Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Կերպարվեստ (Մեծ եղեռնի արտացոլումն արվեստում շարքից)

 Կերպարվեստ (Մեծ եղեռնի արտացոլումը արվեստում): Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ շրջաններում թուրքական իշխանությունների կազմակերպած հայերի ցեղասպանությունը, դրա հետ կապված միջազգային իրադարձությունները, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բռնկումները, աշխարհով մեկ սփռված ողջ մնացած հայերի ճակատագիրը, ժողովրդի համառությունն ու կենսահաստատությունը, որը կարողացավ վերածնվել ու նոր կյանքի լծվել, այս բոլոր երևույթները կազմում են հայ ժողովրդի հասարակական զարգացման մեջ մի ամբողջ շերտ, որը հաստատորեն ամրացել է նրա պատմական հիշողության մեջ: Այս ամենը դարձել է մտորումների, խոր ապրումների առարկա և գտել է իր արտահայտությունը հայ արվեստում (կերպարվեստ և մոնումենտալ արվեստ, երաժշտություն, թատրոն և կինո): Հայ արվեստն իրեն հատուկ արտահայտչամիջոցներով ձգտել է իմաստավորել կատարվածը, պատասխանել ժողովրդին հուզող հարցերին, օգնել նրան հաղթահարելու ողբերգությունը և հասնելու ինքնահաստատման: Պայմանավորված լինելով պատմական իրադրությամբ՝ հասարակական-քաղաքական բնույթի գործոններով՝ հայ արվեստը ազգային-ազատագրական պայքարի, եղեռնի թեման գեղարվեստորեն կերտելու ու իմաստավորելու խնդրում ունեցել է վերելք և անկում, հաջողություններ և որոնումներ, սակայն միշտ հավատարիմ է մնացել իսկական արվեստի մարդասիրական սկզբունքներին: 

 Հայկական ջարդերը կերպավորած առաջին հայ նկարիչներից էր Հարություն Շամշինյանը (1856-1914): Անդրանիկ աշխատանքը «1897 թվականը Թուրքիայում» մատիտանկարն է, որտեղ պատկերել է հայկական գյուղում հայերին սրի քաշող թուրք ասկյարներին: 1905-06-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հայերի նկատմամբ կատարված բռնություններն ու անմարդկային բարբարոսություններն են արտացոլված «Հայկական կոտորածը» և «Գիշատիչները» նկարներում: Առաջինում պատկերված է<<Ոտնահարված սրբություն>> (Հայաստանի ազգային պատկերասրահ) թաթար-թուրքերի դատաստանն անզեն հայ գեղջկուհիների նկատմամբ, երկրորդում՝ հայերի դիակները հոշոտող գիշակեր անգղները: Հայ Ժողովրդի ողբերգությանն արձագանքած առաջին նկարիչներից էր նաև Վարդգես Սուրենյանցը (1860- 1921), որի արվեստում հատկապես ցնցող մարմնավորում են ստացել սուլթան Աբդուլ Համիդի 1895—96-ին կազմակերպած հայկական կոտորածները: Հայ ժողովրդի մարտիրոսության վավերագրեր են 1915-ին կատարված հայ գաղթականների մատիտանկար և ջրաներկ պատկերները:
1895—96-ի համիդյան ջարդերը մեծ հուզմունք են պատճառել նաև աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն (1817-1900), որի խռովահույզ հոգու պոռթկումները դրսևորում են գտել նկարչի մի շարք ստեղծագործություններում:
