Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Մեծ Բրիտանիան և Հայկական հարցը

 ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ: Հայկական հարցը Մեծ Բրիտանիայի մերձավորարևելյան քաղաքականության ոլորտն է մտել 19-րդ դ. կեսերից` որպես հետեւանք Մերձավոր Արեւելքում անգլո-ռուսական մրցակցության, ռուս-թուրքական պատերազմներում Ռուսաստանի հաջողության եւ Օսմանյան կայսրության սկսված քայքայման: 19-րդ դ. առաջին տասնամյակներում Մեծ Բրիտանիան հանդես է եկել ընդդեմ Ռուսաստանի դիրքերի ամրապնդման ինչպես Բալկաններում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում՝ Թուրքիան դիտելով եվրոպական հավասարակշռությունը Մերձավոր Արեւելքում պահպանելու անհրաժեշտ պայման: Այդ ժամանակ է ՄեԾ Բրիտանիայի արտաքին քաղաքականության տեսադաշտում հայտնվել Արեւմտյան Հայաստանը: Անգլիական դիվանագետներն ու զինված գործիչները ճիշտ գնահատեցին Արեւմտյան Հայաստանի ռազմավար նշանակությունը՝ նշելով, որ եթե այն գրավի Ռուսաստանը, ապա վերջինս կվերահսկի ամբողջ Փոքր Ասիան:

