ԿԻԼԻԿԻԱ. հնագույն մարզ Փոքր Ասիայում, Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափերին: Ք.ա. 2-րդ հազարամյակի կեսից Կիլիկիան եղել է Խեթական պետության, 6-4-րդ դդ.` Աքեմենյան Իրանի կազմում: Ավելի ուշ, մտել է Ալեքսանդր Մակեդոնացու տերության մեջ, որի անկումից հետո անցել է Սելևկյան, ապա Հռոմեական կայսրությանը: Միջին դարերում Կիլիկիան կռվախնձոր էր Բյուզանդիայի, արաբների և սելջուկների միջև: 1080թ. մինչև 1375թ-ը Կիլիկիայում իշխել է Կիլիկիայի հայկական պետությունը: 16-րդ դարի սկզբին Կիլիկիան զավթել են թուրքերը՝ համաձայն օսմանյան կայսրության վարչատարածքային բաժանման: Կիլիկիան կազմել է Ադանայի նահանգը, 1880թ-ից Մարաշը ներառվել է Հալեպի նահանգի մեջ: Օտարերկյա տիրապետության հարյուրավոր տարիների ընթացքում Կիլիկիայում բացի թուրքերից, հաստատվել են տարբեր քոչվոր ցեղեր` քրդեր, չերքեզներ, գնչուներ: Սակայն նույնիսկ 1894-1896թթ-ին և 1909թ-ին թուրք իշխանությունների կազմակերպած հայկական ջարդերից հետո էլ Կիլիկիայի բնակչության գերակշռող մասը կազմել են հայերը: Կ.Պոլսի հայոց պատրաիրքարանի տվյալների համաձայն, 1912թ-ին Ադանայի նահանգում և Մարաշ գավառում կար 377000 հայ, որոնց մեծ մասը բնաջնջվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայում՝ հայերի Մեծ եղեռնի ժամանակ: Ըստ Անգլիայի և Ֆրանսիայի միջև կնքված գաղտնի համաձայնագրի` Կիլիկիան Թուրքիայի պարտությունից հետո պետք է անցներ Ֆրանսիային, որին Կիլիկիան հետաքրքրում էր և´ տնտեսական, և´ ռազմավարական տեսակետից: Ֆրանսիական  կառավարության հետ կնքած համաձայնագրով, Հայկական լեգեոնը պետք է կռվեր Թուրքիայի դեմ միայն Կիլիկիայում և հաղթական ավարտից հետո կարող էր դառնալ ապագա Կիլիկիայի ինքնավար հանրապետության բանակի կորիզ: Արարայի ճակատամարտում (1918թ.Հայկական լեգեոնը կռվեց հերոսաբար և վճռեց մարտի ելքը՝ հօգուտ ֆրանսիական զորքերի: Պատերազմում Թուրքիայի պարտությունից և 1918թ-ին Մուդրոսի զինադադարի կնքումից հետո, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, Հայկական լեգեոնը (մոտ 6000 մարտիկ) ֆրանսիացիները տեղափոխեցին Կիլիկիա: Եղեռնից մազապուրծ և տեղահանված հայերը սկսեցին վերադառնալ հայրենիք: Ֆրանսիայի Գերագույն կոմիսարիատի տվյալներով, 1919թ-ին Կիլիկիայում ապրում էր 12000 հայ (Փարիզում հայ ազգային պատվիրակության տվյալներով՝ 13000), իսկ 1920թ-ին ամբողջ Կիլիկիայում ապրում էր արդեն 10000 հայ: Քանի որ հայկական ռազմական ուժերը բավարար չէին Կիլիկիայում ռազմական և վարչական հսկողություն սահմանելու համար, ապա Ֆրանսիան համաձայնեց այնտեղ տեղավորել անգլիական զորք: 1919թ-ի փետրվարի կեսին, զինվորական իշխանությունը Կիլիկիայում կենտրոնացվեց անգլիական հրամանատարության ձեռքում: Նոյեմբեր ամսին անգլիական զորքերը փոխարինվեցին ֆրանսիական զորամասով, բայց ֆրանսիական վարչությունը ոչ մի միջոց չէր ձեռնարկում հայերի անվտանգությունն ապահովելու համար: Տեղերում իշխանության գլուխ մնացել էին թուրք պետական պաշտոնյաներ, մահմեդականները զինաթափված չէին: Օգտվելով ֆրանսիական վարչության անորոշությունից` քեմալական զորքերը և տեղացի չեթնիկները սկսեցին հաշվեհարդար տեսնել հայ բնակչության հետ: 1920թ-ի հունվարին՝ 20-օրյա մարտերի ընթացքում զոհվեցին 11000 մարաշցիներ, մնացած 6000-ը ստիպված էր տեղափոխվել Սիրիա: Այնուհետև. թուրքերը պաշարեցին Հաճնը, որտեղ 30-35000 հայ բնակչությունից (1914թ.) փրկվել էր 6000-ը: Վեցամսյա հերոսական դիմադրությունից հետո, Հաճնի հայերը 1920թ-ի հոկտեմբերին պարտվեցին, միայն քաղաքի 380 պաշտպանների հաջողվեց ճեղքել պաշարման օղակը և հեռանալ: 1920թ-ի ապրիլի 1-ին քեմալական զորքերը պաշարեցին Այնթափը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 15000 այնթափցիներ խուսափեցին կոտորածից, բայց այն բանից հետո, երբ ֆրանսիական զորքերը թողեցին Կիլիկիան, Այնթափի հայերը 1921թ-ի վերջին որոշեցին տեղափոխվել Սիրիա: 1920թ-ին քեմալականները բնաջնջեցին Զեյթունի կենդանի մնացած հայ բնակչությանը: Այսպիսով` քեմալականներն, ըստ էության, ավարտեցին հայ բնակչության  բնաջնջումը: Ֆրանսիական կառավարությունը ոչ միայն չկատարեց իր դաշնակցային պարտականությունները, այլև 1921թ-ի հոկտեմբերի 20-ին Անկարայի պայմանագրով Կիլիկիան տվեց Թուրքիային: Թուրքական իշխանությունները և ֆրանսիական զինվորականությունը պատասխանատվություն էր կրում 1920-21թթ-ին Կիլիկիայի՝ շուրջ 25000 հայ զոհերի և ողջ մնացածների արտագաղթի համար:

 

Գրականության ցանկ

 

Սվազլյան Վ., Կիլիկիա, Երևան, 1994թ.: 

Շեվալիե Մ., Կիլիկյան Հայաստանի և հոգևոր-ասպետական միաբանությունների փոխհարաբերությունների պատմությունից, Երևան, 2013թ.: 

Թինոյան Դ., Կիլիկիո Հայոց թագավորությունը և ինքնիշխան կազմավորումները 1320-1424թթ., Երևան, 2011թ.: 

Հովհաննիսյան Ա., Կիլիկիայի Հայկական թագավորության և Եգիպտոսի սուլթանության հարաբերությունները, Երևան, 2008թ.: 

Բալոյան Ա., Կիլիկիայի 1909թ. հայկական կոտորածներն ըստ իտալական դիվանագիտական փաստաթղթերի, Երևան, 2013: 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am