Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Մուսա լեռան հերոսամարտ (1915թ.)

ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1915 թ., Սվեդիայի (Սուեդիա) հայերի ինքնապաշտպանական կռիվները Մուսա լեռան վրա (Հալեպի նահանգի Անտիոք գավառում՝ Սվեդիա գյուղաքաղաքի մոտ): Լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր՝ Քեբուսիե, Վագըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս, որոնց բնակիչներն (ավելի քան 6 հազար) զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները: Գյուղախմբի հայությունը կղզիացած էր և գրեթե կապ չուներ մյուս հայաբնակ շրջանների հետ :

1915 թ. գարնանը թուրքական իշխանությունները սկսեցին Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Սվեդիայի հայերին շուտով հայտնի դարձավ, որ սկսվել է հարևան գավառների հայության տեղահանությունը: Հուլիսի 29-ին Յողունօլուքում տեղի ունեցավ 6 հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որտեղ որոշեցին դիմել ինքնապաշտպանության և այն կազմակերպել Մուսա լեռան վրա: Դժբախտաբար բոլորը չէ, որ ենթարկվեցից որոշմանը: Մի խումբ հոգևորականներ և ունևորներ փորձում էին համոզել, թե փրկությունը միայն հպատակության մեջ է: Բայց հուլիսի 30-ին հայերին հրամայվեց թողնել իրենց բնակավայրերն ու գաղթել: Բնակիչների մի մասը ենթարկվեց թուրքերի հրամանին և բռնեց գաղթի ճանապարհը (նրանց մեծ մասը զոհվեց), մնացածը՝ մոտ 5 հազար հոգի զենքի դիմեց, բարձրացավ Մուսա լեռը, որը վերածվեց ռազմական ճամբարի: Ստեղծվեց հատուկ զինվորական մարմին՝ Ե. Յաղուբյանի ղեկավարությամբ: Կարևոր դեր էին կատարում նաև Պետրոս Տմլաքյանը, Պետրոս Թութագլյանը, Տիգրան Անդրեասյանը և ուրիշներ: Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին, որոնց համար շտապ խփվեցին վրաններ, շինվեցին հյուղակներ ու խրճիթներ: Հատուկ ուշադրություն դարձվեց դիրքերի ու պատնեշների կառուցմանը: Ռազմիկները ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ թվով զենքով ու փամփուշտներով: Լեռան պաշտպանությունը բաժանվեց 4 շրջանի, որտեղ ամրացան մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին սկսեց իր առաջին հարձակումը, բայց հանդիպեց համառ դիմադրության և 6-ժամյա մարտերից հետո, կորուստներ տալով, նահանջեց դեպի ելման դիրքերը: Օգոստոսի 10-ին թշնամին նորից հարձակվեց 5 հազարանոց զորքով՝ թնդանոթների ուղեկցությամբ: Դրությունը բավականին ծանր էր, բայց հայ մարտիկները, համառ մարտեր մղելով, 12-ժամյա ճակատամարտից հետո հետ մղեցին թշնամուն՝ պատճառելով նրան ծանր կորուստներ: Մարտերում աչքի ընկան մարտիկներ Հակոբ Ղարագյոզյանը, Սարգիս Գապաղյանը և ուրիշներ: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկեց ավելի խոշոր հարձակում 9 հազարանոց կանոնավոր խմբով ու հրոսակախմբերով: Մարտերը շարունակվեցի 2 օր անընդմեջ: Թուրքերը մի քանի կետերում ճեղքեցին հայերի պաշտպանության գիծը, բայց հաջողության չհասան, տալով մեծ կորուստներ (ավելի քան 1000 սպանված)՝ նահանջեցին: Հայերն այս անգամ վերցրին բավականաչափ ռազմավար: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ թուրքերը միառժամանակ հրաժարվեցին նոր հարձակումից և որոշեցին լեռը պաշարելով սովամահ անել հայերին: Նրանք այդտեղ կենտրոնացրին 15 հազար զորք: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ: Վերջանում