     Անգլիայի կառավարությունը Հայկական հարցով սկսեց զբաղվել 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո: Ստանալով 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի տեքստը՝ անգլիական կառավարությունը անհապազ միջոցների դիմեց Ռուսաստանին զրկելու Թուրքիայի նկատմամբ տարած հաղթանակի պտուղներից: Պրեմիեր մինիստր Բ. Դիզրայելին առաջարկեց նույնիսկ զենքի դիմել, անգլիական ռազմանավերը ուղղություն վերցրին դեպի Մարմարա ծով, երկրում հայտարարվեց մասնակի զորահավաք: Այդ աննպաստ պայմաններում Ռուսաստանը հարկադրված ստորագրեց 1878-ի անգլո-ռուսական համաձայնագիրը, որով նա հրաժարվեց Արեւմտյան Հայաստանում իր գրաված Բայազետ քաղաքից  եւ Ալաշկերտի դաշտից: Բացի այդ, Արեւմտյան Հայաստանում բարենորոգումների իրականացման հարցով Բրիտանիայի դուռը պետք է դիմեր ոչ միայն Ռուսաստանին, ինչպես նախատեսում էր Սան Ստեֆանոյի պայմանագիրը, այլև Անգլիային: Անգլիայի կառավարությանը հաջողվեց նաեւ գաղտնի պայմանագիր պարտադրել Թուրքիային (տե'ս  Կիպրոսի կոնվենցիա 1878), որի համաձայն Մեծ Բրիտանիան հնարավորություն էր ստանում զբաղեցնել Կիպրոս կղզին՝ փոխարենը պարտավորվելով Թուրքիային վերադարձնել Ռուսաստանի գրաված հայկական տարածքները, ինչպես նաև առաջիկա համաեվրոպական կոնգրեսում պաշտպանել Օսմանյան կայսրության ամբողջականությունն ու շահերը: 1878-ի Բեռլինի կոնգրեսում  անգլիական պատվիրակությունը Հայկական հարցն օգտագործեց սոսկ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ու իր դիրքերն Օսմանյան կայսրությունում ամրապնդելու նպատակով: Նրան հաջողվեց Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով, որը նշանակում էր Ռուսաստանին զրկել  Արեւմտյան Հայաստանի խնդիրների լուծման մենաշնորհի իրավունքից: 
   19-րդ դարի 70-ական թթ. վերջին եւ 80-ական թթ. սկզբին Մեծ Բրիտանիան նշանակալի եռանդ ցուցաբերեց Արեւմտյան Հայաստանում բարենորոգումների հարցում: Անգլիայի կառավարության նախաձեռնությամբ տերությունների հավաքական նոտաներ հղվեցին (1880-ի հուլիսի 2-ին եւ սեպտեմբերի 11-ին.) սուլթանական կառավարությանը՝ Բրիտանիայի դռնից պահանջելով անհապաղ իրագործել Արեւմտյան Հայաստանի բարենորոգումների վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները: Մեծ Բրիտանիայի այդչափ շահագրգիռ դիրքորոշումը Հայկական հարցում բացատրվում էր Բրիտանիայի դռան վրա մշտական ճնշմամբ Եգիպտոսի գրավմանը հասնելու ձգտումով:  1882-ին հօգուտ իրեն լուծելով եգիպտական հարցը՝ անգլիական դիվանագիտությունը 1880-ական թթ. 2-րդ կեսին թուլացրեց իր դիրքորոշումը Հայկական հարցում, թեպետ Արեւմտյան Հայաստանը շարունակում էր մնալ անգլիական կառավարության սևեռուն ուշադրության կենտրոնում: 1890-ական թթ. սկսած սուլթանական կառավարության հակահայկական քաղաքականության սաստկացման կապակցությամբ անգլիական կառավարությունը Աբդուլ Համիդ II-ին սպառնում էր հայտարարություններով, թե իրավուքն կտա Ռուսաստանին գրավել Արեւմտյան Հայաստանը: Սակայն անգլիական կառավարության ձեւական բողոքներն ու սպառնալիքները, հանրային կարծիքի ընդվզումը չկարողացան կանխել Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ջարդերը 1890-ական թթ.: 1894-ի Սասունի իրադարձությունները (տե'ս Սասունի ապստամբություն 1894) ցասումնալից բողոքներ առաջ բերեցին Մեծ Բրիտանիայում՝ անգլիական կառավարությանը մեղադրելով հայերի ողբերգության նկատմամբ անտարբերության եւ նույնիսկ մեղսակցության մեջ: Ա. Ռոզբերիի լիբերալ կառավարությունը ստիպված էր միանալ եվրոպական տերությունների համատեղ գործողություններին՝ ի պաշտպանություն արեւմտահայերի, Բրիտանիայի դռնից պահանջելով հատուկ հանձնաժողով ստեղծել Սասունի սպանությունները հետաքննելու համար: 1895-ի սկզբին, որպես պառլամենտական ընտրությունների կարգախոս, լիբեռալ կառավարությունը առաջ քաշեց Օսմանյան կայսրության հայերի ազատագրումը, իսկ ՈՒ. Գալդստոնը ծավալեց հակասուլթանական քարոզչություն՝ պահանջելով Մեծ Բրիտանիայի անհապաղ միջամտությունը հայկական բարենորոգումների իրականացմանը: 1895-ի ապրիլին Ա. Ռոզբերիի կառավարությունը մշակեց բարենորոգումների նախագիծ, որով Արեւմտյան Հայաստանին փաստորեն ինքնավարություն էր տրվում եվրոպական տերությունների հովանու ներքո: 
