ԼԻՆՉ (Lynch) Հենրի Ֆինիս Բլոս (1862-1913 թթ.), անգլիացի հայագետ, աշխարհագետ, ճանապարհորդ, հասարակական-քաղաքական գործիչ: Իռլանդական ազնվական տոհմից (տատը՝ սեբաստացի հայուհի): Հայաստան կատարած երկու ճանապարհորդությունների (1893-94 թթ., 1898 թ.) ժամանակ հավաքած նյութերի հիման վրա գրել է լայն ճանաչում գտած «Հայաստան» աշխատությունը (1901, հայերեն համառոտ թրգմ.՝ 1913-14 թթ.), որը կազմված է երկու հատորից «Ռուսական Հայաստան» և «Տաճկահայաստան»: Աշխատությունը պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, ժողովրդագրության, հայ բանահյուսության վերաբերյալ վիճակագրական նյութեր: Լինչը ցույց է տվել, որ ցարական և թուրքական կառավարությունները վարել են հետադիմական քաղաքականություն Հայաստանում, հալածել հայերին, հայ եկեղեցին և հայոց լեզուն:

Լինչը հետաքրքրվել է նաև Հայկական հարցով: Լինելով անգլիական պառլամենտի անդամ (1906-ից)՝ քննադատել է արտգործնախարար Է. Գրեյի քաղաքականությունը, հանդես եկել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ: Մահից ոչ շատ առաջ անգլիական մամուլում հրապարակել է «Բաց նամակ»՝ հայկական բարենորոգումների վերաբերյալ:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am