ԿՈՄԻՏԱՍ (Սողոմոնյան Սողոմոն Գևորգի) (1869 թ., Քյոթահիա – 1935 թ., Փարիզ), երգահան, երաժիշտ բանահավաք, տեսաբան, խմբավար, մանկավարժ: Հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը:

1881-83 թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, մասնագիտացել հայ հոգևոր երաժշտության ուսումնասիրության մեջ, Հայաստանի գյուղերում հավաքել բազմաթիվ ժողովրդական երգեր: 1895 թ. ձեռնադրվել է վարդապետ, ընդունել Կոմիտաս անունը: 1896 թ. կոմպոզիցիայի և երաժշտության տեսություն է ուսումնասիրել Բեռլինում (Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Ֆրիդրիխ Վիլհելմի համալսարանում): Այստեղ դարձել է Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից, հանդես եկել հայ երաժշտության մասին դասախոսություններով, որոնք արևմտաեվրոպական երաժշտագիտական շրջաններում արժանացել են բարձր գնահատանքի: 1899 թվականից Էջմիածնից շարունակելով ագգագրական, գիտական ու ստեղծագործական գործունեությունը՝ իր երկերի՝ հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության խմբերգային ու մեներգային մշակումների կատարումներով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում և Բաքվում: Հայ երաժշտությունն առավել լայնորեն ցուցադրելու նպատակով եղել է Արևմտյան Եվրոպայում (Փարիզ, Շվեյցարիայի քաղաքներ, Վենետիկ և այլուր): Հանդես գալով որպես ֆոլկլորային ուղղության առաջնակարգ կոմպոզիտոր՝ Կոմիտասը հայ ազգային երաժշտությունը դրեց համաեվրոպական զարգացման հունը՝ դրանով իսկ արժեքավոր ներդրում անելով համաշխարհային երաժշտական բանահյուսության և արևելաքրիստոնեական երաժշտական արվեստի գանձարանը: Կոմիտասի երաժշտական և տեսական աշխատությունները էական ազդեցություն ունեցան արևելյան մյուս ժողովուրդների երաժշտարվեստի զարգացման գործընթացների վրա: 1910 թվականից Կոմիտասը ապրել է Կ. Պոլսում, ուր ծավալել է ստեղծագործական և կատարողական լայն գործունեություն: Խմբերգային համերգներով և մենակատարումներով հանդես է եկել Կ. Պոլսում, Թուրքիայի այլ քաղաքներում, նաև Եգիպտոսում (Ալեքսանդրիա, Կահիրե):

1915 թ. ապրիլի 17-ին և 18-ին Կ. Պոլսի Ղալաթիա թաղի հայկական եկեղեցում առաջին անգամ Կոմիտասը արական երգչախմբով հնչեցրել է իր նոր, նշանավոր ստեղծագործությունը՝ Պատարագը, հաջորդ կատարումը նշանակված էր նույն թվականի մայիսի 3-ին: Սակայն, ապրիլի 24-ին, պոլսաբնակ հայ մտավորականության ներկայացուցիչների հետ, նա ևս ձերբակալվեց և աքսորվեց: Աքսորի ճանապարհին Կոմիտասը իր ժողովրդի ողբերգության ականատեսը եղավ: Թուրքիայի և այլ երկրների մի շարք հեղինակավոր գործիչների միջնորդությամբ նա վերադարձվեց Կ. Պոլիս՝ հոգեկան հավասարակշռությունը արդեն խախտված: Կյանքի մնացած տարիները Կոմիտասը անցկացրեց Կ. Պոլսի զինվորական հոսպիտալում (մինչև 1919 թ.), ապա Փարիզի հոգեբուժարաններում: 1936 թ. Կոմիտասի աճյունը տեղափոխվել է Երևան և թաղվել գիտության և արվեստի գործիչների պանթեոնում:

Ռ. Աթայան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am