Այդ շրջանում անգլիական քաղաքականության գլխավոր նպատակը՝ քրիստոնյաներին պաշտպանելու պատրվակով Ռուսաստանի կողմից Արեւմտյան Հայաստանի գրավումը կանխելն էր: 1895-ի մայիսին Անգլիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը Բրիտանիայի դռանը ներկայացրին փոքր-ինչ ձեւափոխված անգլիական նախագիծը (տե'ս «Մայիսյան բարենորոգումներ» 1895), որը սուլթանը պարտավորվեց իրագործել մոտակա ժամանակներում: Բայց քանի որ բարենորոգումների իրագործումը հապաղում էր, 1895-ի հունիսին անգլիական կառավարությունը քննարկեց Թուրքիային դեմ նավատորմիղ օգտագործելու հնարավորությունը, սակայն որոշակի եզրակացության չհանգեց Ռոզբերիի կառավարության անվճռական դիրքորոշումը Հայկական հարցում նրա հրաժարականի պատճառ դարձավ: Անգլիական հասարակությունը մեծ հույսեր էր կապում Ռ. Սոլսբերիի պահպանողական կառավարության հետ՝ հավատացած, որ նա ելք կգտնի դուրս գալու մերձավորարեւելյան ճգնաժամից եւ վերջ կտա սուլթանական կառավարության հակահայ գործունեությանը: Մի կողմից՝ բրիտանական կայսրության շահերը պահանջում էին պահպանել Օսմանյան կայսրության ամբողջականությունն ու պաշտպանել սուլթանական կառավարությանը, մյուս կողմից առանց Ռուսաստանի աջակցության ու եվրոպական մյուս տերությունների համաձայնության Մեծ Բրիտանիայի մերձավորարեւելյան քաղաքականությունը ոչնչի չէր հանգում: Այդ իսկ պատճառով Սոլսբերին իր ամբողջ ջանքերն ուղղեց Հայկական հարցում անգլո-ռուսական համագործակցություն հաստատելու նպատակին: Հմտորեն քողարկելով Հայկական հարցում իր քաղաքականության իրական իմաստը՝ անգլիական կառավարությունը փորձում էր մերթ Գերմանիայի (տե'ս Անգլո-գերմանական բանակցություններ 1895), մերթ Ռուսաստանի (տե'ս Բալմորալի բանակցություններ 1896) հետ մերձեցմամբ Հայկական հարցը օգտագործել իր ազդեցությունը Մերձավոր Արեւելքում ընդլայնելու համար: 1895-ի սեպտեմբերին Կ.Պոլսի հայերի ջարդերի ժամանակ անգլիական դեսպանությունը բավականին եռանդ ցուցաբերեց կանխելու հետագա կոտորածները. նրա նախաձեռնությամբ տերությունները բողոքի նոտա հղեցին Բրիտանիայի դռանը: Սակայն ոչ այդ նոտան, ոչ էլ բրիտանական պառլամենտում Թուրքիայի դեմ հնչող ցասումնալից ճառերն ու սպառնալիքները շոշափելի դրական արդյունք չտվեցին. ջարդերը  տարածվեցին նաեւ գավառներում: 1895-ի վերջում Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարեց, որ որեւէ մեղք չունի Հայկական հարցում ստեղծված բարդ իրավիճակի համար եւ հանդես է գալիս ի օգուտ տերությունների համատեղ քայլերի:  Հայերի ողբերգությունը վերջնականապես ի դերեւ հանեց Օսմանյան կայսրության բարենորոգումներին վերահսկելու անգլիական կառավարության հույսերը:
 Անգլիական կառավարության եւ հասարակական շրջանների հետաքրքրությունը Հայկական հարցի նկատմամբ վերստին ուժեղացավ 1896-ի աշնանը տեղի ունեցած հայկական նոր ջարդերի կապակցությամբ, որոնք հետեւեցին «Բանկ օտոմանի» միջադեպին  (1896-ի օգոստոս): Հոկտեմբերի 20-ին Սոլսբերին մի շրջաբերականով դիմեց եվրոպական տերությունների կառավարություններին՝ հիմնավորելով համատեղ քայլերի անհրաժեշտությունը Հայկական հարցի լուծման մեջ, եւ առաջարկեց հրավիրել համաեվրոպական համաժողովով մերձավորարեւելյան ճգնաժամը վերջնականապես կարգավորելու համար: 1896-97-ի Եվրոպական տերությունների Կ.Պոլսի դեսպանների կոնֆերանսը Մերձավոր Արեւելքում բրիտանական ավանդական քաղաքականության լիակատար ձախողման վկայությունն էր: 
