ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Ջոն Սահակի (1929 թ., Երևան – 1985 թ., Մոսկվա, թաղված է Երևանում), պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (1966 թ.), պրոֆեսոր (1969 թ.): Ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությանը, Հայկական հարցին, հայերի ցեղասպանությանը, ազգային-ազատագրական շարժման խնդիրներին: «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը» (1965 թ.) աշխատության մեջ լուսաբանել է հայ բնակչության վիճակը Օսմանյան կայսրությունում, Հայկական հարցի նկատմամբ մեծ տերությունների քաղաքականությունը առաջին համաշխարհային պատերազմից (1914-18 թթ.) առաջ և ընթացքում, 1915 թ. հայերի ցեղասպանությունը: Մասնակցել է «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923 թթ. (1972 թ.) ժողովածուի կազմմանը, խմբագրմանը և գրել առաջաբանը: «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը» (հ. 1-2, 1978-80 թթ.) ուսումնասիրության մեջ հանգամանորեն վերլուծել է 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի և Սան Ստեֆանոյի պայմանագրի ստորագրումից (1878 թ.) մինչև Բեռլինի կոնգրեսն (1878 թ.) ընկած ժամանակաշրջանի իրադարձությունները:

Հայկական հարցում եվրոպական տերությունների դիվանագիտական պայքարը, հայ ազգային-ազատագրական շարժման և ազգային կուսակցությունների սկզբնավորումն ու զարգացումը: «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» (հ. 1-2, 1982-83 թթ.) աշխատության առաջին հատորում շարադրել է երիտթուրքական շարժման առաջացման և զարգացման պատմությունը, վերլուծել երիտթուրքական կուսակցության պարագլուխների քաղաքական հավատամքը, նրանց ազգայնական և պանթյուրքիստական ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական գծերը: Երիտթուրքերի վարած պետական քաղաքականության քննադատության և վերլուծության հիման վրա ներկայացրել է Արևմտյան Հայաստանի, հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման ու կուսակցությունների գործունեության խնդիրները: Երկրորդ հատորում (1915-ից մինչև մեր օրերը) վերլուծել է երիտթուրքական կառավարության հակահայկական քաղաքականությունը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ի հաշիվ հայ ժողովրդի կենսական շահերի թուրքականության սկզբունքների իրականացման ընթացքը, առաջին անգամ հայ խորհրդային պատմագրության մեջ վեր հանել երիտթուրքերի դատավարությունը, փաստական հարուստ նյութերի հիման վրա ցույց տվել թուրքական պատմագրության՝ 1915 թ. եղեռնի խնդրի նենգափոխման սնանկությունը, ներկայացրել արևմտյան տերությունների և համաշխարհային հասարակայնության դիրքորոշումը Հայկական հարցում 1970-80-ական թթ.: «Ա. Կ. Ջիվելեգովը և նրա պատմա-հրապարակախոսական ժառանգությունը» (1986 թ., ռուսերեն) գրքում գնահատել է գիտնականի՝ հիմնականում Հայկական հարցին վերաբերող աշխատությունները:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am