Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Կովկասի հայոց բարեգործական ընկերություն

ԿՈՎԿԱՍԻ ՀԱՅՈՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, լուսավորական-մշակութային կազմակերպություն: Հիմնվել է 1881 թ. նոյեմբերի 15-ին, Թիֆլիսում, բժիշկ Բ. Նավասարդյանի նախաձեռնությամբ: Ընկերության նախնական նպատակը 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Անդրկովկաս գաղթած տասնյակ հազարավոր հայերին օգնելն էր: Հետագայում Կովկասի հայ բարեգործական ընկերությունը ընդլայնել է իր գործունեությունը: Ընկերությունը ղեկավարում էին խորհուրդը և տեղական վարչությունը: 1899 թ. այն ուներ 21 մասնաճյուղ (Երևանում, Վաղարշապատում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Շուշիում, Վլադիկավկազամ և այլուր):

Կովկասի հայ բարեգործական ընկերությունը բեղմնավոր գործունեություն է ծավալել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից հետո: Արևմտյան Հայաստանում նպաստել է ռուսական բանակի հաջողությանը, նյութական օգնություն ցույց տվել նրան, հավաքագրել կամավորներ:

1915 թ. Մեծ եղեռնից փրկված հայ գաղթականներին օգնելու համար ընկերությանը կից ստեղծվել է կոմիտե, որը գաղթականներին ապաստան է տվել, ապահովել սննդով, բացել դպրոցներ, հիվանդանոցներ, որբանոց-մանկատներ, դեղատներ, զբաղվել պարենամթերքի հայթայթմամբ, հայ գերիների փրկագնմամբ: Ընկերությունն իր միջոցներով օգնել է մյուս բարեգործական միություններին:

Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թ. մարտի 2-ին, Կովկասի հայ բարեգործական ընկերության վարչության որոշմամբ ընկերության ամբողջ գույքը դրվել է Հայկական ԽՍՀ իրավասության տակ:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am