Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Լքյալ գույքերի կանոնադրություններ

ԼՔՅԱԼ ԳՈՒՅՔԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, առաջին համաշխարհային պատերազմի (1914-18 թթ.) ժամանակ Արևմտյան Հայաստանից և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերից տեղահանված հայերի լքյալ գույքի տնօրինման վերաբերյալ փաստաթղթեր: Պատերազմի հենց սկզբից, հայերի տեղահանության և կոտորածների ընթացքում, թուրքական պետական մարմինները հավաստիացրել են, թե հայերի ունեցվածքն ու գույքը պահպանվելու են պետության կողմից և պատերազմի ավարտից հետո վերադարձվելու են տերերին: Սակայն, իրականում, տեղահանությանը և կոտորածներին զուգակցել են հայերի գույքի և ունեցվածքի թալանը, մշակութային արժեքների ոչնչացումը: Դրանց օրինական տեսք տալու և դրանով իսկ հանցագործությունները քողարկելու նպատակով թուրքական կառավարությունը 1915-ին հրապարակել է երեք կանոնադրություն: Առաջին կանոնադրությունը հրապարակվել է մայիսի 27-ին (34 հոդված), երկրորդը՝ սեպտեմբերի 13-ին (11 հոդված), երրորդը՝ հոկտեմբերի 28-ին (25 հոդված): Ըստ այդ կանոնադրությունների, պետական պաշտոնյաները իբր պետք է գրանցեին և արձանագրեին տեղահանվող հայերի գույքն ու ունեցվածքը և արժեքները գնահատելուց հետո դրանք իբրև ավանդ պահ պիտի տրվեին պետական գանձարանին, իսկ հետագայում՝ վերադարձվեին տերերին, պետք է ճշտվեին սեփականատերերի իրավունքները, պետական հանձնախմբերի կազմության ձևն ու գործելակերպը ևն: Կանոնադրություններն ունեին ձևական բնույթ և մնացին թղթի վրա, որովհետև հայերի գույքն ու դրամը բաժանվել են թուրքերին, իսկ պատերազմից հետո հայ չէր մնացել, որպեսզի նրան վերադարձվեր ունեցվածքը:

Երիտթուրքական կառավարության այդ քաղաքականության հետևանքով թուրք և քուրդ ջարդարարները թալանել են 66 քաղաքների և 2500 գյուղերի հայ ու այլ քարիստոնյա ազգաբնակչությանը, կողոպտել ու քանդել ավելի քան 2000 եկեղեցի ու վանք, 1500 դպրոց և վարժարան: Միայն հայերին հասցված նյութական վնասը 1919-ի կուրսով կազմել է մոտ 15 մլրդ ֆրան:

Ա. Փափազյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am