     Հակառակ կառավարության շահադիտական քաղաքականության Հայկական հարցում. Մեծ Բրիտանիայի հասարակայնությունը 19 դ. 90-ական թթ. կարեկցանքով էր վերաբերվում Օսմանյան կայսրության հայ բնակչոության ծանր վիճակին: Այդ շրջանում Մեծ Բրիտանիայում զգալի ազդեցություն ձեռք բերեցին անգլո-հայկական միությունները, որոնց կազմում էին անգլիական պառլամենտի եւ կառավարության անդամներ, հասարակական ու կրոնական գործիչներ: Այդ ընկերակցությունների գլխավոր նպատակն էր Մեծ Բրիտանիայի հանրային կարծիքի կազմակերպումը կառավարության անհրաժեշտ ուղղությամբ, չնայած շատ անդամներ (Ջ. Բրայս, Ֆ. Սթիվենսոն, Ֆ. Կավենդիշ, Է. Դիլոն, Մ. Մաքկոլ եւ ուրիշներ) քիչ ջանք չեն գործադրել հասարակայնությանը ներկայացնելու հայության ծանր վիճակը, նրան նյութական օգնություն կազմակերպլու գործում: 
20-րդ դ-ի սկզբին, հղանալով Եգիպտոսից մինչեւ Հնդկաստան «մերձավորարեւելյան բրիտանական կայսրություն» ստեղծելու  ծրագրեր, անգլիական կառավարող շրջանները կարեւոր տեղ էին տալիս Արեւմտյան Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությանը՝ այն դիտելով որպես անգլիական տիրույթների անվտանգության եւ Մեծ Բրիտանիայի ասիական առեւտրի ապահովման կարևոր օղակ: Հենց այդ ծրագիրն էլ որոշում էր Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Հայկական հարցում, որը ձգտում էր կասեցնել Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Արեւմտյան Հայաստանում և կանխել նրա առաջխաղացումը դեպի Միջերկրականի ափերը: Քաջ գիտակցելով, որ Արեւմտյան Հայաստանի համար պայքարում նա զրկված կլինի իր հզոր ռազմածովային ուժերն օգտագործելու հնարավորությունից՝ Մեծ Բրիտանիան գործադրում էր բոլոր ջանքերը՝ պանթյուրքիզմի ազգայնամոլ վարդապետությանը հակառուսական ուղղվածություն հաղորդելու համար: Դրա հետ մեկտեղ, ձգտելով հնարավորին չափ քողարկել իր քաղաքականությունը Հայկական հարցում, բրիտանական կառավարությունը ոչ միայն խուսափում էր բացահայտորեն հանդես գալ հայ ազգային-ազատագրական շարժման դեմ, այլեւ փորձում էր հայերին համոզել իր ավանդական հայասիրության մեջ: Հայկական հարցում անգլիական քաղաքականութունը հատկապես ակտիվացավ 1909-ի Ադանայի կոտորածի ժամանակ ու հետո Բրիտանական մամուլը, քաղաքական եւ հասարակական գործիչներն այդ օրերին հանդես էին գալիս հակաթուրքական հայանպաստ արտահայտություններով:
     1912 թ-ի առաջին Բալկանյան պատերազմում Թուրքիայի պարտությունը միայն ուղղակիորեն էր շոշափում Մեծ Բրիտանիայի շահերը: Նրա համար ամենամեծ վտանգը կարող էր լինել Ռուսաստանի հաջողությունը Արումտյան Հայաստանում, որը կսպառնար անգլիական գաղութատիրական նկրտումներին Մերձավոր Արեւելքում: Տերությունների միջեւ ստեղծված ուժերի հավասարակշռության պայմաններում Թուրքիայի ամբողջականության պահպանումը նրա արեւելյան սահմաններում համապատասխանում էր Մեծ Բրիտանիայի շահերին: Հենց այդ դիրքերից էր անգլիական կառավարությունը մոտենում այդ ժամանակ վերստին արծարծված հայկական բարենորոգումների հարցի քննարկմանը (տե'ս Հայկական բարենորոգումներ 1912-14)՝ ձգտելով այդ բանակցությունններն առավելագույնս օգտագործել իր քաղաքական նպատակների համար: 1914-ի Ռուս-թուրքական համաձայնագիրը հայկական բարենորոգումների վերաբերյալ ամբողջությամբ չէր հակասում անգլիական արտաքին քաղաքականության նպատակային ուղղվածությանը: Բրիտանական կառավարությունը, որ իրեն իրավունք էր վերապահել միջամտել Հայկական հարցին, եթե անմիջկանորեն շոշափվեին անգլիական շահերը. գիտակցում էր, որ այդ սուր պայքարում ո՚չ Ռուսաստանին, ո՚չ էլ Գերմանիային չհաջողվեց գերակա ազդեցություն ստանալ Օսմանյան կայսրությունում:
