Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Կաթողիկոսություն Ամենայն Հայոց

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր և եկեղեցավարչական գերագույն կենտրոնական իշխանությունը: Պաշտոնապես հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելուց (301 թ.) հետո՝ 302 թ., Վաղարշապատում, Կաթողիկե Ս. Էջմիածին տաճարին առընթեր, և ինքն էլ դարձել առաջին պաշտոնական կաթողիկոսը: V դ. վերջից սկսած Կաթողիկոսություն ամենայն հայոց-ի աթոռանիստը, պատմական պայմանների թելադրանքով, հաճախակի տեղափոխվել է Հայաստանի տարբեր քաղաքներ, այնուհետև՝ Կիլիկիա: 1441 թ. Կաթողիկոսություն ամենայն հայոց-ը կրկին վերահաստատվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին): Կաթողիկոսություն ամենայն հայոց-ի հոգևոր գերագահությանն են ենթարկվում տարբեր ժամանակներում կազմավորված Երուսաղեմի, Կ. Պոլսի հայոց պատրիարքությունները: Կաթողիկոսություն ամենայն հայոց-ին են ենթարկվում ավելի քան 30 եպիսկոպոսություններ և թեմեր, որոնք ընդգրկում են Հայաստանում, Ոուսաստանում, ԱՊՀ և եվրոպական երկրներում, Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում գործող հոգևոր կազմակերպությունները:

Հայոց պետականության անկումից հետո Կաթողիկոսություն ամենայն հայոց-ը ակտիվ մասնակցել է երկրի տնտեսական, քաղաքական կյանքի կարգավորմանը, ներկայացրել հայ ժողովրդի շահերը ուրիշ երկրների, ինչպես նաև օտար նվաճողների հետ հարաբերություններում: Թուրքիայի և Իրանի միջև Հայաստանի բաժանումից հետո, երբ ծագել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը՝ ազգային պետականության վերականգնման նպատակով, Կաթողիկոսություն ամենայն հայոց-ը հայ հասարակական-քաղաքական շրջանների հետ զբաղվել է Հայաստանի ազատագրման հնարավոր ուղիների որոնմամբ: XVI-XVIII դդ. եվրոպական երկրների, այնուհետև Ռուսաստանի հետ հարաբերություններում ակտիվ մասնակցություն են ունեցել Կաթողիկոսություն ամենայն հայոց-ի ներկայացուցիչները, այդ թվում՝ կաթողիկոսները: Օրինակ, Հակոբ Դ Ջուղայեցին (1655-80 թթ.), Սիմեոն Ա Երևանցին (1763-80 թթ.) ձգտել են կանխապես ապահովել մեծ տերությունների աջակցությունը՝ օտարերկրյա լծից Հայաստանի ազատագրման համար, Ներսես Աշտարակեցին (1843-57 թթ.) կորովով մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին:

