ԿՈՒՊեՐ (Cooper) Լեո, ամերիկյան սոցիոլոգ: Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր: Գիտական հետազոտությունների զգալի մասը նվիրված է 1915 թ. հայերի ցեղասպանության խնդրի ուսումնասիրությանը: «Ցեղասպանություն. նրա քաղաքական կիրառությունը XX դարում» (1982 թ.) աշխատության մեջ Կուպերը քննում է ցեղասպանության հիմնական սոցիոլոգիական տեսությունները, հայերի օրինակով մոդելավորում ցեղասպանության գործընթացը, ցույց տալիս, որ 1915 թ. երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանությունը իրականացման իր ձևերով և չափերով գերազանցել է Աբդուլ Համիդ II-ի իրագործած հայկական կոտորածները: Կուպերը 1915 թ. ցեղասպանությանը բաժանել է երկու փուլի, առաջին՝ հայերին զինաթափելու մասին հրահանգից (1915 թ. փետրվար) մինչև առաջին տեղահանությունները ապրիլի սկզբին, երկրորդ՝ բուն տեղահանությունը՝ մանրակրկիտորեն ծրագրված ժամանակի և տեղի առումով: Կուպերը հերքել է հայերի տեղահանության ռազմական անհրաժեշտության վերաբերյալ դրույթը, գտել, որ հայերի ինքնորոշման պահանջը իշխող էթնոսի (թուրքերի) կողմից ընկալվել է որպես պետության փլուզման սպառնալիք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Կուպերը մասնակցել է ցեղասպանության վերաբերյալ միջազգային կոնֆերանսների, ինչպես նաև հայերի ցեղասպանությանը նվիրված ժողովուրդների մշտական ատյանի նիստերին (1984 թ. ապրիլ):

Գ. Մախմուրյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am