     Սկսված առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) պայմաններում երիտթուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ արեւմտահայերի զանգվածային տեղահանության ու ջարդերին (տե'ս Մեծ Եղեռն), այդ նույն ժամանակ 1915-16-ին Անգլիայի ու Ֆրանսիայի զինված ուժերը հաջողություններ էին կրում Կ.Պոլսի մատույցներում, այսպես կոչված, Դարդանելի օպերացիայի ժամանակ 1915-ի մայիսի 24-ին բրիտանական կառավարությունը Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների հետ համատեղ հանդես եկավ հայտարարությամբ՝ Օսմանյան կայսրության հայ բնակչության տեղահանության եւ կոտորածների կապակցությամբ: 1915-16-ին անգլիական կառավարությունը հայկական ջարդերն օգտագործում էր բորբոքելու հանրային կարծիքը ինչպես է իր, այնպես եւ չեզոք երկրներում ՝ Եռյակ դաշինքի եւ, առաջին հերթին Գերմանիայի դեմ: Այն ժամանակ,երբ 1916-ի փետրվարին Լենդոնում, Ռուսաստանից գաղտնի, բանակցությունբեր էին գնում Արաբական հարցի եւ Թուրքիայի բաժանման շուրջ, ռուսական զորքերը գրավեցին Էրզրումը: Անգլիական եւ ֆրանսիական կառավարությունները վերստին բանակցություններ սկսեցին  ասիական Թուրքիայի բաժանման շուրջ` ռուսական քաղաքականության հաղթանակը թույլ չտալու և Մերձավոր Արևելքում ռուսական առաջխաղացումը կանխելու մտադրությամբ: Անգլո-ֆրանսիական բանակցություններն ավարտվեցին Թուրքիայի տարածքի բաժանման վերաբերյալ 1916-ի Սայքս-Պիկոյի համաձայնագրով՝ Բրիտանական կառավարության ղեկավարներն իրենց պաշտոնական, թե անպաշտոնական հայտարարություններում կեղծավորաբար շարունակում էին պաշտպանել հայերին: Դեռեւս պատերազմի սկզբին լորդ Կրոմերը պառլամենտում հայտարարեց, թե «այս պատերազմի նպատակներից մեկը՝ թուրքական լծից Հայաստանի ազատագրումն է»: 1916-ի նոյեմբերին պրեմիեր մինիստր Ասքվիտը հանդիսավոր հայտարարեց, թե թուրքական տիրապետությանը վերջ կտրվի ու հայ ժողովրդի համար կստեղծվի «ազատ երկիր»: Բայց այն ժամանակ, երբ բանակցություններ էին գնում Մերձավոր Արեւելքի թուրքական տարածքների, այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանի բաժանման շուրջը, Հայաստանի անկախության ու ինքնուրույնության տգմասին շոսք չկար: Ավելին անգլիական կառավարության արտակարգ լիազոր Մ. Սայքսը 1916-ի մարտի 12-ին Պետերբուրգի անգլիական դեսպան Ջ. Բյուքենենին ուղարկած իր գրության մեջ հնարավոր չէր համարում հայկական պետության ստեղծումն ու Արեւմտյան Հայաստանի լիովին հանձնումը Ռուսաստանին: 
1917-ի աշնանը, Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, Կովկասյան ճակատի  մերկացման պայմաններում, բրիտանական կառավարությունը փորձեց հայկական կամավորական շարժումն օգտագործել Թուրքիայի դեմ (Կովկասում, Իրանում եւ Միջագետքում)՝ այդ նպատակին հատկացնելով հատուկ ֆինանսական միջոցներ: Իսկ անգլիական արտաքին քաղաքականության ղեկավարները շարունակում էին ի լուր աշխարհի հայտարարել, թե պաշտպանում են հայերին, որը պատերազմից հետո կունենա իր «ազգային պետական միավորը» (Դ, Լյորդ Ջորջ), կիրականանա նրա «ազատության ու անկախության» ձգտումը (Ա. Բալֆուր):
     1918-ի Մուդրոսի զինադադարը  նոր հարված եղավ հայերի համար, համաձայն որի Արեւմտյան Հայաստանը մնում էր թուրքական տիրապետության տակ: Անգլիական կառավարության կարծիքով, զինադադարը պայմաններ պետք է ապահովեր Օսմանյան կայսրության վերջնական բաժանման համար: Մինչեւ փաստաթղթի ստորագրումը բրիտանական կառավարությունը քննարկեց ապագա փաստաթղթի մեջ Հայաստանի տեղի, նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու տերության հարցը: Ակնհայտ էր, որ Մեծ Բրիտանիան փորձում էր իր վրայից գցել Արեւմտյան Հայաստանի ապագա կազմակերպման պատասխանատվությունը: Արդյունքը եղավ այն, որ զինադադարի 24-րդ հոդվածը նախատեսում էր հայկական 6 վիլայեթների գրավումը դաշնակիցների կողմից «նրանցից որեւէ մեկում անկարգությունների դեպքում», այսինքն՝ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի մի նոր տարբերակ: 1918-ի նոյեմբեր-դեկտեմբերին Արեւմտյան Հայաստանի ապագայի հարցերը քննարկվեցին անգլիական կառավարական շրջաններում: Ոմանք գտնում էին, որ Հայաստանի եւ Անդրկովկասի մանդատը պետք է հանձնել Ֆրանսիային, ոմանք էլ՝ ԱՄՆ-ին: Վերջապես 1918-ի դեկտեմբերին ռազմական նախարարությունը որոշում ընդունեց Անդրկովկասի իրադրությունը վերահսկելու համար ձեռնարկել մի շարք ռազմական եւ քաղաքական միջոցներ՝ բրիտանական