Հայկական հարցի միջազգայնացումով Կաթողիկոսություն ամենայն հայոց-ը, Կ. Պոլսի հայոց պատրիարքությունը ծավալել են եռանդուն գործունեություն՝ ձգտելով եվրոպական պետությունների և Ռուսաստանի օգնությամբ ստիպել օսմանյան կառավարությանը դադարեցնել հայերի հալածանքները, Արևմտյան Հայաստանում իրագործել բարեփոխումներ: 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Կ. Պոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը դիմել է Ռուսաստանի Ալեքսանդր II ցարին՝ քրիստոնյա հավատակից արևմտահայերի պաշտպանությամբ հանդես գալու խնդրանքով: Ն. Վարժապետյանը ջանքեր է գործադրել, որպեսզի 1878 թ. Սան Ստեֆանոյի պայմանագրի մեջ մտնի հատուկ հոդված (16-րդ) արևմտահայերի դրության բարելավման միջոցառումների վերաբերյալ: Դրանից հետո, երբ եվրոպական տերությունները որոշում ընդունեցին Բեռլինում գումարել միջազգային կոնգրես՝ ռուս-թուրքական պատերազմից հետո ստեղծված իրադրությունը քննելու համար, հայոց պատրիարքը 1878 թ. Բեռլինի կոնգրես ուղարկեց մի պատվիրակություն, որին հանձնարարված էր պաշտպանել արևմտահայերի դատը: Բեռլինի կոնգրեսից հետո Կաթողիկոսություն ամենայն հայոց-ը բազմիցս դիմել է եվրոպական տերություններին և Ռուսաստանին՝ հորդորելով նրանց իրագործել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի պայմանները: 1895 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին (Մ. Խրիմյան) Պետերբուրգում հանդիպել է Նիկոլայ II ցարի հետ և ներկայացրել խնդրագիր՝ իրականացնելու բարեփոխումները Արևմտյան Հայաստանում: Թուրքիայում 1894-96 թթ. հայկական կոտորածների ժամանակ Կաթողիկոսություն ամենայն հայոց-ը միջոցներ է ձեռնարկել՝ օգնելու հայ գաղթականներին և պայմաններ ստեղծել հայրենիք վերադառնալու համար: 1912 թ., երբ կրկին արծարծվեց Հայկական հարցը, Կաթողիկոսություն ամենայն հայոց-ը կազմավորեց ազգային պատվիրակություն Պողոս Նուբարի գլխավորությամբ՝ հանձնարարելով եվրոպական կառավարությունների հետ բանակցություններում պաշտպանել հայ ժողովրդի շահերը: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին կաթողիկոս Գևորգ Ե Տփխիսեցին դիմել է ռուսական ցարին՝ խնդրելով օգնություն ցուցաբերել հայ ժողովրդին: Կաթողիկոսություն ամենայն հայոց-ը մասնակցել է հայ կամավորական շարժման կազմակերպմանը, Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ վայրերում հայերի ցեղասպանության ժամանակ և հետո ծավալել լայն գործունեություն՝ օգնելու հայ գաղթականներին:

Հայաստանում խորհրդային վարչակարգի հաստատումից հետո ստեղծված ծանր պայմաններում Կաթողիկոսություն ամենայն հայոց-ը ձգտել է նոր իշխանությունների հետ պահպանել լոյալ հարաբերություններ, հանդիսացել կարևոր օղակ հայ սփյուռքի հետ կապերում: Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա. Մուրադբեգյանը (1932-38 թթ.) դարձել է ստալինյան բռնադատության զոհ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Կաթողիկոսություն ամենայն հայոց-ը կարևոր դեր է խաղացել՝ համախմբելու սփյուռքահայերին ֆաշիզմի դեմ մղվող պայքարում: Պատերազմից հետո հայ եկեղեցին մեծ աջակցություն է ցույց տվել սփյուռքահայերի զանգվածային հայրենադարձությունը Հայաստան իրականացնելու գործին (1946-48 թթ.), վերսկսել է փորձերը Թուրքիային անցած հայկական նահանգները Հայաստանին վերադարձնելու ուղղությամբ: 1945 թ. Գևորգ Զ Չորեքչյանը նամակով դիմել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Անգլիայի և Ֆրանսիայի ղեկավարներին՝ հայոց պահանջատիրության հարցով, 1946-ին, կապված սփյուռքահայերի Հայաստան ներգաղթի հետ, վերստին նույն պահանջներով դիմել է արևմտյան տերություններին:

1960-90-ական թթ. Կաթողիկոսություն ամենայն հայոց-ը Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի գլխավորությամբ ընդարձակել է կապերը հայ սփյուռքի, նրա եկեղեցական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ: Մեծ աշխատանք է կատարում Հայաստանում և նրա սահմաններից դուրս հայկական եկեղեցիների վերականգնման և ուսումնասիրման համար: Հայ եկեղեցուն են վերադարձվել տասնյակ եկեղեցիներ, վանքեր, վերականգնվել մի շարք թեմեր, այդ թվում՝ Արցախի թեմը: Կաթողիկոսություն ամենայն հայոց-ը և նրա թեմերը աջակցում են Հայաստանի Հանրապետությունում հասարակության նորացմանը, հայ ժողովրդի պայքարին՝ պատմական արդարությունը վերականգնելու գործում:

Կ. Խուդավերդյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am