ԼԱԶՅԱՆ Գաբրիել Գուրգենի (1893 թ., Երզնկա – 1959 թ., Կահիրե), հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան: ՀՀԴ կուսակցության անդամ: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա ավարտել Կ. Պոլսի զինվորական վարժարանը: 1914-18-ին ծառայել է թուրքական բանակի գերմանական գլխավոր հրամանատարության սպայակույտում: Մուդրոսի զինադադարից (1918 թ.) հետո մեկնել է Հայաստան, 1918-20-ին ծառայել հայկական բանակի գլխավոր սպայակույտում, զգալի դեր խաղացել հայկական բանակի առջև դրված դժվարին խնդիրների լուծման գործում: Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո, շատ այլ սպաների հետ ձերբակալվել է և աքսորվել: Հետագայում կարողացել է անցնել արտասահման: 1921-22-ին իբրև սպա ծառայել է հունական բանակում, մասնակցել հույն-թուրքական պատերազմին: 1923-ին Աթենքում հրատարակել է «Նոր օր» թերթը, ընտրվել Հունաստանի Ազգային կենտրոնական վարչության անդամ: Մեծ ներդրում ունի հունահայ գաղութի կյանքի կազմակերպման գործում: 1938-ից աշխատել է Կահիրեում, հիմնադրել «Հուսաբեր» մշակութային ընկերությունը, տպարան, հրատարակչություն, գրատուն: Լազյանը գրել է բազմաթիվ պատմական ուսումնասիրություններ հայ ազգային-ազատագրական շարժման անվանի դեմքերի և Հայ դատի վերաբերյալ:

Ե. Գասպարյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am