շահերը Ասիայում «բոլշեւիզմի վտանգից» զերծ պահելու նպատակով Անդրկովկասի  երեք հանրապետություններից Հայաստանը ամենանվազագույն հետաքրքրությունն էր ներկայացնում Մեծ Բրիտանիայի համար՝ նրա կայսերապետական շահերի տեսակետից: Այդ բանը առանձնապես ցայտուն դրսեւվորվեց Վրաստանի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանային վեճերի ժամանակ, երբ վճռական էին Բաքվի նավթը եւ անգլիական գեներալ Թոմսոնի մուսուլմանամետ դիրքորոշումը: Այսպես, երբ 1918-ի դեկտեմբերի 2-ին գեներալ Անդրանիկը  իր զորքերով մտավ Ղարաբաղ եւ մի քանի օր այն գտնվում էր Հայաստանի Հանրապետության իրավասության տակ, գեներալ Թոմսոնը Բաքվից կարգադրեց՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ Զանգեզուր: 1919-ի հունվարին Թոմսոնը հայտարարեց, որ Զանգեզուրն ու Լեռնային Ղարաբաղը մինչեւ հաշտության կոնֆերանսի վերջնական որոշումը պետք է ենթարկվեն Ադրբեջանին: 
     Բրիտանիայի ներկայացուցչի միջամտությունը հայ-վրացական միջադեպին (1919) հանգեցրեց նրան, որ Ախալքալաքի հայաբնակ մարզը հայտնվեց Վրաստանի կազմում, իսկ Լոռու գավառը հայտարարվեց «չեզոք գոտի» եւ դրվեց անգլիական զինվորների վերահսկողության տակ: Մուդրոսի զինադադարի համաձայն, բանակը պետք է ազատեր Կարսի մարզը եւ վերականգներ 1914-ի ռուս-թուրքական սահմանը: Սակայն բրիտանական զինվորական հրամանատարության անվճռական գործողությունների հետեւանքոով թուրքական զորքերի դուրսբերումը ձգձգվեց մինչեւ 1919-ի ապրիլը: 1919-ի օգոստոսին բրիտանական կառավարությունը քննարկեց անգլիական զորքերը Կովկասից դուրս բերելու հարցը, եւ, չնայած պառլամենտի անդամներից ու նախարարներից շատերը պնդում էին հայերին պաշտպանելու համար այդ զորքերը ժամանակավորապես թողնել այնտեղ, գլխավոր շտաբը որոշեց զորքերը դուրս բերել 1919-ի վերջին-1920-ի սկզբին բրիտանական պառլամենտը վերստին անդրադարձավ Հայաստանի մանդատի  հարցին, ակնհայտ էր, որ անգլիական կառավարությունը Հայկական հարցի միակ լուծումը տեսնում էր այդ մանդատը ԱՄՆ-ի կամ Ազգերի լիգային հանձնելու մեջ: Դ. Լլոյդ Ջորջը այդ տեսակետը պաշտպանեց նաեւ 1920-ի Սան Ռեմոյի կոնֆերանսում: Եվ, վերջապես ստորագրելով 1920-ի Սեւրի հաշտության պայմանագիրը, անգլիական կառավարությունը լիովին ազատավեց նրա կատարման վերահսկողություն իրականացնելու պարտավորություններից: Չնայած Հայաստանի Հանրապետության բազմաթիվ դիմումներին, Մեծ Բրիտանիան շատ թե քիչ էական օգնություն ցույց չտվեց նրան: Անգլիական կառավարությունը մերժեց Հայաստանին 1 միլիոն ֆունտ ստեռլինգ փոխառություն տրամադրելու առաջարկը (1920-ի փետրվար), պաշտպանություն չգտավ դաշնակից զորքերի կողմից Տրապիզոնի նավահանգստի ժամանակավոր գրավման գաղափարը (1920-ի հոկտեմբեր) եւ այլն: Հայաստանի կառավարությունը ստացավ սոսկ աննշան քանակությամբ ռազմական հանդերձանք եւ վառելահեղուկ: Անգլիական ներկայացուցչի խորհրդով Հայաստանի կառավարությունը հրաժարվեց 1914-ի սահմանների վերականգնման հարցում Խորհրդային Ռուսաստանի միջնորդությունից: 
     Անդրկովկասյան հանրապետություններում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո բրիտանական կառավարությունը վերջնականապես ճշտեց իր դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ: Դեռեւս 1920-ի նոյեմբեր-դեկտեմբերին Լոնդոնի կոնֆերանսում եւ 1921-ի հունվարին Անտանտի Գերագույն խորհրդի նիստում (Փարիզ) բրիտանական կառավարությունը պաշտպանեց Սեւրի պայմանագիրը վերանայելու Ֆրանսիայի պահանջը: 1921-ի Լոնդոնի կոնֆերանսում  անգլիական ներկայացուցչի աջակցությամբ «հայկական անկախ պետականություն» հասկացությունը փոխարինվեց «Հայկական ազգային օջախ» անորոշ ձեւակերպմամբ: Եվ չնայած լորդ Քերզոնի կողմից պատերազմի տարիներին հայ բնակչության նկատմամբ երիտթուրքական քաղաքականության ձեւական դատապարտմանը, Թուրքիայի տարածքում հայկական ազգային օջախ ստեղծելու առաջարկը նույնպես մերժվեց 1922-1929-ի Լոզանի կոնֆերանսում:
 
