ԿԱՅՍՐՈՎ Գավրիլ Իլիև (1874-1958 թթ.), բուլղար պատմաբան, հնագետ: Բուլղարիայի ԳԱ իսկական անդամ: Ավարտել է Լայպցիգի համալսարանի դասական բանասիրության և հին պատմության բաժինը: Հիմնական աշխատությունները նվիրված են Թրակիայի և Մակեդոնիայի պատմությանը: Մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հայ ժողովրդի պատմական ճակատագրի նկատմամբ, հրապարակավ դատապարտել է թուրք ջարդարարների սանձազերծած հայկական կոտորածները, պաշտպանել հայ ժողովրդի պատմական իրավունքները: Կայսրովը հաղորդակից էր հայ ժողովրդի պատմությանն ու հոգևոր մշակույթին, գտնում էր, որ միջնադարի հայ եկեղեցական ճարտարապետությունը նկատելի ազդեցություն է թողել բուլղարական համանման կառույցների վրա: Հայ-բուլղարական ընկերության նախագահն էր: «Հայաստանը և հայկական հարցը պատերազմից առաջ և հետո» (գրքի առաջաբանը, 1927 թ.), «Հին Հայաստանը և հայ ժողովրդի ծագումը» (1929 թ.), «Բուլղարիայի և Հայաստանի պատմական կապերը» (1934 թ.) ուսումնասիրություններում, այլ հոդվածներում ու հրապարակումներում քննել է Հայկական հարցն ու հայերի ցեղասպանությունը, բուլղար ու հայ ժողովուրդների դարավոր բարի հարաբերությունները ևն:

Կ. Ճինգոզյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am