Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) և ցեղասպանության խնդիրը

 Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) եվ ցեղասպանության խնդիրը: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1939-45-ի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հակահիտլերյան կոալիցիայի առաջատար մասնակիցների նախաձեռնությամբ՝ միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման ու ամրապընդման, ժողովուրդների միջև համագործակցության զարգացման նպատակով: ՄԱԿ-ի կանոնադրությունը ուժի մեջ է մտել 1945-ի հոկտեմբերի 24-ին:

ՄԱԿ-ի մի շարք կարևոր փաստաթղթերում տրված է ցեղասպանության բնորոշումը՝ որպես միջազգային ոճրագործության: Բնորոշման հիմքում ընկած են Միջազգային զինվորական ատյանի հրովարտակի (1945-ի օգոստոսի 8) դրույթները, որոնք իրենց հաստատումն են գտել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1946-ի դեկտեմբերի 11-ի և 1947-ի նոյեմբերի 27-ի բանաձևերում՝ որպես միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչում գտած սկզբունքներ: 1946-ի դեկտեմբերի 11-ի բանաձևը հռչակում է, որ ցեղասպանությունը միջազգային իրավունքի նորմերով հանցագործություն է և դատապարտվում է ամբողջ մարդկության կողմից: 1948-ի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան, որտեղ տրված է ցեղասպանության ծավալուն սահմանումը, խոսվում է ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության մասին:

1948-ի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (դեկլարացիա), որը մարդու իրավունքների առաջին հատուկ փաստաթուղթն էր: Մարդու հիմնարար իրավունքներին են վերաբերում, մասնավորապես, ապրելու, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը պատվի, հեղինակության ու բնակարանի անձեռնմխելիությունը: Դրա հիման վրա մասնակից պետությունների համար մշակվել են իրավականորեն պարտադիր Մարդու իրավունքների պակտեր, որոնք ընդունվել են 1966-ի դեկտեմբերի 16-ին: Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտը յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունքն է համարում ապրելու իրավունքը և այն դրույթը, որ ոչ ոք չպետք է ստրուկ լինի կամ անզոր և ենթարկվի տանջանքների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի: Պակտը հավաստում է, որ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության ամեն մի դրսևորում պետք է արգելվի օրենքով:

1968-ի փետր. 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետը չկիրառելու մասին կոնվենցիան, որը մասնակիցներին պարտավորեցնում է ձեռնարկել ամեն մի օրենսդրական կամ այլ միջոցներ, որպեսզի ազգային օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետը և այլ սահմանափակումները չկիրառվեն փաստաթղթում թվարկված հանցագործությունների համար հետապնդման և պատժի դեպքերում: Կոնվենցիան մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների շարքն է դասում ցեղասպանությունը:

Ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցանքի դատապարտումը առկա է նաև ՄԱԿ-ի այլ փաստաթղթերում, մասնավորապես՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման, ապարտեիդի դատապարտման և այլնի մասին մի շարք բանաձևերում ու կոնվենցիաներում:

ՄԱԿ-ը, մասնավորապես՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի Փոքրամասնությունների խտրականության կանխման ու պաշտպանության ենթահանձնաժողովը, քանիցս դիմել է 1915-1923-ի հայերի ցեղասպանության հարցի քննարկմանը: Ենթահանձնաժողովը բաղկացած է Մարդու իրավունքների հանձնաժողովի նստաշրջաններում ընտրվող փորձագետներից: Ենթահանձնաժողովի 20-րդ նստաշրջանը (1967-ի հոկտեմբեր) որոշում ընդունեց իր ծրագրի մեջ մտցնել ցեղասպանության կանխման և դրա համար պատժի հարցը: Այդ որոշումը վավերացվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի և Տնտեսական ու սոցիալական խորհրդի կողմից: Ենթահանձնաժողովը իր 24-րդ նստաշրջանում (1971-ի օգոստոս) Ռուանդայի ներկայացուցչին նշանակեց հատուկ զեկուցող և նրան հանձնարարեց նախապատրաստել նախնական զեկուցում: Զեկուցումը ներկայացվեց 1972-ի մայիսին և հիշատակություն չէր պարունակում հայերի կոտորածների մասին: 1973-ի մարտին հատուկ զեկուցողը ներկայացրեց ավելի ընդարձակ տարբերակ, որի #30-ում նշվում էր. «Անցնելով արդի դարաշրջանին, կարելի է նշել հայերի կոտորածներին վերաբերող լիակատար փաստագրության գոյությունը, որոնք նկարագրված են որպես «XX դարի ցեղասպանության առաջին դեպք»: Այդպիսով, հայերի ցեղասպանությունն առաջին անգամ հիշատակվում էր ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթում: Ենթահանձնաժողովը զեկուցումը քննարկեց 1973-ի օգոստոսին, 26-րդ նստաշրջանում, արժանացավ բարձր գնահատականի և ընդունվեց միաձայն:

Ընդունված արարողակարգի համաձայն, զեկուցումը քննարկվեց նաև Մարդու իրավունքների հանձնաժողովի (որի անդամները, ի տարբերություն Ենթահանձնաժողովի, իրենց կառավարությունների ներկայացուցիչներն են, բայց վետոյի իրավունք չունեն) 30-րդ նստաշրջանում, 1974-ի մարտին: Թուրքիայի պատվիրակը առաջարկեց զեկուցագրից հանել # 30-ը՝ պատճառաբանելով, թե հայերի կոտորածների մասին հիշատակությունը «պատմական փաստերի խեղաթյուրում է», և որ զեկուցման մեջ հավասարության նշան է դրվում ցեղասպանության և «պատերազմի բնական հետևանքների» միջև: Նա պահանջեց հանել նաև ## 28-ը և 29-ը, որոնք վերաբերում էին կրոնական ցեղասպանություններին: Թուրքական պատվիրակի առաջարկությունը պաշտպանեցին մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի. Իտալիայի, Ռումինիայի, Իրանի ներկայացուցիչները: Զեկուցագիրը լրամշակման համար վերադարձվեց Ենթահանձնաժողովին:

Մարդու իրավունքների հանձնաժողովի քննարկման ժամանակ ԱՄՆ-ի պատվիրակի ընդունած դիրքորոշումը դժգոհություն առաջ բերեց ամերիկյան հասարակական շրջաններում, երկու կոնգրեսականներ Ենթահանձնաժողովին ներկայացրին 1915-ի հայերի ցեղասպանության փաստը հաստատող մի շարք փաստաթղթեր: Միաժամանակ # 30-ի դեմ առարկող ԱՄՆ-ի պատվիրակների առջև հաղորդումներով հանդես եկան ԱՄՆ-ի հայկական շրջանների ներկայացուցիչները, որոնք տրամադրեցին լրացուցիչ փաստագրական նյութեր: # 30-ի շուրջ բանավեճը շարունակվեց 1975-ի սեպտ, ժնևում: Ավստրիայի, Դանիայի. Մեծ Բրիտանիայի, Մեքսիկայի, Նիգերիայի, ԽՍՀՄ-ի, Ֆրանսիայի և Հարավսլավիայի փորձագետները արտահայտվեցին փաստաթղթում # 30-ի պահպանման օգտին: Որոշում ընդունվեց երեք տարով՝ մինչև Ենթահանձնաժողովի 33-րդ նստաշրջանը (1978), սառեցնել հարցի քննարկումը:

1978-ի քննարկման ժամանակ զեկուցողը հայտարարեց, թե նա հայերի ցեղասպանության վկայություններ չի հայտնաբերել, և որ միակ ճանաչված դեպքը հրեաների ցեղասպանությունն է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Նրան առարկեցին Ավստրիայի, Արգենտինայի, ԽԱՀՄ-ի, Հունաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները. հարցի քննարկումը հետաձգվեց: Զեկուցումը կրկին Մարդու իրավունքների հանձնաժողովին ներկայացվեց 1979-ի մարտին, ժնևում: Նրանում #30-ը բացակայում էր, որը առաջ բերեց Ավստրիայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Կիպրոսի և Ֆրանսիայի պատվիրակների վճռական առարկությունները: Թուրքիայի պատվիրակը, որին պաշտպանում էր Պակիստանի ներկայացուցիչը, դիմելով ընթացակարգային կանոնակարգին, դեմ արտահայտվեց այլևս քննարկված կետերին վերադառնալուն: Այդուհանդերձ, ձայների մեծամասնությամբ # 30-ը մտցվեց եզրափակիչ փաստաթղթի մեջ:

1985-ի օգոստ. Փոքրամասնությունների խտրականության կանխման և պաշտպանության ենթահանձնաժողովը իր 38-րդ նստաշրջանում (ժնև) քննարկման համար ընդունեց ցեղասպանության մասին զեկուցագիրը, որի #24-ը «հայերի 1915-16-ի օսմանյան կոտորածը» բնորոշում էր որպես ցեղասպանության օրինակ: Զեկուցագրում հիշատակվում էր XX դ. ցեղասպանության 9 դեպք: Հայերի ցեղասպանության մասին ասված էր. որ «անկախ իշխանությունների և վկաների արժանահավատ գնահատմամբ, հայ բնակչության կեսից ավելին, ըստ երևույթին, սպանվել կամ մահվան կարավաններ է ուղարկվել: Դա հաստատվում է ԱՄՆ-ի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արխիվային փաստաթղթերով, ինչպես նաև այն ժամանակ Օսմանյան կայսրությունում ներկայացված, այդ թվում՝ նրա դաշնակից Գերմանիայի դիվանագետների վկայություններով»: # 24-ի օգտին քվեարկեցին 14 երկրների փորձագետներ, դեմ՝ 1 (ԽՍՀՄ) և ձեռնպահ՝ 4 (Բանգլադեշ, Կուբա, Հորդանան և Մարոկկո):

Ավելի ուշ Օսմանյան կայսրության հայերի ցեղասպանությունը դատապարտեցին նաև միջազգ. այլ կազմակերպություններ՝ Եկեղեցիների համաշխ. խորհուրդը (1983), ժողովուրդների մշտական ատյանը (1984) և այլն:

Կ. Խուդավերդյան, Գ. Մախմուրյան

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

Human Rights. ,,А Compilation of International Instruments՛՛, Centre for Human Rights. Geneva, N. Y„ 1980. 

,,The Armenian Question Today. Interna¬tional Documents՛՛, 1983-1987, 2-nd ed. L A. 1988

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am