Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Մայիսյան բարենորոգումներ 1895թ.

 «Մայիսյան Բարենորոգումներ» 1895,  Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում վարչական, դատական և այլ վերափոխումների ծրագիր: Բեռլինի դաշանագրի 61-րդ հոդվածի (Տե՛ս «Բեռլինի կոնգրես 1878թ.»)համաձայն կազմել էին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները և ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895-ի մայիսի 11-ին (այստեղից էլ «մայիսյան» անվանումը): Նախագիծը ներկայացվեց եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ, Արևմտյան Հայաստանում սկսած ազատագրական  շարժման (Տե՛ս «Սասունի ապստամբություն 1894թ.») դեմ թուրքական կառավարության  գործադրած հալածանքների պայմաններում:

Նախագիծը հիմանականում նախատեսում էր հայաբնակ վեց վիլայեթներում (Բիթլիս, Վան, Սեբաստիա, Մամուրեթ ուլ Ազիզ, Դիարբեքիր) կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական   կյանքի զարգացում, արտադրության և տնտեսական դրության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաների պաշտպանությունը քուրդ ցեղապետների կամայականություններից:

Ըստ նախագծի, նահանգների վալիները (նահանգապետներ) պետք է նշանակվեին Օսմանյան կայսրության ընդունակ և բարեխիղճ պաշտոնյաներից, առանց կրոնի խտրության, 5 տարի ժամկետով: Մեծ  տերությունների կիսապաշտոնական հովանավորությամբ Բ. դռանը կից կազմվելու էր մշտական հանձնաժողով (վերահսկող կայուն կոմիտե), որը կհսկեր բարենորոգումների անթերի գործադրությունը: Բոլոր պաշտոնները նաև ոստիկանությունը պետք է բաշխվեին մահմեդականների և քրիստոնյաների միջև. եթե պաշտոնյան մահմեդական էր, նրա օգնականը քրիստոնյա էր լինելու և՝ ընդհակառակը: Բոլոր խորհուրդների (նախագահական ընդհանուր խորհուրդը, սանջակի, կոզայի և նահիեի), ինչպես և տարբեր հանձնախմբերի (այդ թվում՝ հատուկ դատաստանական) կեսը պետք է քրիստոնյա լիներ: Խաղաղ ժամանակ «համիդիե» գնդերը զենք ու նշանազգեստ չպետք է կրեին: Բարենորոգումների ենթակա էին նաև (վեց նահանգներից բացի) կայսրության մյուս հայաշատ վայրերը (օր., Հաճընը՝ Ադանայի վիլայեթում, Զեյթունը՝ Հալեպի): Ծրագրի գործադրությունը հսկելու էր սուլթանից ընտրված և տերությունների հավանությանը արժանացած բարձր կոմիսարը:

«Մայիսյան բարենորոգումներ»-ի ծրագիրը, որը խիստ չափավոր էր, կազմված էր հիմանակում գործող թուրքական  օրենքների սահմաններում և առանձին իրավունքներ չէր ընձեռում հայերին ու առավել ևս՝ բավարարում նրանց քաղաքական պահանջները, այդուհանդերձ, հանդիպեց օսմանյան կառավարության դիմադրությանը: Սուլթանի անունից դեսպաններին ներկայացվեցին «դիտողություններ» և մի հակածրագիր. սկսվեց թուրքերի համար սովորական դարձած ձգձգումների քաղաքականությունը: Թուրքական կառավարությունը հույսը դնում էր մեծ տերությունների տարաձայնությունների վրա, որոնք, հետապնդելով իրենց շահերը Օսմանյան կայսրությունում, վճռական քայլերի չէին դիմի ինչ-որ մասնակի «բարենորոգումներ» անցկացնելու համար: Հայ քաղաքական շրջանները փորձեցին ծրագրի գործողությունը արագացնել խաղաղ միջոցներով (1895-ի սեպտեմբերի 5-ի Բաբը Ալիի ցույցը և այլն), որոնց օսմանական կառավարությունը պատասխանեց հայերի ջարդերով: Այդուհանդերձ Աբդուլ Համիդի 2-րդ հոկտեմբերի 8-ին վավերացրեց «Մայիսյան բարեփոխումներ»-ի փոքր-ինչ փոփոխված ծրագիրը, «բարձր կոմիսար» (Շաքիր փաշային) ուղարկեց Հայաստան՝ բարենորոգումները «կենսագործելու» համար: Սակայն հայկական կոտորածները վերսկսվեցին նոր թափով, որոնց զոհ գնաց 300 հազար հայ:

 

 

 

Գրականության ցանկ

 

 

 «Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am