Չախսոր (Ջաղացաձոր), Պլաթուխ, Սալորիկ, Սինակ, Սիփանոք, Սուսբերդ, Սուրբ Թորոս կամ Սիմթորոս, Վանիկ, Տափ կամ Տափըկ, Փզոնք, Քըխմուտ, Քըմսոր կամ Քըմսորան (Գոմձոր), Քորխակ, Օձ քաղաք և այլն: XIX դ. վերջին XXդ. սկզբին Մուշը Բիթլիսի նահանգի ամենահայաշատ գավառներից էր (բնակչության 60-65 %-ը հայ էին, տարբեր տվյալներով 86-100 հզ.):

Հիմնականում Արածանիի և նրա վտակ Մեղրագետի ափերին գտնվող հայաբնակ գյուղերից առավել նշանավոր էին Ալիջանը, Ալվառինջը, Աղջանը, Առինջը, Ավրանը, Արտոնքը, Բերդակը, Բոստաքենդը, Գառնենը (Կառնենը), Գոմերը, Գոմսը, Էրըշտերը, Զիարեթը, Թիլը, Խասգեղը, Խարսը, Խեյբյանը, Կվարսը, Կույավին, Հավատորիկը, Հունանը, Ղըզլաղաջը, Նորշենը (ֆրանկ- Նորշենը), Շեխլանը, Սուլուխը, Վարդենիսը, Ցրոնքը, Ուռուղը, Քրդագոմը, Օղունքը:

Մուշ գավառակի հայ բնակչության կոտորածը սկսվել է 1915-ի մարտից և զանգվածային չափեր ընդունել հունիս-հուլիսին, երբ հիմնովին ավերվել են հայաբնակ գյուղերը, իսկ բնակչությունը` բնաջնջվել: Միայն Ալիզռնանի, Աղջանի, Գառնենի և Խասգեղի մարագներում կենդանի այրվել է մի քանի հազար հոգի (հիմնականում ՝ կանայք, երեխաներ), փրկվել են հատուկենտ մարդիկ միայն: Հայերը տեղ-տեղ դիմել են անկազմակերպ ինքնապաշտպանության, սակայն մատնվել են անհաջողության: Ըստ Մշո առաջնորդարանի քարտուղար Նազարեթ Մարտիրոսյանի, Մուշի 109 գյուղերից փրկվել և Արևելյան Հայաստանում ապաստանել են հազիվ 1500 հայեր: Ահռելի էր նաև նյութական կորուստը: Բարբարոսաբար ավերվել են պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում՝ հռչակավոր Առաքելոց (Թարգմանչաց), Սուրբ Կարապետի և Սուրբ Հովհաննեսի (Եղրդուտի) վանքերը՝ իրենց հարուստ ձեռագործներով: Կոտորածից մազապուրծ հայ գյուղացիներին հաջողվել է փրկել միայն առանձին նշխարհներ` Սուրբ Կարապետի ավետարանը, Մշո Ճառընտիրը,  Առաքելոց վանքի դուռը:

Մուշ քաղաքը տեղադրված է Մեղրագետի ձախ ափին ՝ Կուրտիկ և Ծիրնկատար լեռների փեշերին, Բիթլիսից 100 կիլոմետր հյուսիս արևմուտք:

XX դարի սկզբին համանուն գավառի և գավառակի կենտրոնն էր :

Ըստ Մշո առաջնորդարանի քարտուղար Նազարեթ Մարտիրոսյանի, առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին ուներ 12450 հայ բնակիչ, որոնք կենտրոնացած էին Բրտի, Ձորի, Չաղար կամ Սուրբ Մարինե, Ջիգրաշեն և Վերին թաղերում: Հիմնականում զբաղվել են արհեստներով և առևտրով (Ձորի թաղում գտնվող շուկայի մոտ 800 կրպակներից 500-ը պատկանում էր նրանց): Լայնորեն տարածված էին բրուտագործությունը, դարբնությունը, դերձակությունը, զինագործությունը, ոսկերչությունը, կոշկակարությունը, հյուսնությունը: Հայերն ունեին 5 եկեղեցի (Սուրբ Աստվածածին, Սուրբ Կիրակոս, Սուրբ Հարություն , Սուրբ Մարինե, Սուրբ Սարգիս ) և 2 մատուռ (Սուրբ Գևորգ , Սուրբ Մինաս ): XX դարի սկզբին գործել է 7 դպրոց:

1915-ի հուլիսին բոլոր կողմերից թուրքական զորքերով շրջապատված քաղաքի հայերը դիմել են հերոսական պաշտպանության, սակայն գրեթե բոլորն էլ նահատակվել են: Որոշ տվյալներով Սասուն են անցել 400 մշեցիներ, ուր նոր կորուստներ են ունեցել: Սակայ փրկվածները հետագայում ապաստանել են Արևելյան Հայաստանում:

 

Գ. Բադալյան

 

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.: 

Ա-Դո, «Վանի Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները», Ե, 1912: 

Բդեյան Ս., «Հարազատ պատմութիւն Տարօնոյ», Կահիրե , 1962:

Տեսադարան՝ նկարներ:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am