ԼԵՈ (Բաբախանյան Առաքել Գրիգորի) (1860 թ., Շուշի – 1932 թ., Երևան),պատմաբան, հրապարակախոս, գրող: Պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի իսկական անդամ: Կրթությունն ստացել է ծննդավայրում: Երկար տարիներ (1895-1906  թթ.) եղել է «Մշակ» թերթի աշխատակից, Լեոի լայնածավալ գիտական և գրական ժառանգության (բազմաթիվ մենագրություններ, հարյուրավոր հոդվածներ, գրականագիտական ուսումնասիրություններ, գեղարվեստական ստեղծագործություններ ևն) մեջ նշանակալի տեղ են գրավում Հայկական հարցի, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմությանը նվիրված աշխատությունները: Արևելյան ճգնաժամին և Հայկական հարցին նվիրված «Հայոց հարցը» (1906 թ.) աշխատության մեջ Լեոն քննել է միջազգային իրադրությունը, Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության հանգուցային խնդիրները, արևմտահայերի ճակատագրի հետ կապված հիմնական իրադարձությունների ընթացքը, Հայկական հարցի շուրջ ծավալված դիվանագիտական պայքարը: 1915-ին հրատարակված «Հայոց հարցի վավերագրերը» ժողովածուն, որն ընդգրկում է 1878- 1914-ի ժամանակահատվածը, ամենայն ակնհայտությամբ ցույց է տալիս, որ եվրոպական մեծ տերություններին հաջողվել է զրկել Ոուսաստանին 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմում Թուրքիայի դեմ տարած հաղթանակի քաղաքական և դիվանագիտական պտուղներից: Մեծ տերությունների համար Հայկական հարցը միջոց էր միշտ միջամտելու Թուրքիայի ներքին գործերին: Լեոն նշել է, որ այդ տերությունները 1915-ին և հետագա տարիներին ոչ միայն չպաշտպանեցին հայերին թուրքական վայրագություններից, այլև իրենք կամա թե ակամա դարձան XX դ. առաջին ցեղասպանության իրականացման մեղսակիցներ: «Հայոց պատմություն» (նորագույն շրջան, 1927 թ.), «Թուրքահայ հեղափոխության գազափարաբանությունը» (հ. 1-2, 1934-35 թթ.) ևն աշխատություններում Լեոն քննադատաբար է վերաբերվել հայ ազատագրական շարժմանը և նրա գործիչներին, ցարական Ռուսաստանի «ազատագրական առաքելությանը»: Նա գտնում էր, որ Ռուսաստանը չկատարեց հայ ժողովրդին տված իր խոստումները, որը, ինչպես բազմիցս նշել է, ցարական գահի ամենահավատարիմ ժողովուրդն էր Ռուսական կայսրության սահմաններում: Միևնույն ժամանակ, Լեոն ընդունել է, որ ռուսական ինքնակալության տիրապետությունը էականորեն տարբերվում էր նախորդներից, նա չէր ավերում ու դատարկում նվաճած երկրները և չէր բնաջնջում ժողովրդին, բնակչությանը: Տիրելով Մերձավոր Արևելքի երկրներին՝ Ռուսաստանը նրանց ենթարկում էր իր դաժան վարչակարգին, սակայն, այդ երկրները, ընդգրկվելով Ռուսաստանի հզոր ծիրի մեջ, հնարավորություն էին ստանում հաղորդակից դառնալ եվրոպական մշակույթին:

Լեոն մեծ ազդեցություն է գործել հայ պատմական մտքի զարգացման վրա, նրա աշխատությունները այսօր ևս չեն կորցրել իրենց արդիականությունը:

Ն. Սարուխանյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am