ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ, Կ. ՊՈԼԻՍ, Բյուզանդիոն, Ստամբուլ, Օսմանյան կայսրության մայրաքաղաքը (1453-1923 թթ.): Հիմնել է հռոմեական կայսր Կոստանդին Մեծը 324 թ., հին հունական քաղաք Բյուզանդիոնի տեղում: Մինչև 1453 թ. եղել է Հռոմեական կայսրության (կարճ ժամանակով) և Բյուզանդիայի (Արևելյան Հռոմեական կայսրություն) քաղաքական, տնտեսական, մշակութային, կրոնական խոշոր կենտրոն: 1453 թ. մայիսի 29-ին Կոստանդնուպոլիսը զավթել են օսմանյան թուրքերը:

Կոստանդուպոլսում բնակություն հաստատած առաջին հայերը զինվորականներ էին, վաճառականներ, ճարտարապետներ, ուսումնառության եկած երիտասարդներ: 572 թ. Կոստանդուպոլսում ստեղծվել է հայոց առանձին կրոնական համայնք: IX-XI դդ., երբ Բյուզանդիայի գահին տիրել են հայազգի կայսրերը [Մակեդոնական (Հայկական) դինաստիայից], հայերի թիվը ստվարացել է: 1461 թ. Կոստանդուպոլսում հաստատվել է հայոց պատրիարքություն (տե՛ս Պատրիարքություն հայոց Թուրքիո), 1478 թ. այստեղ բնակվել է 1000 տուն հայ: Հետագա դարերում հայերի թիվը բազմապատկվել է բռնագաղթի, աշխատանք որոնող պանդուխտների հաշվին (հիմնականում՝ Սեբաստիայից, Ակնից, Կիլիկիայից, Կովկասից, Պարսկաստանից, Կեսարիայից ևն): XIX դ. սկզբին Կոստանդուպոլսում ապրել է 150 հզ., 1840-ական թթ. 222 հզ., 1880-ական թթ.՝ շուրջ 250 հզ. հայ: 1880-ական թթ., Աբդուլ Համիդ II-ի օրոք, արգելվել է հայերի մուտքը Կոստանդուպոլս, իսկ 1896 թ. Օգոստոսին կազմակերպվել է տեղի հայերի զանգվածային կոտորած (զոհվել է շուրջ 10 հզ. հայ): Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Կոստանդուպոլսում բնակվում էր 150 հզ. հայ, որոնց մի մասը (հիմնականում՝ մտավորականները) դարձել է Մեծ եղեռնի զոհ:

Կոստանդուպոլսի հայ համայնքի ղեկավարը հայոց պատրիարքն էր: 1844 թ. ստեղծվել է Կոստանդուպոլսի համայնքի ներքին կյանքը կարգավորող մարմին՝ Ազգային ժողովը, 1847 թ.՝ Ազգային հոգևոր և գերագույն ժողովները, իսկ 1860 թ. ընդունվել է Ազգային սահմանադրությունը (հաստատվել է 1863 թ.): Դրանցից զատ համայնքի հասարակական կյանքը կազմակերպել են ազգային, մշակութային, բարեգործական միություններն ու ընկերությունները: XIX դ. վերջին և XX դ. սկզբին գործել են նաև հայ ազգային կուսակցությունները: Կոստանդուպոլսի առաջին կանոնավոր դպրոցը (ուր պատրաստվել են ուսյալ եկեղեցականներ) հիմնվել է XVIII դ. սկզբին: 1859 թ. Կոստանդուպոլսում կար 42 վարժարան, 1871 թ.՝ 48, 1893 թ.՝ 39, 1902 թ.՝ 40:

Կոստանդուպոլսը հայ տպագրության խոշոր կենտրոն էր: Առաջին հայկական տպարանը հիմնվել է 1565 թ.: XIX դ. 1-ին կեսին գործել է 25, 2-րդ կեսին՝ շուրջ 30 տպարան: Տպագրվել են հայկական գրքեր, պարբերականներ: Ցայսօր լույս է տեսել 334 անուն հայկական պարբերական:

Կոստանդուպոլսում ձևավորվել ու զարգացել են արևմտահայ մանկավարժությունը, հրապարակախոսությունը, արևմտահայ գրական լեզուն, թատրոնը: Հայ մտավորականներն ու գործարար մարդիկ նշանակալի դեր ու ավանդ ունեն Օսմանյան կայսրության մշակույթի ու տնտեսության զարգացման մեջ:

