Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Միջազգային զինվորական ատյանի հրովարտակ

 Միջազգային զինվորական ատյանի հրովարտակ: Նյուրնբերգի դատարանի կանոնադրությունը կամ սկզբունքները, որոնցով առաջնորդվել է Միջազգային զինվորական ատյանը նացիստական գլխավոր հանցագործների դատավարության ժամանակ (1945-ի հոկտեմբերի 20-1946-ի հոկտեմբերի 1): Հրովարտակն ընդունվել է 1945-ի օգոստոսի 8-ին և հանդիսանում է պատերազմական գլխավոր հանցագործներին դատելու ու պատժելու մասին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԽԱՀՄ-ի և Ֆրանսիայի միջև կնքված համաձայնագրի անկապտելի մասը: Ատյանի առաջ կանգնած պատերազմական հանցագործներին մեղադրանք է ներկայացվել ագրեսիվ պատերազմի նախապատրաստելու և սանձազերծելու, այսինքն՝ խաղաղության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար: Հրովարտակի 6-րդ կետի համաձայն, մարդկության դեմ ոճրագործություն են ճանաչվել «պատերազմից առաջ կամ պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակչության սպանությունը, բնաջնջումը, ստրկացումը, տեղահանությունը և նրա դեմ գործադրված այլ անմարդկային գործողությունները, կամ քաղաքական, ռասսայական, կամ կրոնական շարժառիթներով հալածանքները...»: Հրովարտակի այս կետը հիմք է հանդիսացել «ցեղասպանություն» հասկացության՝ որպես միջազգային հանցագործության իրավական նորմի մշակման համար: Հրովարտակում ընդունված սկզբունքները որպես միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներ հաստատվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերում (տե՛ս Միավորված ազգերի կազմակերպությունը և ցեղասպանության խնդիրը): Հետագայում դրանց հիման վրա ընդունվել է պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի չկիրառման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան (1968):

Կ. Խուդավերդյան


Գրականության ցանկ
 
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.
 
«Нюрнбергский процесс над главными военными преступниками», сб. мат-лов, т. 1-7. М.. 1957-61.

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am