ԿՈՐՅՈՒՆ, Գոմսա Իսո [1870- ական թթ., գ. Գոմս (Մշո դաշտում) - 1915, Սասուն], ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Մուշի Ս. Կարապետ վանքի դպրոցում: Գործակցել է Հրայրի հետ, համամիտ էր նրա համընդհանուր ապստամբության գաղափարին: Մասնակցել է Ցրոնք գ. կռվին (1899 թ.): Ահաբեկչության համար ձերբակալվել է և դատապարտվել 101 տարվա բանտարկության, սակայն փախել է բանտից: 1901 թ. Գևորգ Չավուշի հետ մասնակցել է Նորշենի կռվին, 1904 թ. Սասունի ապստամբությանը, Գելիեգուզանի անկումից հետո (ապրիլի 23) իր խմբով անցել է Անդոկ լեռ, ապա իջել Մշո դաշտ և մասնակցել Կուրավուի, Գոմսի, Գոմերի, Վասպուրականում՝ Շամիրամի, Աղթամարի կռիվներին: Վերստին գալով Տարոն՝ սերտ հարաբերություններ է հաստատել քրդերի հետ: 1905 թ. վերջից անցել է Կովկաս, եղել Բաքվում, Թիֆլիսում, Զանգեզուրում և Ղարաբաղում: Հայ-թաթարական ընդհարումների ժամանակ (Բարգուշատում, Ղափանում, Սիսիանում, Արևիկում) կազմակերպել է շատ գյուղերի ինքնապաշտպանությունը: 1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է հայրենի Գոմս, որի գյուղապետն էր մինչև 1915 թ.: Եղել է 1915 թ. Սասունի հերոսամարտի ղեկավարներից, զոհվել է մարտում:

Ա. Ներսիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am