Կոստանդուպոլսի հետ են կապված Հայկական հարցի պատմության շատ իրադարձություններ: Կոստանդուպոլսի հայոց պատրիարքությունը և հայ հասարակական-քաղաքական շրջանները ձգտում էին ազդել Բարձր դռան վրա՝ կոչ անելով նրանց զսպել տեղական իշխանություններին, ապահովել Արևմտյան Հայաստանի հայ բնակչությանը նրանց վայրագություններից, կամայականություններից ու ոչնչացումից: XIX դ. կեսից, Թուրքիայում կապիտալիստական հարաբերությունների զարգացմամբ, Կոստանդուպոլսում սկսեց ձևավորվել թուրքական ազգային բուրժուազիան, որը, հակամարտության մեջ մտնելով ոչ թուրքական, առաջին հերթին հայ բուրժուազիայի հետ, ձգտում էր դուրս մղել նրան կայսրությունում զբաղեցրած առաջավոր դիրքերից: Այս հակամարտությունն էլ դարձավ հետագայում Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի ցեղասպանության գլխավոր պատճառներից մեկը: 1877-78 թթ. ոուս-թուրքական պատերազմից հետո Կոստանդուպոլսի հայոց պատրիարքության նախաձեռնությամբ Սան Ստեֆանոյի պայմանագրի մեջ մտցվեց հոդված (16-րդ) արևմտահայերի կացության վերաբերյալ: Կոստանդուպոլսում է ձևավորվել 1878 թ. Բեռլինի կոնգրես ուղարկված Ազգային պատվիրակությունը, որը պաշտպանելու էր Թուրքիայի հայերի շահերը: Բեռլինի վեհաժողովից հետո, որը չարդարացրեց հայերի հույսերը, Կոստանդուպոլսի հայերը բազմիցս փորձեցին եվրոպական տերությունների ուշադրությունը հրավիրել հայերի օրըստօրե վատթարացող վիճակի վրա, պարտադրել սուլթանին և նրա կառավարությանը՝ կատարել գոնե Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի պայմանները: 1890 թ. հուլիսին Կոստանդուպոլսի Գում Գափու թաղամասում (որտեղ գտնվում է հայոց պատրիարքարանը) հայերը կազմակերպեցին բողոքի ցույց ընդդեմ սուլթանական կառավարության քաղաքականության: Գում Գափուի ցույցը ցրվեց, ընդհարումների հետևանքով եղան զոհեր, իսկ թուրքական իշխանությունները առիթը օգտագործեցին՝ կազմակերպելով հայերի ջարդ: 1895 թ. սեպտեմբերին հայերը նոր քաղաքական ցույց կազմակերպեցին Բաբ Ալիում (սուլթանի պալատի մոտ) ի պաշտպանություն «Մայիսյան բարենորոգումների (1895 թ.) նախագծի, մասնակցում էր շուրջ 4 հզ. հայ: Իշխանությունները դաժան հաշվեհարդար տեսան խաղաղ ցուցարարների հետ, կազմակերպեցին կոտորած, սպանվեց շուրջ 2 հզ. հայ (տե՛ս Բաբ Ալիի ցույց 1895 թ.), 1896-97 թթ. Կոստանդուպոլսում տեղի ունեցավ եվրոպական տերությունների դեսպանների կոնֆերանսը, 1913-ի հուլիսին՝ դեսպանների խորհրդակցությունը, ուր քննարկվեց Արևմտյան Հայաստանում Հայկական բարենորոգումների (1912-14 թթ.) խնդիրը:

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից երիտթուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ հայերի՝ վաղօրոք ծրագրված բնաջնջման իրագործմանը, 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդուպոլսում ձերբակալվեցին հայ մտավորականության ներկայացուցիչները՝ 800-ից ավելի մարդ, և աքսորվեցին, հետագայում Կոստանդուպոլսից աքսորվեցին ևս 10 հզ. հայեր: 1915 թ. հունիսին Կոստանդուպոլսի սուլթան Բայազետի հրապարակում կախաղան բարձրացվեցին հնչակյան կուսակցության 20 գործիչներ (այդ թվում՝ Փարամազը: Պատերազմում Թուրքիայի պարտությունից (1918 թ.) հետո, երբ Կոստանդուպոլս մտան անգլիական, ֆրանսիական, իտալական զորքերը, Կոստանդուպոլս լքած կամ աքսորված շատ հայեր վերադարձան քաղաք: 1919-20 թթ. Կոստանդուպոլսում տեղի ունեցավ Երիտթուրքերի դատավարությունը: 1923 թ. Թուրքիայի մայրաքաղաքը Կոստանդուպոլսից փոխադրվեց Անկարա: 1994 թ. Կոստանդուպոլսում բնակվում էր շուրջ 50 հզ. հայ: Համայնքը ղեկավարում է հայոց պատրիարքը, գործում է Գաղութի ժողովը, որը հենվում է թաղային խորհուրդների վրա: Գործում են վարժարաններ, մշակութային, մարզական կազմակերպություններ, հրատարակվում են պարբերականներ:

Կ. Խուդավերդյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am