ԿՈՒԿՈՒՆՅԱՆ Սարգիս Մովսեսի (1863 թ., գ. Նիժ – 1913 թ., Օրյոլի բանտ), ազգային-ազատագրական շարժման գործիչ: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (ավարտել է 1885 թ.), Պետերբուրգի համալսարանում: Օգնել է Կ. Եզյանին՝ «Պետրոս Մեծի հարաբերությունները հայ ժողովրդի հետ» (1898 թ., ռուսերեն) վավերագրական ժողովածու կազմելիս: Արևմտյան Հայաստանն ազատագրելու գործին մասնակցելու նպատակով մեկնել է Կովկաս, կազմակերպել զինված ջոկատ (78 հոգի): 1890 թ. սեպտեմբերի 22-ին Կուկունյանի ջոկատը Կարսի մարզից փորձել է անցնել Արևմտյան Հայաստան՝ հույս ունենալով, որ արևմտահայերը կմիանան իրեն, սակայն սահմանի մոտ մարտի է բռնվել թուրքական սահմանապահների գերակշիռ ուժերի հետ և նահանջել ռուսական սահման: Այստեղ ռուս սահմանապահները ձերբակալել են նրան: Ցարական դատարանը Կուկունյանին դատապարտել է 20 տարվա բանտարկության և աքսորել Սախալին: 1905 թ. ընդհանուր ներմամբ ազատվել է, 1906 թ. վերադարձել ծննդավայր, որտեղ ընդվզել է հարուստների դեմ, 1909 թ. փետրվարին նրանց մատնությամբ ձերբակալվել և, երեք ամիս բանտարկվելուց հետո, ազատվել: 1910 թ. հոկտեմբերին դարձյալ ձերբակալվել է: Դաշնակցություն կուսակցությունը կազմակերպել է Կուկունյանի փախուստը Ելիզավետպոլի (Գանձակ) բանտից, սակայն շուտով Կուկունյանը բռնվել է, դատապարտվել 15 տարվա տաժանակրության և երեք տարի անց մահացել: Հայ ժողովուրդը երգեր է հյուսել Կուկունյանի և նրա խմբի քաջագործությունների մասին:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am