Մուդրոսի զինադադար 1918թ., կնքվել է հոկտեմբերի 30-ին Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում, Անտանտի ներկայացուցիչների և Թուրքիայի միջև: Զինադադարը, սակայն, այդպես էլ խաղաղություն չբերեց Օսմանյան կայսրությունում ապրող ժողովուրդներին:  Զինադադարի դրույթներում առկա էին հոդվածներ, որոնք անմիջականորեն շոշափում էին հայ ժողովրդի և Հայաստանի շահերը:

Դրանք էին՝

Հոդված 4. ռազմագերին և արգելափակված հայերին պետք է հավաքել Կոստանդնուպոլսում՝ նրանց առանց խոչընդոտների դաշնակիցներին հանձնելու համար։

Հոդված 11.  թուրքական զորքերը պետք է  էվակուացվեին Անդրկովկասից, ըստ որում՝ մնացած զորքերը պետք է հեռացվեին, «եթե դաշնակիցները պահանջեն դա տեղերում իրավիճակը ուսումնասիրելուց հետո»։

Հոդված 16.  թուրքական զորքերը պետք է  դուրս բերվեին Կիլիկիայից։

Հոդված 24. «Հայկական նահանգներից որևէ մեկում անկարգությունների դեպքում դաշնակիցներն իրենց իրավունք են վերապահում գրավելու դրա մի մասը»։ 

Մուդրոսի զինադադարի պայմանները դաշնակիցների անունից Թուրքիային թելադրել էր անգլիացի ծովակալ Քալթորպը՝ առանց համաձայնեցնելու Անտանտի մյուս անդամների հետ: Այդ պայմանները քննարկման առարկա դարձան 1919-ի հունվարի 18-ին Փարիզում բացված հաշտության կոնֆերանսում: Հունվարի վերջին Անտանտի գերագույն խորհուրդը որոշում ընդունեց Օսմանյան կայսրությունից Հայաստանի, Սիրիայի, Պաղեստինի, Արաբիայի և Միջագետքի անջատման մասին: Սակայն հետագայում Անտանտի պետությունները ոչ մի լուրջ քայլ չձեռնարկեցին իրագործելու Մուդրոսի զինադադարի այն պայմանները, որոնք կնպաստեին Հայկական հարցի արդարացի լուծմանը: 

Իրականում, հաղթականած տերությունները Օսմանյան կայսրության ազգային փոքրամասնությունների իրավունքների և շահերի  պաշտպանության քողի ներքո փորձում էին ընդլայնել իրենց ազդեցության շրջանակը՝ քննարկելով Օսմանյան կայսրության մասնատման տարբերակները: Միևնույն ժամանակ Մուստաֆա Քեմալը ձեռնամուխ էր լինում մնացյալ հայերին բնաջնջելու գործընթացն ավարտին հասցնել:

Հարվածներն ողղվեցին Կիլիկիայի դեմ, որտեղ ապաստան էին գտել Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի մի մասը: Մարաշում տեղեկայված էր ֆրանսիական կայազորը, որի կազմում էր նաև Հայկական լեգեոնը: 1920թ. հունվարի      20-ին սկսվեց քաղաքի պաշարումը թուրքերի կողմից: Ավելի ուշ Մուստաֆա Քեմալը և Ժորժ Պիկոն համաձայնության եկան, որի արդյունքում ֆրանսիական հրամանատարությունը լքեց քաղաքը` հայերինթողնելով թուրքերի ճիրաններում: Դրա հետևանքով Մարաշում ու շրջակագյուղերում բնակություն հաստատած հայերից սրի քաշվեցին 13.600-ը, 8 հազարն արտաքսվեցին քեմալական իշխանությունների կողմից:

Գրականության ցանկ՝

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ., Ռ. Սահակյան

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Վ. Վ.      «ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ Ս. Ֆ. Հ. ՔՐԱԹԵՐՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԱՇԻ ՊԱՇԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ (20.I – 11.II.1920)»

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am