ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ (Luxemburg) Ռոզա (1871-1919 թթ.), գերմանական և միջազգային բանվորական շարժման գործիչ: Գերմանիայի կոմկուսի (1918 թ.) հիմնադիրներից: Ուսումնասիրել է ազգային հարցը, հետաքրքրվել Հայկական հարցով, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարով, դատապարտել թուրքական կառավարողների կազմակերպած հայերի ցեղասպանությունը: Դրեզդենում հրատարակվող "Sachsische Arbeiter Zeitung" թերթի 1896-ի հոկտեմբերյան համարներում տպագրված «Ազգային պայքարը Թուրքիայում և սոցիալ-դեմոկրատիան» հոդվածաշարում մերժել է տարածված այն կարծիքը, թե իբր Թուրքիայում կատարված իրադարձությունները (հայերի կոտորածները, հայերի և հույների ելույթները) արդյունք են դիվանագիտական մեքենայությունների: Նա քննադատել է անգիտությունից եկող այն մտայնությունը, թե իբր թուրքական սարսափները լոկ մտացածին են, և որ Թուրքիան մի հեքիաթային աշխարհ է, ուր «տարբեր ազգություններ դարերով խաղաղ ապրում են կողք կողքի», «վայելում են ամենակատարյալ ինքնավարություն», և միայն եվրոպական դիվանագիտության միջամտությունն է ստեղծել արհեստական դժգոհություն, որ այդ պայմաններում սուլթանը անկարող էր իրականացնել իր «քանիցս հավանության արժանացած ռեֆորմները»: Լյուքսեմբուրգը նշել է, որ Թուրքիան դարեր շարունակ ստեղծել է դասակարգային և ազգային ճնշման մի այնպիսի համակարգ, որի պայմաններում այնտեղ բնակվող քրիստոնյա ազգերի դժգոհությունը վեր է ածվել ազգային-ազատագրական պայքարի: 1915-ին Գերմանիայում հրատարակված «Սոցիալ- դեմոկրատիայի ճգնաժամը» գրքույկում Լյուքսեմբուրգը մերկացրել է Աբդուլ Համիդի կառավարության և ապա երիտթուրքերի ստորաքարշությունը Գերմանական կայսրության առջև՝ նշելով նաև, որ երիտթուրքերը շարունակել են Աբդուլ Համիդի քաղաքականությունը Հայկական հարցում:

Գ. Ղարիբջանյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am