ԿՐԱՖՏ-ԲՈՆԱՐ (Kraft-Bonnard) Էնտոնի ( ՞ - 1945 թ.), շվեյցարացի հոգևորական, միսիոներ: 1896 թ. Լոզանում կազմակերպել է կանտոնների ներկայացուցիչների ժողով, որտեղ որոշվել է ապահովել անհրաժեշտ օգնություն Օսմանյան կայսրության հայ բնակչությանը: Ստեղծվել է Հայերի օգնության շվեյցարական կազմակերպությունը, որը գոյատևել է մինչև 1922 թ.: 1896 թվականից եղել է Հայ որբերին ընդունող և պատսպարող շվեյցարական ընկերության ղեկավարը, Ժնևի մոտ՝ Բենյեն գյուղում հայ որբերի համար բացել է «Հայ տունը», Սեբաստիայում շենք ձեռք բերել հայ որբերի համար: 1898-1922 թթ. շուրջ 2 հզ. հայ որբեր կրթվել ու դաստիարակվել են շվեյցարական որբանոցներում: 1918-23 թթ. բազմիցս դիմել է տերությունների ղեկավարներին՝ հայ ժողովրդի ճակատագրի մտահոգությամբ: Որպես Հայաստանի բարեկամների շվեյցարական կոմիտեների միության գլխավոր քարտուղար 1919 թ. հոկտեմբերի 31-ին հեռագիր է հղել ԱՄՆ-ի պրեզիդենտ Վ. Վիլսոնին՝ խնդրելով «իր պաշտպանության տակ առնել այդ նահատակ ժողովրդին», վերցնել Հայաստանի մանդատը: 1920 թ. եղել է Հայասերների միջազգային լիգայի գործադիր կոմիտեի անդամ: Լոզանի կոնֆերանսից (1923 թ.) հետո Կրաֆտ-Բոնարը քանիցս դիմել է Ազգերի լիգային՝ ի պաշտպանություն Հայկական հարցի հանդես գալու խնդրանքով: Հեղինակ է Հայկական հարցի վերաբերյալ մի շարք հրապարակումների:

Ա. Կիրակոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am