էին պարենն ու ռազմամթերքը: Պետք էր օգնության դիմել: Ինքնապաշտպանության ղեկավարները հույս ունեին օգնություն ստանալ ծովից, ուր կարող էին երևալ դաշնակիցների մարտանավերը: Որպես ազդանշան լեռան ծովահայաց եզրին բարձրացվեցին սավաններից պատրաստված 2 դրոշակներ, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և գրված «քրիստոնյաները վտանգի մեջ են»: Դրանց շուրջը վառվում էին խարույկներ՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար: Բացի այդ, դաշնակիցների մարտանավ նկատելու դեպքում պաշտպաններից մեկը (Մովսես Գըրքյան) պետք է լողար դեպի նավը և իր հետ տաներ նախօրոք պատրաստված թիթեղե տուփի մեջ դրված հատուկ դիմում-աղերսագիր(անգլ.): Սակայն երկար ժամանակ հորիզոնում մարտանավ չէր երևում, իսկ թուրքերը բազմիցս դիմում էին հայերին՝ անձնատուր լինելու առաջարկով: Մուսալեռցիները վճռականորեն մերժեցին նրանց բոլոր վերջնագրերը և, պահելով իրենց դիրքերը, շարունակեցին փրկության նոր ուղիներ որոնել: Մի քանի մարդ ուղարկվեցի Հալեպ ու Ալեքսանդրետ՝ դաշնակիցների հետ կապվելու հույսով, սակայն՝ ապարդյուն: Վերջապես սեպտեմբերի 5-ին ծովում երևաց «Կիշեն» ֆրանսիական ռազմանավը, որը մակույկ ուղարկեց ափ և վերցրեց ժամապահներին: Իմանալով հայերի դրության մասին ռազմանավի հրամանատարությունը հրաման արձակեց հրետակոծել թուրքական դիրքերը և հեռացավ հայերին օգնություն հասցնելու խոստումով:
Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարությունը հայերից պահանջեց անձնատուր լինել՝ հակառակ դեպքում սպառնում էր անցնել հարձակման և բոլորին կոտորել: Մուսալեռցիները դեռ չէին հասցրել պատասխանել, երբ թնդացին թուրքական հրանոթները և սկսվեց մի նոր արյունալի գոտեմարտ: Մուսալեռցիներն անցան հակահարձակման և ջախջախիչ հարված տվին թուրքական առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջեցին: Սեպտեմբերի 10-ին երևացին ֆրանսիական 2 ռազմանավեր և սկսեցին գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվեց, որ ֆրանսիական կառավարությունը որոշել է նրանց փոխադրել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13-15-ը հերոս պաշտպանները (շուրջ 4 հազար մարդ) փոխադրվեցին ֆրանսիական «Ժաննա դ՛Արկ» ու այլ նավեր ու շարժվեցին Պորտ Սաիդ , ուր նրանց օգնության հասան եգիպտահայերը:
Մուսա լեռան հերոսամարտը  հայ ազգային-ազատագրական շարժման փայլուն դրվագներից է: Հերոսամարտն իր գեղարվեստական արտացոլումն է գտել Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում, որը թարգմանվել է շատ լեզուներով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ, ներգաղթելով Հայաստան, հիմնեցին Մուսալեռ ավանը (Էջմիածնի շրջանում), որտեղ հուշարձան է կանգնեցված ի պատիվ Մուսա լեռան պաշտպանների :
 
 
 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

«Զեյթունի անձնատվությունը և Սուետիո ինքնապաշտպանությունը», Անդրեասյան, Կահիրե 1915: 

«Սվետիո ապստամբությունը», Իսկենտերյան Հ., Կահիրե , 1915: 

«Մուսա լեռան Հերոսամարտը», Պուրսալյան Հ., Հալեպ, 1954: 
 
«Հուշամատյան Մուսա լեռան», Բեյրութ, 1970:


«Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Ա. Գ. Ներսիսյանի խմբ. , Երևան, 1991:

«Մուսա լեռան քառասուն օրը», Ֆրանց Վերֆել, «Լույս» հրատ., 1990 թ: 

 
 

 


 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am