Իր ազգակիցների թշվառ վիճակի նկատմամբ անտարբեր չի մնացել նաև նկարիչ Գրիգոր Գաբրիելյանը (1862-98): Հավանորեն XIX դ. 80-ական թթ. վերջին են պատկանում Թիֆլիսում վրձնած «Տաճկահայ բեռնակիրը» և «Տաճկահայ բանվորը» նկարները, որոնցում ներկայացված են Արևմտյան Հայաստանում իրենց բնօրրանը թողած և Կովկաս եկած երկու հայ աշխատավորներ: Գաբրիելյանն իր նպաստն է բերել նաև «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» (1897) ժողովածուի ձևավորման գործին: Օսմանյան Թուրքիայում հարստահարվող և սրի քաշվող հայության ճակատագիրը խոր մտահոգության առարկա է եղել նշանավոր գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի (1857-1925) համար և իր արտացոլումն է գտել նրա արվեստում: Իր ժողովրդի աղետալի վիճակի արտացոլումն ենք տեսնում նաև Եղիշե Թադեվոսյանի (1870-1936) առանձին աշխատանքներում: Ուշագրավ է հայ որբերի առօրյան ներկայացնող «Կեսօրյա ճաշ» (1896) պատկերը, որն այսօր հայտնի է 1925-ին վրձնած փոքրաչափ կրկնօրինակի շնորհիվ: Անչափ նուրբ, բայց և ողբերգական հնչեղությամբ է օժտված «Դեպի պանդխտություն» (1896) կտավը, որտեղ պատկերված են նախքան հեռավոր ափեր մեկնելը հարազատի շիրմին հրաժեշտի համար այցի եկած հայրն ու որդին: Հին գերեզմանոցում այս լուռ ու թախծոտ տեսարանն անչափ խոսուն է և ազդեցիկ: Հիշարժան է նաև «Երկրպագություն խաչին» (1894- 1901) պատկերը: Խաչին երկրպագող հայ գյուղացուն այլևս ոչինչ չի մնացել, քան ապավինել աստծուն՝ հուսալով, որ վերջ կդրվեն իր թշվառությանն ու տառապանքին:
Ազգային թեմաներով պատկերներ ստեղծելու համար հայ արվեստագետներին հավանորեն լրացուցիչ ազդակ է ծառայել նաև այլ ժողովուրդների հեղափոխական շարժումներին ծանոթանալը և դեմոկրատական պայքարի մթնոլորտում աշխատելը: Այս առումով հետաքրքիր է Պետերբուրգում դարասկզբին աշխատած նկարիչներ Դավիթ Օքրոյանցի (1874- 1943) և Վրթանես Ախիկյանի գեղարվեստական ժառանգության ուսումնասիրությունը: Հայ-թաթարական ընդհարումների եղերական պատմությունն իր արտացոլումն է գտել Ախիկյանի այն գծանկարներում, որոնք զարդարում են Պետերբուրգում 1907-ին հրատարակված «Արցունքներ» գրակ-երաժշտ-գեղ. ժող.:
Օսմանյան թուրքերի կազմակերպած արյունահեղություններն Արևմտյան Հայաստանում Սասունի 1896-ի և 1904-ի ապստամբությունները, առաջին աշխարհամարտի ժամանակ սկզբնավորված հայկական կամավորական շարժումն իրենց արտացոլումն են գտել Արշակ Ֆեթվաճյանի (1866-1974), հայերի զանգվածային ջարդերն ու բռնի գաղթը՝ պատանեկան հասակից ազատագրական պայքարի մեջ մտած Փանոս Թերլեմեզյանի (1865-1941) արվեստում:
Հանգամանքների բերումով հայոց գողգոթայի իսկական վավերագրող դարձավ Լևոն Սերովբե Քյուրքչյանը (1872-1924): 1913-ին Ադանայում նկարչություն դասավանդող արվեստագետին հրաշքով հաջողվում է խուսափել տարագրութունից և մինչև զինադադարը ինժեներ-գծագրող աշխատել Բաղդադի երկաթգծի ընկերությունում: Այստեղ, իբրև ականատես իրենց հայրենիքից տեղահանված, անապատ քշվող ջարդված, կողոպտված, հուսահատ հայերի կարավանների, վրձնում է «Քարավանից դուրս մնացած փոքրիկ հայուհին», «Գավառահայ մամիկը» և այլ պատկերներ: Ի տարբերություն վերևում հիշատակված նկարիչների Սերովբե Քյուրքչյանը պատկերել է ոչ թե երիտթուրքերի գեհենից ազատված փախստականներին, այլ դեպի իրենց վախճանը գնացող հայ մարդկանց: 1920-ին Փարիզում ցուցադրված այս աշխատանքներն օժտված են մերկացնող մեծ ուժով և գեղ. ու պատմ. բացառիկ արժեք են ներկայացնում: Դժբախտաբար, անհայտ է նկարչի մահից հետո նրա ստեղծագործությունների պահպանման վայրը:
