Լոզանի կոնֆերանս 1922-23 թթ.: Միջազգային կոնֆերանս Մերձավոր Արևելքի հարցով՝ Թուրքիայի դեմ անգլո-հունական արշավանքի (1919-22 թթ.) ձախողումից հետո: Տեղի է ունեցել 1922 թ. նոյեմբերի 20-ից 1923 թ. հուլիսի 24-ը Լոզանում (Շվեյցարիա): Մասնակցել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Ռումինիան, Հարավսլավիան, ԱՄՆ-ն (որպես դիտորդ) և Թուրքիան: Խորհրդային (ռուսներ-ուկրաինացիներ-վրացիներ) միացյալ պատվիրակությունը մասնակցել է միայն սևծովյան նեղուցների հարցի քննարկմանը: Լոզանի կոնֆերանսը ավարտվել է մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ, որոնց մեջ ամենակարևորը Լոզանի հաշտության պայմանագիրն էր, որով հաստատվեցին Թուրքիայի արդի սահմանները՝ փաստորեն փոխարինելով 1920 թ. Սևրի հաշտության պայմանագրին: Վերացվեցին օտարերկրացիների տնտեսական ու քաղաքական արտոնությունները Թուրքիայում, հատուկ կոնվենցիայով թույլատրվեց առևտրային ու ռազմական նավերի ելումուտը սևծովյան նեղուցներով և այլն:

Լոզանի կոնֆերանսում քննարկվեց նաև Հայկական հարցը: Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը (Ա. Ահարոնյան, Ա. Խատիսյան) չթույլատրվեց պաշտոնապես մասնակցել կոնֆերանսին, քանի որ նա այլևս չէր ներկայացնում Հայաստանը, որտեղ հաստատվել էր խորհրդային իշխանություն: Այդուհանդերձ, Ազգային պատվիրակության (Գ. Նորատունկյան, Լ. Բաշալյան) հետ համատեղ կոնֆերանսին ներկայացվեց մի հուշագիր, որն առաջարկում էր Հայկական հարցի երեք հնարավոր լուծում՝ «Հայկական ազգային օջախի» ստեղծում ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնի սահմանագծած Հայաստանի տարածքում: Երևանի հանրապետության (այսինքն՝ Խորհրդային Հայաստանի) ընդարձակում՝ նրան կցելով Արևմտյան Հայաստանի մի մասը դեպի ծով ելքով, իսկ հակառակ դեպքում՝ Հայկական ազգային օջախի ստեղծում Կիլիկիայում:
Ազգային փոքրամասնությունների հարցի կապակցությամբ 1-ին հանձնաժողովն ու ենթահանձնաժողովը մի քանի նիստերում անդրադարձան Հայկական ազգային օջախին: Դեկտեմբերի 12-ի նիստում նախագահողը՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար լորդ Քերզոնը, անդրադառնալով Թուրքիայի ազգային փոքրամասնությունների պաշտպանության հարցին, խոսքը մասնավորեցրեց հայերի վրա, որոնք «արժանի են հատուկ ուշադրության՝ աչքի առաջ ունենալով ոչ միայն սերունդների կյանքի ընթացքում նրանց կրած դաժան տառապանքները, որոնք հարուցել են քաղաքակիրթ աշխարհի համակրանքն ու զարհուրանքը, այլև նկատի առնելով ապագայի վերաբերյալ նրանց տրված (դաշնակից տերությունների կողմից) հատուկ հավաստիացումները», և Անկարայի կառավարությանը խնդրեց այդպիսի «ազգային ոգի ունեցող ու վճռականությամբ լեցուն» ժողովրդի համար «ազգային տուն» (օջախ) հատկացնել Թուրքիայի հյուսիս-արևելյան նահանգներում կամ Կիլիկիայի ու Սիրիայի հարավ-արևելյան սահմանագծի վրա [«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923 թթ.)», 1972, էջ 735-736]: Նույն ոգով արտահայտվեցին նաև Անտանտի մյուս ներկայացուցիչները (Բարրեր, Գարրոնի, Մոնտանա, Վենիզելոս, Չայլդ և ուրիշներ), որոնք «մարդասիրական» ճառեր չխնայեցին ի պաշտպանություն հայոց դատի: Բայց թուրքական պատվիրակությունը (Իսմեթ փաշա, Ռզա Նուր բեյ) վճռականորեն մերժեց Թուրքիայի տարածքում որևէ հայկական ազգային օջախ ստեղծելու գաղափարը՝ պատճառաբանելով, թե Թուրքիան ոչ իր արևելյան նահանգներում, ոչ Կիլիկիայում չունի «տարածքի որևէ պատառ», որի բնակչության մեծ մասը թուրքեր չլինեն, և որը կարելի լիներ որևէ կերպ անջատել մայր հայրենիքից: Եվ բացի այդ, Թուրքիան միջազգային իրավունքին համապատասխան պայմանագրեր է կնքել (նկատի ունեն Մոսկվայի և Կարսի 1921 թ. պայմանագրերը) և «բարիդրացիական հարաբերություններ» հաստատել ներկայումս գոյություն ունեցող «անկախ Հայաստանի», այսինքն՝ ՀԽԱՀ-ի հետ, և դրան հակառակ կլիներ պատկերացնել որևէ «այլ Հայաստանի գոյությունը» (նույն տեղում, էջ 749):
Հաղթանակած Թուրքիան այսպես իր կամքն էր պարտադրում Անտանտի պետություններին: Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, որոնք շահադիտական նպատակներ էին հետապնդում Թուրքիայում ու Մերձավոր Արևելքում, քայլ առ քայլ տեղի էին տալիս թուրքական պատվիրակության համառության առջև՝ զիջումների գնալով ի հաշիվ ազգային փոքրամասնությունների (հայեր, հույներ, Թրակիայի բուլղարներ և այլն) օրինական շահերի: Մի վերջին անգամ Հայկական հարցը շոշափվեց 1-ին հանձնաժողովի 1923 թ. հուլիսի 17-ի նիստում և, վերածվելով «հայ գաղթականության» հարցի, փոխանցվեց Ազգերի լիգային (տե՛ս Ազգերի լիգան և Հայկական հարցը): Եվ արդեն կնքված պայմանագրում հիշատակություն անգամ չկար հայերի ու Հայաստանի մասին: Այդպիսով Թուրքիան ոչ միայն յուրացրեց Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան, այլև «ագիտատորներից» պաշտպանվելու պատրվակով մերժեց բազմահազար տարագիր արևմտահայերի վերադարձը հայրենի երկիր: Պայմանագրի 42-րդ հոդվածով թուրքական կառավարությունը պարտավորվում էր «պաշտպանություն ցույց տալ» Թուրքիայի ազգաին փոքրամասնությունների աղոթարաններին, գերեզմանոցներին ու կրոնական մյուս հաստատություններին: Լոզանի կոնֆերանսի խորհրդային պատվիրակությունը (ղեկավար Գ. Չիչերին) մի հուշագրով պատրաստակամություն հայտնեց Ռուսաստանում և Ուկրաինայում ապաստան տալ հայ գաղթականներին:
Ջ. Թորոսյան


 

 

Գրականության ցանկ

 

«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», Երևան, 1972, էջ 735- 764:  

Армянский вопрос на Лозаннской конференцнн. Извлечения из протоколов,Тифлис, 1926, стр. 3-36. 

Mandelstam А. N., La Socie'te' des Nations at les Puissances devant le proble'me arme'nien, 2 e'me e'd, Beyrut, 1970, p. 260-280.

 

 

 

 

 
 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am