ԿԱՎԵՆԴԻՇ (Cavendish) Ֆրեդերիկ ( ՞ - 1925 թ.), անգլիական հասարակական գործիչ: 1897 թ. հիմնադրել է «Հայաստանի բարեկամներ» կազմակերպությունը և դարձել նրա նախագահը: Լորդ Մեյորզի հայ փախստականների ֆոնդի փոխնախագահն էր: Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների, մասնավորապես՝ հայ ժողովրդի շահերի պաշտպանության մասին Ու. Գլադստոնի լիբերալ կուսակցության գաղափարների համակիրն էր: Կավենդիշը և նրա կազմակերպությունը մեծ օգնություն են ցույց տվել Թուրքիայում կոտորածներից և ջարդերից տուժած հայ բնակչությանը և փախստականներին ինչպես XIX դ. 90-ական թթ. վերջին, այնպես էլ 1915-1920 թթ. ընթացքում: 1913 թ. հունվարի նամակով դիմել է արտգործնախարար Է. Գրեյին՝ պահանջելով օգնել և պաշտպանել հայ ժողովրդին, քանի որ Մեծ Բրիտանիան «կրկնակի պատասխանատվություն» է կրում նրա առջև Բեռլինի դաշնագրի (1878 թ.) և Կիպրոսի կոնվենցիայի պատճառով: Գտնում էր, որ եթե բրիտանական կառավարությունը անհապաղ չձեռնարկի հայերին պաշտպանող միջոցառումներ, ապա նրանց սպառնամ է ֆիզիկական ոչնչացում: 1915 թ. Ջ. Բրայսի հետ ստորագրել է հայ փախստականներին օգնելու խնդրանքով «Թայմս» թերթում տպագրված Բրիտանիայի հասարակայնությանը ուղղված դիմումը:

Ս. Կիրակոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am