Հայ ժողովրդի ողբերգությունը հիմնական թեմա է դարձել «Հայոց վշտի երգիչ» Սարգիս Խաչատուրյանի (1886- 1947) ստեղծագործության համար: 1915-ի Մեծ եղեռնից փրկված և Կովկաս հասած նկարիչն, ասես, գաղթականի իր անցած դառը ուղին է ներկայացրել հայ գաղթականության և որբության թեմաներով վրձնած բազմաթիվ պատկերներում:
Թուրքերի գազանություններն արտացոլվել են Հմայակ Արծաթպանյանի (1876-1919) մի շարք երկերում: Առաջինը «Հրդեհ հայկական գյուղում» (1915) նկարի էսքիզն է, որտեղ պատկերված են իրենց փոքրիկ երեխաների հետ ամայի դաշտով սարսափահար փախչող երկու հայ գեղջկուհիներ: Հեռվում երևում է նրանց այրվող հայրենի գյուղը: Համազգային ողբերգության թեման արծարծված է նաև «Արցունքի հովիտը», «Ավերակների մեջ», «Սարսափների աշխարհում» (երեքն էլ՝ 1917) նկարներում: «Կոտորած» (1918) էսքիզում Արծաթպանյանը ներկայացնում է Արարատյան դաշտի մի անկյունը, ուր իշխում Է մահվան շունչը: Սրի քաշված, հոշոտված հայ մարդկանց անթաղ դիակների մեջ երևում է միայն մի կենդանի արարած՝ խելագար մի կին, որը սարսափահար հայացքը սևեռել Է նկարի խորքից հայտնվող թուրք դահճին: «Թուրքերի գազանությունը» (1919) էսքիզում պատկերված են սպանելու նպատակով ժայռոտ ձորափ բերված հայ կանայք: Նույն թեմային է նվիրված նաև «Մայրերի ողբը» նկարը (պահպանման վայրն անհայտ է): Տնավեր ու գաղթական դարձած հայրենակիցների վիճակը գեղարվեստորեն մարմնավորել է նաև գծանկարիչ Վանո Խոջաբեկյանը (1875- 1922): 1919-ին Թիֆլիսից գալով Երևան՝ նա ականատես է եղել արևմտահայ փախստականների թշվառ վիճակին և այդ թեմայով ստեղծել «Որբանոցը դպրոցի շենքում», «Գաղթը». «Հացի հերթը», «Ջրի հերթ աղբյուրի մոտ», «Գաղթականները». «Գաղթականների պարը Երևանում» նկարները: Ծնողազուրկ երեխաների դառը վիճակին անդրադարձել է նաև գեղանկարիչ Սարգիս Երկանյանը (1870-1950): Թուրքիայի քաղաքականությունը մերկացնող և Մեծ եղեռնին վերաբերող նկարներ Է ստեղծել նաև Միքայել Խունունցը (1883-1931): 1915-ին Թիֆլիսում, «Միշել» կեղծանունով նա հրատարակել է Գերմանիայի, Ավստրո-Հունգարիւսյի, Թուրքիայի դեմ ուղղված մի շարք երգիծանկար բացիկներ, «Տարազ» հանդեսում 1915-ին հրատարակվել են նրա «Հրատապ ափսոսանք հայաստանցիներին», իսկ 1916- ին' «1915» խորագիրը կրող նկարների վերատպությունները: Այդ երկերը, ինչպես և 1917-ին Թիֆլիսում լույս տեսած «Գաղթականական ալբոմ» ("Альбом армян беженцев") գրքի կազմը զարդարող պատկերը, համակված են պաթետիկ շնչով: Ցավից ու մղձավանջից ազատվելու, հույսի ու նոր կյանքի սկիզբը նկարիչն ավետում է «Վերածնված հայուհին» պատկերում:
Հետապնդվող փախստականների, բազմահազար հայ գաղթականների, անապատները քշվող տարագրյալների կարավաններում հյուծված ու մահացող հայերին ներկայացնող նկարների բազմության մեջ ուշագրավ են Թեոդոր Աքսենտովիչի (1859-1938) «Հայ գաղթականները Լեհաստանում» մեծածավալ կտավը (վրձնված է Վենետիկի Մխիթարյանների պատկերասրահի համար) և Իվան (Հովհաննես) Խունունցի հայ գաղթականներին պատկերող նկարաշարը (պահպանման վայրն անհայտ է):
 
 
Գրականության ցանկ
 

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am