ԿԵՍԱՐԻՍ, Կայսերի (հնում՝ Մաժաք, Եվսեբեյա), քաղաք և գավառ Փոքր Ասիայի կենտրոնական շրջանում, Կիլիկիայի հյուսիսում, պատմական Կապադովկիայում: Գավառի վարչական կենտրոն Կեսարիա քաղաքը ընկած է Ալիս (Կզըլ հրմակ) գետի Կարասու վտակի ձախ ափին, Արգեոս լեռան հյուսիսային ստորոտին:

1471 թ. Կեսարիան նվաճել են օսմանյան թուրքերը և մտցրել Անգորայի նահանգի մեջ: Ըստ անգլիացի Քիննեյրի տվյալների, 1813 թ. Կեսարիա քաղաքն ուներ 25 հզ. բնակիչ, որից 15 հզ. հայեր: Մինչև XIX դ. վերջը մահմեդականների ներհոսքի հետևանքով քաղաքի բնակչությունը կրկնապատկվել է, մինչդեռ բռնի մահմեդականացման, կոտորածների ու արտագաղթերի պատճառով հայերի թիվը կազմել է 14766 մարդ, որից 12 հզ.՝ մշտաբնակներ, մնացածը՝ պանդուխտներ Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից: 1878 թ. հետո հայերի հալածանքները Կեսարիայում խստացել են, 1880 թ., մոլլաների հրահրմամբ մոլեռանդ ամբոխը հարձակվել է հայերի վրա և բռնությամբ թլպատել տասնյակ մարդկանց: 1890-ական թթ. սկզբին մի խումբ հայրենասեր երիտասարդներ (հնչակյան կուսակցության անդամներ) կապ են հաստատել տեղի ֆիդայական խմբերի (չելլոների), Մալաթիայի ազատագրական շարժման գործիչների հետ, կազմակերպել զենքի տեղափոխության գործը: 1893 թ. կազմակերպության շատ անդամներ ձերբակալվել են, նրանցից 17-ը դատապարտվել են մահվան (12-ի դատավճիռը փոխվել է երկարատև բանտարկության, իսկ 5-ը 1893 թ. հուլիսի 18-ին կախաղան են բարձրացվել Անկարայի կենտրոնական հրապարակներից մեկում): Այդ օրերին թուրք խուժանը հարձակվել և կողոպտել է Կեսարիայի երեք հայկական եկեղեցիները, սպանել մի քանի հայերի: 1895 թ. նոյեմբերի 17-ին թուրքական իշխանությունները հրահրել են հայ-թուրքական ընդհարումները, ինչը հայկական ջարդեր սկսելու ազդանշան է ծառայել: Քաղաքի մի քանի շրջաններում հայերը դիմել են ինքնապաշտպանության: Պաշտպանական հաջող մարտեր են մղվել Բամբուկ խանում, շուկայի փողոցում: Կոտորածները շարունակվել են մինչև նոյեմբերի 19-ի ուշ գիշերը և դադարել եվրոպական դեսպանների միջամտությունից հետո: Եռօրյա ջարդերի զոհ են դարձել 346 հայեր և 10 հույներ: 1909 թ. Ադանայի ջարդի օրերին ազգային երեք կուսակցությունների (հնչակյան, դաշնակցական, ռամկավարական) գործիչների կոչով, հայերը փակել են իրենց խանութները, դիմել զենքի: Քաղաքի հայկական թաղամասերը վերածվել են պաշտպանական գոտու: Մեկ ամիս հայկական թաղամասերը մնացել են պաշարված վիճակում: Համոզվելով, որ հայերը կարող են ուժեղ դիմադրություն ցույց տալ, թուրք իշխանությունները ստիպված հրաժարվել են հայկական կոտորածներ կազմակերպելու նախապես մշակած իրենց ծրագրից:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Կեսարիայի գավառում հաշվվում էր շուրջ 70 հզ. հայ, որից 19 հզ.՝ քաղաքում, մնացածը՝ երեք գյուղախմբերի (Այսրարգոսյան, Անդրարգոսյան և Կիզիստրայի) 34 գյուղերում: 1915 թ. փետրվարին Գևորգ Համբարձումյանի պատրաստած ռումբի պատահական պայթյունը առիթ է ծառայել իշխանություններին՝ սկսելու խուզարկություններ և ձերբակալություններ: Ա. Ալպոյաճյանի հրատարակած թուրքական պաշտոնական վավերագրերի պատճեններից հստակ երևում է, որ Կեսարիայի կառավարիչը 1915 թ. գարնանը և ամռանը բազմաթիվ հրահանգներ է ստացել հայերի տեղահանության և կոտորածների, նրանց ունեցվածքի բռնագրավման մասին: 1915 թ. մայիսին բազմաթիվ կեսարացիների քշել են տարբեր վայրեր՝ հարկադիր աշխատանքի: Հունիսի սկզբից մինչև սեպտեմբերի 18-ը Կեսարիայի Քյոմուրբազարի հրապարակում խումբ-խումբ կախաղան են բարձրացվել 54 նշանավոր մտավորականներ ու ազգային գործիչներ, որոնց թվում՝ Մեծն Մուրադը (Համբարձում Բոյաջյան): Կեսարիայի հայության տեղահանությունը հանձնարարվել է չեթենական երկու գնդերի: Հունիսի 8-ից մինչև սեպտեմբերի 22-ը քաղաքից և գյուղերից կարավաններով տեղահանվել և տարագրվել է մոտ 65 հզ. մարդ: Ճանապարհին առանձնացված տղամարդկանց մեծ մասին չեթենները սրի են քաշել Ազիզիեի շրջակայքում և Կեմերեկի ու Շարգըշլայի միջև ընկած ձորում: Մինչև Հալեպ հասել է 7-8 հզ. մարդ՝ մեծ մասամբ այրիացած կանայք ու որբացած մանուկներ: Դիարբեքիրի ուղղությամբ տարված տարագիրների զգալի մասը սպանվել է Ուրֆայի մատույցներում: Եղեռնից փրկված կեսարացի երիտասարդների 128 հոգիանոց ջոկատը մտել է ֆրանսիական բանակ և կռվել թուրքերի դեմ: Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո՝ 1918 թ. վերջին և 1919 թ. ընթացքում բազմաթիվ բարեգործական ընկերությունների, անհատ մարդկանց օգնությամբ փրկված հայեր վերադարձել են Կեսարիա: Որոշ փրկվածներ մնացել են Սիրիայում, հանգրվանել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Եգիպտոսում: 1924 թ. տվյալներով, Կեսարիայի գավառում կար 2653 հայ, որից 1114-ը՝ բնիկ կեսարացիներ, մնացածը՝ այլ վայրերից: Մինչև 1932 թ. արտագաղթի ու մահմեդականացման հետևանքով Կեսարիայի հայության թիվը կրճատվել է (1600 մարդ): 1930-ական թթ. կեսարացիների մի մասը հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան: Ներկայումս Կեսարիայում ապրում է մոտ 200 հզ. բնակիչ: Հայերի գոյության մասին պաշտոնական տեղեկություններ չկան:

Ա. Մելքոնյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am