ԿՈՎԱԼԵՎՍԿԻ Մաքսիմ Մաքսիմովիչ (1851-1916 թթ.), ռուս պատմաբան, ազգագրագետ, սոցիոլոգ: Աշխատությունսերը հիմնականում նվիրված են Եվրոպայի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման պատմությանը, XVII-XVIII դդ. եվրոպական հեղափոխությունների նախադրյալների քննարկմանը: Որոշ ժամանակ ապրելով Ֆրանսիայում՝ եղել է «Պրո Արմենիա» հանդեսի խմբագրության անդամ: 1900 թ. Փարիզում կայացած համաժողովում հանդես է եկել Թուրքիայում սուլթանական կառավարության կողմից հալածվող արևմտահայերի պաշտպանությամբ: Վերադառնալով Ռուսաստան՝ «Վեստնիկ Եվրոպի» հանդեսում հրատարակել է Հայկական հարցի վերաբերյալ հոդվածներ: Կովալևսկին նշել է, որ հայերը Ռուսաստանի լավագույն բարեկամներն են և այդպես իրենց դրսևորել են բոլոր ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, ինչի համար էլ թուրքական կառավարությունները նրանց հետապնդում են: Խիստ քննադատել է Ռուսաստանի պաշտոնական շրջանների քաղաքականությունը Հայկական հարցում, Ա. Լոբանով-Ռոստովսկու արտահայտությունը՝ «Հայաստանը Ռուսաստանին պետք է առանց հայերի», այն անվանելով «անխոհեմ» և «անհեթեթ»: Միաժամանակ Կովալևսկին նշել է եվրոպական երկրների պատասխանատվությունը արևմտահայերի ողբերգական ճակատագրի հանդեպ, մերկացրել Թուրքիայի կառավարող շրջանների բարբարոսական գործողությունները, որոնք, օգտվելով սկսված համաշխարհային պատերազմից, ձեռնամուխ եղան հայերի բնաջնջմանը: Կովալևսկիի մահվան կապակցությամբ «Արմյանսկի վեստնիկում» (1916 թ., N 10) տպվել է հայ մտավորականության ցավակցական խոսքը հայ ժողովրդի բարեկամի հասցեին:

Կ. Խուդավերդյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am