ԿԼԵՄԱՆՍՈ (Clemenceau) Ժորժ Բենժամեն (1841-1929 թթ.), ֆրանսիական քաղաքական և պետական գործիչ: Ֆրանսիայի ակադեմիայի անդամ: 1880-ական թթ. գլխավորել է ձախ արմատականների կուսակցությունը: 1906-09 թթ., 1917-20 թթ.՝ վարչապետ: 1919-20 թթ. Փարիզի հաշտության կոնֆերանսի նախագահն էր: Մեծ դեր է խաղացել 1919 թ. Վերսալի հաշտության պայմանագրի մշակման գործում: XIX դ. 80-ական թթ. համակրել է արևմտահայերի ազատագրական շարժմանը, աշխատակցել Փարիզում լույս տեսնող «Պրո Արմենիա» թերթին: Սակայն, անցնելով իշխանության գլուխ, Կլեմանսոն վարել է երկդիմի քաղաքականություն, հայտարարել որ, իբր, պատերազմի նպատակներից մեկն էլ ճնշված ժողովուրդների ազատագրումն է: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Կլեմանսոյի գլխավորած կառավարությունը հրաժարվել է հայ ժողովրդին տված խոստումներից: Հրատարակված անգլիական փաստաթղթերից հայտնի է դարձել, որ Դ. Լլոյդ Ջորջի հետ զրույցի ժամանակ Կլեմանսոն հայտարարել է, թե «հայերը վտանգավոր ժողովուրդ են, և չարժե նրանց հետ գործ ունենալ: Նրանք պահանջում են մեծ գումարներ, սակայն տալիս են փոքր փոխհատուցում...» (Documents on British Foreign Policy 1919-1939. First series, v. 2, 1949, p. 734).

Ռ. Սահակյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am