Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Կավկազսկոյե սլովո շաբաթաթերթ

«ԿԱՎԿԱԶՍԿՈՅԵ ՍԼՈՎՈ» ("Кавказское слово"), «Զակավկազսկոյե սլովո», «Սլովո», ռուսերեն շաբաթաթերթ: Հրատարակվել է 1914-21 թթ., Թիֆլիսում: Խմբագիրներ՝ Յու. Սեմյոնով, Վ. Անանով, Մ. Գևորգով, Ի. Դոլուխանով, Ռ. Իոաննիսիան: Բազմաթիվ հոդվածներ է հրապարակել առաջին աշխարհամարտի ռազմական գործողությունների, հայ կամավորական ջոկատների, Արևմտյան Հայաստանում Ռուսաստանի ունեցած տնտեսական Շահերի, Կիլիկիայում տեղի ունեցող իրադարձությունների, փախստականների խնդիրների վերաբերյալ: Հոդվածների և նյութերի զգալի մասը նվիրված է Հայկական հարցին, դրա նկատմամբ մեծ տերությունների դիրքին, հայ ազատագրական շարժմանը, հայ ազգային կուսակցությունների գործունեությանը, Արևմտյան Հայաստանում բարենորոգումների անցկացմանը, Հայաստանի ապագային, Հայաստանի Հանրապետության ներքին իրավիճակին, նրա հարաբերություններին Վրաստանի, Խորհրդային Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ: «Կավկազսկոյե սլովո» մեծ ուշադրություն է դարձրել Ղարաբաղին, հայկական այդ մարգում տեղի ունեցող իրադարձություններին, հրապարակել է Խորհրդային Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեգուրը Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս ճանաչելու վերաբերյալ:

Թերթին գործուն աշխատակցել են Հ. Թումանյանը, Լեոն, Մ. Բերբերյանը, Ա. Ահարոնյանը, Ի. Էրենբուրգը, Վ. Բաքրաձեն, Ա. Գորոդեցկին և ուրիշներ:

Ս. Զաքարյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am