ԿԻՊՐՈՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ 1878 Թ., անգլո-թուրքական պաշտպանական դաշինք ընդդեմ Ոուսաստանի, ստորագրվել է հունիսի 4-ին, Կ. Պոլսում: Կիպրոսի կոնվենցիայի 1-ին հոդվածով Անգլիան պարտավորվում էր զենքով պաշտպանել Թուրքիային այն դեպքում, եթե 1877-78-ի   ռուս-թուրքական պատերազմում գրավված Բաթումը, Արդահանը, Կարսը կամ դրանցից որևէ մեկը Ոուսաստանը պահեր իր ձեռքում և «երբևիցե փորձեր տիրել նորին կայսերական մեծության սուլթանի տարածքի որևէ այլ մասին Ասիայում»: Դրա փոխարեն սուլթանը պարտավորվում էր, Անգլիայի հետ համաձայնեցնելով, անհրաժեշտ բարենորոգումներ մտցնել նշված տարածքներում և, բացի այդ, որպեսզի «Անգլիան իր պարտականությունը կատարելու համար պահանջված միջոցներն ապահովի, ...սուլթանը հավանություն է տալիս նույնպես, որ Կիպրոս կղզին գրավվի և կառավարվի Անգլիայի կողմից» [«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923 թթ.)», էջ 104]:

Սիևնույն ժամանակ Սեծ Բրիտանիան Ոուսաստանի հետ դրանից առաջ՝ մայիսի 30-ին կնքած գաղտնի համաձայնությամբ (տե՛ս Անգլո-ռուսական համաձայնագիր 1878 թ.) այլևս չէր առարկում Բաթումի, Արդահանի և Կարսի նկատմամբ ռուսական պահանջատիրության դեմ՝ ստանալով Ոուսաստանի հավաստիացումը, որ նա Փոքր Ասիայում նվաճած մյուս մարզերը (Բայազետն ու Ալաշկերտի հովիտը) կվերադարձնի Թուրքիային և ապագայում Ոուսաստանի սահմանը չի ընդարձակի ասիական Թուրքիայի ուղղությամբ: 1878 թ. Բեռլինի կոնգրեսի նախօրեին այդպիսի համաձայնագրերի կնքումը նպատակ ուներ, մի կողմից, ապահովել Անգլիայի աջակցությունը Թուրքիային 1878 թ. Սան Ստեֆանոյի պայմանագրի ռուս-թուրքական սահմանների վերաբերյալ հոդվածների վերանայման ժամանակ, մյուս կողմից, ուժեղացնել Անգլիայի ազդեցությունը Թուրքիայում և Մերձավոր Արևելքում ընդհանրապես: Անգլիական դիվանագիտությունը, հավատարիմ իր ավանդական քաղաքականությանը, արգելակում էր հաղթանակած Ռուսաստանի հետագա առաջխաղացումը ասիական Թուրքիայում, որը սպառնում էր Բրիտանական կայսրության շահերին այդ տարածքում և, միևնույն ժամանակ, Թուրքիայից գաղտնի որոշ զիջումներ անելով Ռուսաստանին Արևելյան Անատոլիայում, զավթում էր Կիպրոս կղզին՝ էլ ավելի ամրապնդելով իր դիրքերը Արևելյան Միջերկրականով դեպի Հնդկաստան տանող ջրուղիներում, հող նախապատրաստելով նաև Եգիպտոսի ապագա գրավման համար (որն իրականացրեց 1882 թ.):

Ինչ վերաբերում է հայկական բարենորոգումներին, որոնք նախատեսված էին Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով, ապա, ստանձնելով դրանց անցկացումը Թուրքիայի հետ երկուստեք համաձայնությամբ, Անգլիան Կիպրոսի կոնվենցիայով փաստորեն Ռուսաստանին զրկում էր բարենորոգումներին հսկելու իրական հնարավորությունից (քանի որ դրանք, ըստ Սան Ստեֆանոյի պայմանագրի, պետք է կենսագործվեին մինչև ռուսական զորքերի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից) և այն փոխարինում Թուրքիայի «քրիստոնեաբնակ վայրերում բարենորոգումներ մտցնելու» անորոշ ձևակերպմամբ:

Բեռլինի կոնգրեսի օրերին Անգլիան Կիպրոսի կոնվենցիան լրացրեց (1878 թ. հուլիսի 1-ին) ևս մի հոդվածով, ըստ որի, Ռուսաստանի կողմից Կարսն ու գրավված մյուս վայրերը Թուրքիային վերադարձվելու դեպքում Անգլիան պետք է էվակուացնի Կիպրոս կղզին, իսկ Կիպրոսի կոնվենցիան կորցնի իր ուժը: Բայց արդեն սկսված առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում, երբ Թուրքիան հանդես եկավ Գերմանիայի կողմում, Անգլիան 1914 թ. նոյեմբերի 5-ի թագավորական հրահանգով չեղյալ համարեց Կիպրոսի կոնվենցիան և հայտարարեց Կիպրոսի բռնակցման մասին:

Ջ. Թորոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am