ԼԵԳՐԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ 1920 Թ., ՌԽՖԱՀ դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետությունում 1920-ին՝ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով: Պատվիրակությունը ղեկավարել է Բորիս Լեգրանը (1920-ի հուլիսին նշանակվել է ՈԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում), կազմի մեջ եղել են Ա. Տեր-Գաբրիելյանը, Օ. Սիլինը, Ի. Շիֆֆերսը, Ա. Հովհաննիսյանը: ՌԽՖՍՀ և Հայաստանի Հանրապետության միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ բանակցությունները ընթացել էին Մոսկվայում, դեռ մինչև Լեգրանի առաքելությունը, որոնք, սակայն, հաջողություն չէին ունեցել (տե՛ս Շանթի առաքելություն 1920 թ.), 1920-ի հուլիսին Լեգրանի առաքելությունը ժամանել է Անդրկովկաս, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը հապաղել է ընդունել նրան: Հաստատվելով Թիֆլիսում՝ Լեգրանի առաքելությունը բանակցություններ է սկսել այնտեղ ժամանած Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների հետ: 1920-ի օգոստոսի 10-ին Թիֆլիսում ստորագրվել է Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև, որով ՌԽՖՍՀ ճանաչում էր Հայաստանի Հանրապետությունը, կողմերի միջև դադարեցվում էին ռազմական գործողությունները, ՌԽՖՍՀ զորքերը մնում էին հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում, մինչև դրանց պատկանելության որոշումը: Լեգրանի առաքելությունը առաջարկել է իր միջնորդությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, սակայն այն չի ընդունվել:

1920-ի հոկտեմբերին Լեգրանի առաքելությունը ժամանել է Երևան, որտեղ շարունակվել են բանակցությունները Հայաստանի Հանրապետության հետ: Մշակվել է հաշտության պայմանագրի նախագիծ (տե՛ս Հաշտության պայմանագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 թ.), համաձայն որի ՌԽՖՍՀ ճանաչում էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, հրաժարվում էր նախկինում նրա նկատմամբ ունեցած իր իրավունքներից, խոստանում իր աջակցությունը Արևմտյան Հայաստանի տարածքները միացնելու գործում, պարտավորվում հետ քաշել թուրքական զորքերին մինչև 1914-ի ռուս-թուրքական սահմանը, ֆինանսական օգնություն ցույց տալ Հայաստանին: ՌԽՖՍՀ ստանում էր երկաթուղային ճանապարհներից օգտվելու տրանզիտի իրավունք: Պայմանագրի նախագիծը մերժել է ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոն և Ադրբեջանի կոմկուսի ԿԿ քաղբյուրոն: Շարունակելով բանակցությունները Հայաստանի Հանրապետության հետ՝ Լեգրանի առաքելությունը 1920-ի դեկտեբերի 2-ին ստորագրել է համաձայնագիր, որով Հայաստանը հայտարարվել է սոցիալիստական հանրապետություն (տե՛ս Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 թ. դեկտեմբերի 2):

Կ. Խուդավերդյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am