«ԼՈՒՍԱԲԵՐ», ազգային, քաղաքական և գրական երկօրյա թերթ: Լույս է տեսել Կահիրեում, 1904-08-ին: Խմբագիրներ՝ Ա. Արփիարյան, ապա՝ Վ. Թեքեյան և Ե. Սրմաքեշխանլյան (Երուխան): «Լուսաբեր» հիմնական ուշադրությունը դարձրել է Օսմանյան կայսրության ներքին և արտաքին քաղաքական կացությանը, Արևմտյան Հայաստանի կյանքի և, մասնավորապես, Հայական հարցի լուսաբանմանը: Կարևորություն է տվել համաշխարհային առաջավոր հասարակական կարծիքը հայանպաստ հունով ուղղելու խնդրին, քննադատել հետադիմական ռուսական հայատյաց մամուլը, որը հայերին ներկայացնում էր Թուրքիայում քրդերին կեղեքելու, Ռուսաստանում՝ մյուս ժողովուրդներին շահագործելու սադրիչ մեղադրանքներ: Միաժամանակ քննադատել է միջազգային դիվանագիտությունը և մեծ տերություններին, որոնք հանուն իրենց շահերի Հայկական հարցը շահարկում են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: «Լուսաբեր»-ի կարծիքով, Եվրոպայի օգնությամբ ազատագրվելու սին հույսերից ձերբազատվելը հայ ժողովրդին կմղեր ապավինելու սեփական ուժերին: Բազմաթիվ հրապարակումներում ցույց է տվել Արևմտյան Հայաստանի հիմնական բնակչության՝ հայերի տնտեսական և քաղաքական ծանր դրությունը, հորդորել հայրենակիցներին՝ չլքել երկիրը: Հայկական հարցի համար կործանարար է համարել Արևելյան Հայաստանի հայության մասնակցությունը ռուսական սոցիալ-դեմոկրատական, հեղափոխական շարժումներին, որոնք ոչ մի կապ չունեին հայերի կենսական խնդիրների հետ:

Ա. Խառատյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am