Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Լրաբեր հասարակական գիտությունների գիտական հանդես

«ԼՐԱԲԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» (ԼՀԳ), գիտական հանդես: Հրատարակվում է 1940-ից (1940-43-ին՝ ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի «Տեղեկագիր», 1943-65-ին՝ ՀԽՍՀ ԳԱ «Տեղեկագիր հասարակական գիտությունների», 1966-ից՝ ԼՀԳ): 1940-47-ին լույս է տեսել անկանոն պարբերականությամբ, 1948-1990-ին ամսագիր, 1991-ին՝ երկամսյա, 1992-ից՝ եռամսյա հանդես: Տպագրել է պատմության, փիլիսոփայության, իրավագիտության, բանասիրության, արվեստի և ընդհանրապես մշակույթի վերաբերյալ աշխատություններ, հաղորդումներ ու հրապարակումներ, հայագիտական լրատվություն: Հայտնի չափով տեղի է տվել գիտության մեջ գաղափարախոսության առաջնայնության մտայնությանը, ինչը հատուկ էր խորհրդային բոլոր հասարակագիտական հրատարակություններին: Հանդեսի էջերում տպագրվել են հայագիտական հրատապ հարցադրումներով և նորովի մեկնակետեր պարունակող բազմաթիվ արժեքավոր հետազոտություններ, ինչպես օրինակ, Արևմտյան Հայաստանի, Հայկական հարցի, հայերի ցեղասպանության վերաբերյալ (տպագրել է Մեծ եղեռնին նվիրված գիտաժողովների ու նստաշրջանների նյութեր, ուսումնասիրություններ, վավերագրական ու փաստագրական հրապարակումներ): 1990-ի ապրիլին թողարկվել է ամսագրի բացառիկ համարը, որտեղ տպագրված հոդվածներում, հաղորդումներում, մատենագիտական և այլ հետազոտություններում բազմակողմանի քննության է ենթարկվել ցեղասպանության թեման:

Տպագրել ու տպագրում է գիտական հոդվածներ Լեռնային Ղարաբաղի պատմության, տնտեսության, մշակույթի վերաբերյալ, որոնք ընդգրկում են նրա պատմության գրեթե բոլոր փուլերը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

Ա. Խառատյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am