 
Ա. Կիրակոսյան
Գրականության ցանկ
 
 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:
 
Տեր-Պետրոսյան Հ. «Ջեյմս Բրայս եւ հայերը», Կահիրե, 1975:
 
Կիրակոսյան Ջ.Ս. «Բուրժուական դիվանագիտությունը եւ Հայաստանը (19-րդ դարի 70-ական թթ.)», Ե., 1978: Նույնի «բուրժուական Հայաստանը (19-րդ դարի 80-ական թթ.)». Ե., 1980:
 
Բայրամյան Լ.Ա., «Արեւմտյան Հայաստանը անգլիական իմպերիալիզմի պլաններում 19-րդ դարի վերջին քառորդում», Ե., 1982:

Борьян Б.А., "Армения, Международный дипломатия и СССР. М. Л., Т.1-2, 1928-29. 

Ллойд Джордж Д., "Правда о мирних договорах" М., 1957

Киракосян А. Дж., "Великобритания и Армянский вопрос (90-е т. 19 в.)", Е., 1990.

Mac Coll M., "England’s Responsibility lowards Armenia" L, 1895.

Grenville J. A. S. "Lord Salisbury and Foreign Policy", L., 1964.

Walker Ch ., "Armenia. The Survival of a Nation", N. Y. 1980.

Nassibian A., Britain and the Armenian Question 1915-1923, L., 1984

 
 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am